հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մեդիա / ՀՀՌԽ նոր նախագահ․ «Մամուլը որպես տեղեկատվությունը տեղ հասցնող խողովակ այդքան էլ հուսալի չէ»

ՀՀՌԽ նոր նախագահ․ «Մամուլը որպես տեղեկատվությունը տեղ հասցնող խողովակ այդքան էլ հուսալի չէ»

Այսօր՝ ապրիլի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (նկարում) կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը ամփոփեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Ուսումնասիրելով մասնակցության հայտ ներկայացրած 23 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 9-ը մասնակցի: Փակ-գաղտնի քվեարկությամբ մրցույթի հաղթող է ճանաչվել «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ռեժիսոր Արա Շիրինյանը։ Որոշումը կներկայացվի վարչապետի հաստատմանը:

62-ամյա Արա Շիրինյանը նախորդ 15 տարիներն «Շողակաթ» հեռուստաընկերության ռեժիսորն էր։ 1999-ին հիմնադրել է «Վերսուս» ստուդիան։ Աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնում և Հայաստանի պետական հեռուստատեսությունում։

2000 թվականից «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության/Հայաստանի հետաքննող լրագրողների ասոցիացիայի անդամ է։

Թավշյա հեղափոխույունից հետո media.am-ին տված հարցասզրույցում Շիրինյանը, մեկնաբանելով մի շարք ԶԼՄ-ների ղեկավարների՝ լրատվական դաշտում «նկատելի մտահոգիչ միտումների մասին» հայտարարությունը, մասնավորապես ասել է, որ դա անհիմն դժգոհություն է, և մամուլը Հայաստանում աշխատում է հին իներցիայով՝ կրկնելով նախորդ իշխանությունների օրոք ձեռք բերած հնարքները: «Նոր իշխանությունները գերադասեցին անմիջականորեն շփվել հասարակության հետ սոցիալական մեդիայի միջոցով, որովհետև բոլորս գիտենք, որ մամուլը որպես տեղեկատվությունը տեղ հասցնող խողովակ այդքան էլ հուսալի չէ», – ասել է նա:

Հիշատակված հայտարարությունը ստորագրել էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Սաթիկ Սեյրանյանը, ՀՀՌԽ նախագահի թեկնածու, «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր  Արմինե Օհանյանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, «Իրատես» թերթի խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանը, Yerevan.Today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը, «Փաստարկ» ակումբի ղեկավար Տիգրան Սիմոնյանը։