Ռուսաստանի Ռոստովի մարզի Կամենսկ֊Շախտինսկի քաղաքում երկրորդ վրանային ճամբարն են հիմնում Ուզբեկստանի քաղաքացիների համար։ Ճամբարը նախատեսված է շուրջ երկու հազար մարդու համար։ Այժմ այնտեղ են գիշերում մոտ 600 քաղաքացիներ, բայց տարածքը չի հերիքում․ հարյուրավոր մարդիկ ստիպված են փողոցում քնել։ Նոր ճամբարը դեռևս էլեկտրաֆիկացված չէ։
Համավարակի կանխարգելման նպատակով սահմանները փակելու պատճառով Դոնի Ռոստովի Պեռվոմայսկի երկաթգծի կայարանի մոտ շուրջ երեք հազար Ուզբեկստանի քաղաքացիներ վրանային ճամբար էին հիմնել․ սպասում են հայրենիք վերադառնալու իրենց հերթին։
Վրանային ճամբարում ապրում են Հյուսիս֊կովկասյան և Հարավ֊կովկասյան շրջաններից սեզոնային գյուղատնտեսական աշխատանքների համար Ռուսաստան ժամանած գաղթականները։ Նախկինում աշխատանքների ավարտից հետո նրանք հայրենիք վերադառնում էին մեքենաներով ու ավտոբուսներով։ Այս տարի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով մեքենաներով Ուզբեկստան հասնել հնարավոր չէ։
Վրանային ճամբարում փորձում են կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Խմելու ջուրն ու սնունդը ապահովում են Ռոստովում բնակվող Ուզբեկստանի քաղաքացիները։ Որոշ բարերարներ ապահովում են էլեկտրոէներգիան։ Տեղադրվել են բիոզուգարաններ։ Բժշկական օգնություն ստանալու հնարավորություն ճամբարաբնակները չունեն։
Փրկարար ծառայության աշխատակիցները սեպտեբերի 14-ից աշխատում են նախկին ստադիոնի տարածքում երկրորդ վրանային ճամբարը հիմնելու ուղղությամբ։ Ճամբարի մոտ հերթապահություն են իրականացնում մի խումբ ոստիկաններ։
«Ճամբարն այժմ կազմված է 16 վրաններից։ Դրանց տեղադրումը սկսվել է սեպտեմբերի 14-ին։ Վրաններում արդեն շուրջ 600 մարդ է ապրում, քաղաքացիները ցուցակագրված չեն», – «Կավկազսկի ուզելին» պատմել է Արտակարգի իրավիճակների նախարարության աշխատակիցը։
Նրա խոսքով, ճամբարը նախատեսված է 2000 մարդու համար․ «Մոսկվայից էլի վրաններ, ծածկոցներ ու մահճակալներ կբերեն։ Մոտ օրերս կլուծվի էլեկտրաէներգիայի հարցը։ Մի քանի բիոզուգարաններ են տեղադրվել, բայց դրանք դեռևս բավարար չեն։ Երկու հատուկ մեքենաներ աշխատում են հարակից տարածքները վրանների տեղադրմանը պատրաստելու ուղղությամբ»։
Ճամբարի բնակիչները բողոքում են, որ քնելու տեղերը բավարար չեն, ոմանք փողոցում են գիշերում։ «Ծածկոցներ չկան, գիշերը շատ ցուրտ է։ Շինարարական խանութից տաքացնող նյութեր էինք բերում, բայց դրանք էլ սպառվեցին», – նշում է ճամբարաբնակներից մեկը։
«Մարդիկ ծածկոցներ ու տաքացնող շինանյութեր են պատվիրում։ Ես մի ամբողջ խմբաքանակ բերել էի, բայց վերջացավ։ Խանութում էլ չի մնացել։ Երեք կտոր կար՝ տվեցի մարդկանց։ Վաղը Կամենսկ֊Շախտինսկի կմեկնեմ, էլի կբերեմ», – պատմում է ճամբարականներին շինմթերք մատակարարող գործարարը։
Նա նշում է, որ ճամբարի տարածքում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան․ «Մարդիկ չեն կարողանում հեռախոսները լիցքավորել։ Ես մի գեներատոր եմ բերել, դրանով թեյ ենք պատրաստում, միկրոալիքային վառարա ենք միացնում։ Եվս մեկը կբերեմ՝ այլ կարիքների համար»։
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Դաղստանի և Ադրբեջանի սահմանին։ Հայրենիք վերադառնալ ցանկացող Ադրբեջանի քաղաքացիների համար Դերբենտի և Մագարամքենթի շրջանների սահմանին ժամանակավոր կացարան է ստեղծվել։ Ամեն շաբաթ սահմանափակ թվով մարդկանց սահմանն անցնելու հնարավորություն է տրամադրվում։ Հավաքվածների մի մասը որպես բողոքի նշան հացադուլ է իրականացնում։