Home / Ազգային ժողով / Ինչպե՞ս է փոխվել վարչապետի դիրքորոշումը նույն օրենքի վերաբերյալ

Ինչպե՞ս է փոխվել վարչապետի դիրքորոշումը նույն օրենքի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը կողմ է օրենքի այն կարգավորմանը, որին դեմ էր 5 տարի առաջ, հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։

«Մայիսի 2-ին կառավարության հերթական նիստում քննարկման դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հավանության չարժանացավ կառավարության կողմից, ավելին՝ վարչապետի մեկնաբանությունը նախագծի վերաբերյալ, մեղմ ասած, տարօրինակ է։

Ի՞նչ օրենքի մասին է խոսքը

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանին վերաբերող հարաբերությունները:

Ըստ այս դրույթի՝ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

Այլ կերպ ասած՝ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանը ներառում է ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ինստիտուտների ծախսերի վերաբերյալ տեղեկությունները:

Նախագծով առաջարկվում էր «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների միջոցով բարձրացնել իշխանությունների՝ հասարակության նկատմամբ հաշվետվողականությունը և հրապարակել Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները։

Ի՞նչն է խեղաթյուրվել

Վարչապետն օրենքի նախագիծը ներկայացրեց այսպես․ «․․․այսինքն հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում գրել, երթուղիները գծել, գրել, թե ի՞նչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի՞ անվտանգության ծառայող է ուղեկցում, ո՞վ է ամենալավ կրակողն ու ամենավատ կրակողը և կից խորհրդատվություն, թե ո՞նց ա ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պաշտոնյաների նկատմամբ․․․»։

Իրականում օրենքի նախագիծը բոլորովին այլ բան էր նախատեսում։ Նիկոլ Փաշինյանը, խեղաթյուրելով նախագծի բովանդակությունը, այն ներկայացրեց որպես կատարվելիք ծախսերը բացահայտող նախագիծ, այլ ոչ թե արդեն իսկ կատարված ծախսերը վերահսկող գործիք, ինչն ակնհայտ մանիպուլյացիա է վարչապետի կողմից։

Ակնհայտ է, որ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած նախագիծը չէր վերաբերում ապագայում կատարվելիք ծախսերին և հիմնավորվում էր պետական մարմինների հաշվետվողականությամբ, հասարակական վերահսկողության և լրագրողական հետաքննության տեսանկյունից առավել թափանցիկ լինելով։

Հաշվի առնելով այս ամենը՝ առնվազն տարօրինակ էր վարչապետի մեկնաբանությունը, որից կարելի է ենթադրել, որ կա՛մ վերջինս ճիշտ չէր ընկալել նախագծի բովանդակությունը, կա՛մ միտումնավոր էր խեղաթյուրում այն։

Դեռևս 2014 թվականին, երբ կառավարությունն Ազգային ժողով ներկայացրեց այս օրենքում առաջարկվող փոփոխությունները, որի արդյունքում վերոհիշյալ պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները համարվեցին պետական գաղտնիք և հրապարակման ոչ ենթակա, ԱԺ բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ նաև Հայ ազգային կոնգրեսը (որի կազմում էր նաև Նիկոլ Փաշինյանը), դեմ էին արտահայտվել այս նախագծին։

Այսօր արդեն ունենք տրամաբանորեն հակառակ պատկեր, երբ Նիկոլ Փաշինյանն է կողմ օրենքի այն կարգավորմանը, որին դեմ էր 5 տարի առաջ», – նշում են հաղորդագրության հեղինակները։