Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Ջաղինյանը եւ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ինչպես նախկինում, այսօր էլ իշխանության պաշտպանության ներքո են:
Թե ով է Քննչական կոմիտեից պահանջում փակել Հանրայինի գործը, դեռեւս հայտնի չէ: Տարբեր պաշտոնյաների անուններ են տալիս` փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ԱԺ փոխնանագահ Ալեն Սիմոնյան, Ռուսաստանից ինչ-որ ազդեցիկ մարդիկ, բայց դա հիմա էական չէ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորընտիր նախագահ Արա Շիրինյանը երեկ խորհրդարանում ասաց, որ չի կարծում, թե Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի մասին նախկինում հնչած բոլոր մեղադրանքներն ունեին լուրջ հիմքեր:
Քանի որ Հանրայինի մասին «Հետքն» էլ է գրել, եւ դեռ շարունակում ենք ուսումնասիրել մի կերպ հայթայթվող փաստաթղթերը, որպեսզի վերջնականորեն պարզենք մեխանիզմը, որով մսխվել են Հանրայինի միջոցները, ենթադրում եմ, որ Արա Շիրինյանը գուցե չի տիրապետում Հանրայինում տիրող վիճակին:
Քննչական կոմիտեն մեզ հայտնել է, որ վնասը կազմել է 183.598.200 դրամ, որից 174.728.700 դրամը վերականգնել է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը, իսկ 8.869.500 ՀՀ դրամի չափով վնասը վերականգնել են շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունները:
Իսկ գիտե՞ք, թե դա ինչպես է վերականգնվել. Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 174.728.700: Այլ խոսքով, Կառավարությունն իր վրա է վերցրել պետությանը հասցված վնասը:
Ֆինանսների նախարարությունը պարզել է, որ Հանրային հեռուստաընկերությունը դրամաշնորհային պայմանագրերով 2015-2016թթ. տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է մոտ 5 մլն դոլարի (2 մլրդ 400 մլն դրամ) պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար: Ֆինանսների նախարարության մեր աղբյուրն ասում է, որ ուսումնասիրության արդյունքում իրական չարաշահումների իրական ծավալը ավելի մեծ է եղել, սակայն ինչ- ինչ գործընթացների արդյունքում այն դարձել է 183,5 մլն դրամ:
Այդ փաստաթղթերի բոլոր պատճեները Քննչական կոմիտեում են, բայց այնտեղ որոշել են ոչինչ չպարզել: Երեւի առաջիկայում գործը կկարճվի հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ:
Էդիկ Բաղդասարյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ