«Արժանանում եմ տարիներ շարունակ բողոքի ակցիաներին մասնակցող մայրերի ճակատագրին, որովհետև, չնայած իմ ձեռքի տակ եղած այսքան փաստերին, իրանք նորից կոծկում են»։ Այս մասին Հայաստանի հյուսիս֊արևելքում գտնվող «Մեհրաբ» զորամասում 2018 թվականի մայիսին մահացած ժամկետային զինծառայող Լևոն Թորոսյանի մայրը՝ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի Արմենուհի Պողոսյանն ասաց կառավարության շենքի մոտ ընթացող բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հերթական բողոքի ցույցի ժամանակ։
«Շուրջ մեկ տարի է մասնակցում եմ ծնողների բողոքի ակցիաներին՝ պահանջելով արդարություն, բայց ոնց տեսնում եմ՝ նոր Հայաստանում չի փոխվել ոչինչ։ Եթե երկրի գլխավոր դատախազն է հանցագործ, էլ ումից ինչ ենք պահանջում», ֊ ասաց Պողոսյանը։
Իսկ գործերն ուսումնասիրող հանձնաժողովը, մայրերի համոզմամբ, ոչ թե պետք է լուծարել, այլ պատասխանատվության ենթարկել դրա կազմում ընդգրկվածներին։
Արմենուհի Պողոսյանի խոսքով՝ նշված զորամասում տարիներ շարունակ զինվորներ են սպանվում, սակայն ոչ֊ոք պատասխանատվության չի ենթարկվում․ «Նախաքննության փուլում գտնվող գործը կոծկում են, դարձնում ինքնասպանություն»։
Կինը պատմեց, որ Հոկտեմբերյանում ուսումնական դասընթացներից հետո էր որդին հայտնվել զորամասում․ «Մեկ շաբաթ էր, որ գնացել էր, գլուխը կերան դիրքերում»։ Ընտանիքը համզոված է, որ սպանությունը տեղի էր ունեցել Լևոնի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ։
Զինծառայողը մշտապես խնդրել էր ծնողներին փոխել նրա ծառայության վայրը․
«Իրա տականք կապիտանից՝ գումարտակի, դժգոհել էր։ Ամուսինս խոստացավ, որ մարդ ենք գտել՝ գումարտակը փոխենք, որ էլ կոնֆլիկտ չունենա էդ տականքության հետ։ Ամուսինս հեռախոսը փոխանցեց ինձ, երկու բառ չենք փոխանակել, խոսքը մնաց բերաններումս, ու էրեխեն գոռում էր՝ մամ, մամ։ Մարդասպաններից մեկն էր անջատել հեռախոսը»։
Հարուցված քրեական գործում, սակայն, կապիտանի անունը որևէ կերպ չի հիշատակվում։
«Կայազորի քննիչ, տականք Աբազյան Կառլենը հեռախոսի փաստն էլ էր թաքցնում։ Մենք պարզեցինք, որ Հակոբյան Գևորգ Կոմիտասի հեռախոսով էր էրեխեն զանգել։ Իրենք ասում են՝ Լևոնը խոսել, վերջացրել էր, բայց մեր զրույցը չէր ավարտվել, այլ բռնի կերպով ընդհատվել էր։ Բայց դեպքը որակել են ինքնասպանություն։ Քննչական մարմինները թաքցրել են, որ իմ էրեխեն խոսացել էր ծառայակցի՝ Գևորգ Կոմիտասի Հակոբյանի հեռախոսով։ Ու հեռախոսի միջից ես լսել եմ որդուս կանչող ձայնը։ Ես չեմ անջատել զանգը։
Իմ որդու վրա թիկունքից են հարձակվել։ Մեկ ժամ հետո զանգում են իրանք, ասում՝ գիտեք ինչ կա, ձեր էրեխեն․․․ Ըստ երևույթին, մարդասպաններից մեկը լսել էր, որ ես գոռում եմ «Լևոն ջան, ձենդ ինչի՞ ա խորքից գալիս»։ Մտածել են՝ մոր հետ ա խոսում, կասենք՝ ինքնասպան էր եղել։ Իբրև թե հայտնաբերել են դիտակետի մոտ՝ գնդացիրի վրա հենված։
Ինքնասպանության հոդվածը դրել եք՝ ո՞ւր է դրդողը, ո՞վ է ինքնասպանության հասցրել։ 9 զինվոր է եղել դիրքերում, որից մեկն իմ երեխեն էր եղել, 8-ը հոգու մեջ չե՞ն կարողանում պարզել՝ ո՞վ է եղել»։
Պողոսյանի խոսքով՝ որդին սեռական օրգանների շրջանում հարված էր ստացել, իսկ հագուստն ամբողջովին քրքրված էր․ «Ինքնասպան եղած զինվորի զրահաբաճկոնի թիկունքի մասը քրքրված կլինի՞։ Իմ էրեխուն քարշ տալով տարել են դիտակետ, գնդացիրը դրել կզակի տակ, սարքել ինքնասպանություն։ Եթե իմ էրեխեն ինքնասպան է եղել, ինչի՞ զենքի վրա մատնահետք չկա»։
Թորոսյանի գործը ԱԱԾ֊ում է գտնվում, որը ՀՀ վարչապետի ենթակայության տակ է և որը, կնոջ խոսքով, ոչինչ չի անում։ Այսպիսով, հավաքվածները կառավարության ղեկավարի հետ հանդիպում են պահանջում։
«Վերջին հանդիպումը Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո էր։ Խոստացել էր ամեն ինչ անել՝ գործերը պատշաճ ձևով քննելու համար», ֊ ասում են հավաքվածները՝ շեշտելով, սակայն, որ գործնականում ոչինչ չի արվում։
2007 թվականի օգոստոսի 30-ին մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը նշեց, որ նախկին պաշտպանության նախարարներից հետո մնացած «բարդակ» վիճակը շարունակվում է․ «Օհանյանը ո՞ւր է հիմա, Միքայել Հարությունյանը ո՞ւր է, որ սպանեց իմ էրեխուն ու փախավ։ Է՛ս է մեր պետությունը։ Հետ բերեք, կախաղան հանեք, որովհետև սրանից հետո ձեր երեխեքին է հասնելու։ Մենք մեր երեխաներին հետ չենք բերի»։