Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համապետական ցուցակներում 32.4 տոկոսը կին-թեկնածուներն են։ 2017 թվականի ընտրություններում այս ցուցանիշը 29․5 տոկոս էր։ Դրա հետ մեկտեղ, տվյալ ցուցանիշն ավելի ցածր է, քան սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններում կանանց ներկայացվածության թվի հետ՝ 36․2 տոկոս։ Պատգամավորների թեկնածուները նոյեմբերի 29-ի մամուլի ասուլիսի ընթացքում պատմել են՝ ինչպես իրենք Ազգային ժողովում հայտնվելու դեպքում կնպաստեն քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության բարձրացմանը։
Գործող օրենսդրության համաձայն՝ կուսակցությունների ընտրական ցուցակների առնվազն մեկ քառորդը պետք է կանայք լինեն։ Այս թիվն, ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Աննա Կոստանյանի՝ սիմվոլիկ է, որն արդեն իսկ որոշակի խնդիր է իրենից ներկայացնում․ «Եթե խոսում ենք գենդերային հավասարության մասին, հենց այստեղից սկսվում են և՛ անհավասար մրցակցային պայմանները, և՛ անհավասար ներկայացվածության հնարավորությունը»։
Կանանց իրավունքների թեման խորքային ուսումնասիրություն է պահանջում նաև օրենսդրական մակարդակով․ «Գործող օրենքը ևս, որն ընդունվել էր 2013 թվականին, եթե նայում ենք դրա բոլոր դրույթները, տեսնում ենք, որ, չնայած արձանագրված է գենդերային հավասարություն, միևնույնն է՝ դրանք իրենցից պռակտիկ գործողությունների դրդում չեն ենթադրում։ Այդ իսկ պատճառով, եթե հայտնվեմ խորհրդարանում, անպայման հետամուտ եմ լինելու հենց այս դրույթների վերանայմանը»։
«Սասնա ծռեր» կուսակցության թեկնածու, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը նախ բացատրեց քննարկմանը հենց ի՛ր ներկայությունը՝ ասելով, որ դա գիտակցված քայլ է, որն արվել է՝ «շեշտելու համար, որ մեզ համար կանանց, իգական սեռի գենդերային խնդիրները երկրորդական նշանակություն չունեն»։
Ըստ նրա՝ կանանց իրավունքների խնդիրը պետք է դիտարկել հասարակության և պետության ներսում հարաբերությունների շրջանակներում․ «Շատ խնդիրներ կան ուղղակի կանանց իրավունքների հետ կապված, բայց շատ-շատ կարևոր է գիտակցել, որ դրանք չպետք է առանձնացնել պետության ներսում մնացած խնդիրներից, այսինքն՝ ընդհանրապես, հավասարության, արժեհամակարգային խնդիրներից»։
«Մենք» դաշինքի թեկնածու Լուսինե Զակալաշվիլին հայտարարել է, որ թե՛ դաշինքի անդամներ հանդիսացող «Ազատ դեմոկրատներ», թե՛ «Հանրապետություն» կուսակցությունների դիրքորոշումը կանանց ներգրավվածության վերաբերյալ միշտ դրական է եղել։ Դրա մասին է, ըստ նրա, խոսում կին փոխնախագահ ունենալը։ «Ընտրությունների առումով մենք եղել ենք այն ուժերից, որոնք առաջարկել են 25 տոկոսը 30 դարձնել և հետամուտ ենք լինելու, որ ավելանա այդ տոկոսի չափը»։
Դաշնակցական նախկին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը նկատել է, որ զարգացած երկրներն այսօր այլևս քվոտայի մասին չեն խոսում, որովհետև դա համարում են արհեստական խնդիր։ «Արդեն խոսվում է կանանց ներուժի օգտագործման մասին՝ բոլոր ոլորտներում։ Երբ ես 4-րդ գումարման ԱԺ֊ում պատգամավոր էի, ընդամենը 11, թե 12 կին կար, այսինքն մենք առաջընթաց ապրել ենք, բայց գործադիրում դեռևս նվազագույն տոկոս է կազմում կանանց ներգրավվածությունը»։
Այնուհետև Առաքելյանը ասել է, որ կանանց ներգրավվածությունը չպետք է ինքնանպատակ լինի, քանի որ, ի վերջո, քաղաքականության մեջ պետք է այն կանայք ներգրավվեն, որոնք բավարար ներուժ ունեն․ «Ո՛չ միայն բարձրագույն կրթություն, ո՛չ միայն համապատասխան ինտելեկտ, կարդացվածություն, այլ պիտի ունենան քաղաքական մտածողություն, աշխարհընկալումը պետք է փոքր-ինչ տարբեր լինի, որովհետև իրենք երկրի թիվ մեկ ամբիոնից պիտի խոսեն իրենց երկրի մասին, երկիր ներկայացնեն»։
Հասարակության մեջ կարծրատիպերի կոտրման անհրաժեշտության մասին է խոսել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, Երևանի ավագանու անդամ, նախկին լրագրող Գայանե Աբրահամյանը։ Դաշինքի ծրագրում այս հարցի վրա է շեշտը դրված, իսկ կանանց իրավունքներին վերաբերող հիմնական հատվածն ընկել է հե՛նց կրթական բարեփոխումների բաժնի հիմքում։
«Մյուս կողմից, «Իմ քայլը» դաշինքի ծրագրային արժեհամակարգի առանցքային դրույթը, որը ծրագրի հե՛նց սկզբում է ներկայացված, միանգամից խոսում է կանանց և տղամարդկանց իրավահավասարության կարևորագույն սկզբունքի մասին»։
Նա նաև պատասխանել է իր դաշնակցական գործընկերոջը․ «Հղում անելով նախկին խոսակցություններին, ելույթներին, սխալ է այն դիսկուրսը, որ քվոտաները չպետք է լինեն ինքնանպատակ և այն կանայք պետք է ներգրավված լինեն քաղաքականության մեջ, որոնք պատրաստ են, կրթական ցենզ ունեն և այլն։ Մենք սովորաբար դրա մասին չենք խոսում տղամարդկանց դեպքում։ Այսինքն՝ մենք անընդհատ շեշտադրում ենք, որ կանայք պետք է պատրաստ լինեն։ Ապրիորի քաղաքականության մեջ մտնելու համար բոլորը պետք է պատրաստ լինեն։ Նախորդ մեր խորհրդարանական ամբողջ պատկերը ցույց էր տալիս, որ մենք դիտարկում էինք խորհրդարանը որպես որոշակի անձեռնմխելիություն ապահովելու հարթակ, և այստեղ կանանց ներգրավվածությունը կարող էր, այո, արհեստական լինել, որովհետև շատ կանայք՝ նաև կրթական որոշակի ցենզ ունեցող կանայք, խուսափում էին ա՛յդ քաղաքական համակարգ մտնելուց։ Շատ կարևոր է, որ այսօր իրավիճակը փոխվել է այնպես, որ կանայք իրե՛նք են հայտ ներկայացնում»։
«Ազգային առաջընթաց» կուսակցության պատգամավորի թեկնածու Լուսինե Հարոյանը նշեց, որ մենք փաստացի ապրում ենք հայրիշխանական իրականության մեջ։ Օրինակ բերելով օրենքի այն կետը, որը սահմանում է, թե կանանց ներգրավվածությունը քանի տոկոս պետք է կազմի, Հարոյանը հարց բարձրացրեց՝ ինչի՞ համար է այդ օրենքը․ «Դա նշանակում է, որ ի սկզբանե կանանց իրավունքները, դերը թերագնահատված է։ Նրանց համար հատուկ ստեղծվել է օրենք, որպեսզի գոնե որոշ չափով կոմպենսացվի դա։ Իսկ եթե հասարակությունում նման խնդիր չլինի, ուրեմն, նման օրենքի կարիք էլ չի լինի»։