Պետական եկամուտների կոմիտեն չի պատրաստվում հետաձգել հագուստի ու կոշիկի մաքսազերծման նոր կարգի ներդրման ժամկետները։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ընթացքում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշել է, որ նոր կարգը, ըստ որի ներկրվող հագուստն ու կոշիկները մաքսազերծվելու են ոչ թե կիլոգրամով, այլ հատով, նախատեսված է եղել ներդնել 2020 թվականի ապրիլի 1-ից։ Այսինքն՝ անցման ժամկետներն առանց այդ էլ երկարաձգվել են․ «Բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: ․․․Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ եթե այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգումը», – ասել է ՊԵԿ նախագահը։
Կիլոգրամներով մաքսազերծումը մաքսային ձևակերպումների մասով եղել է ընդամենը ժամանակավոր լուծում և անցումային փուլի համար նախատեսված մոտեցում, դեռևս սեպտեմբերի 15-ի ճեպազրույցի ընթացքում ասել էր Հովհաննիսյանը։ Նոր կարգը, ըստ նրա, մաքսազերծման պրոցեսը ընդհամենը համապատասխանեցնում է գործող օրենսդրական պահանջներին։ Տնտեսվարողների հետ բանակցությունների ընթացքում սակագները արդեն իսկ վերանայվել են․ ըստ ՊԵԿ նախագահի՝ դրանց վերաբերյալ առարկություններ լինել չեն կարող։
Առարկություններ, սակայն, կան։ Հագուստ ու կոշիկ ներկրողներն օրեր շարունակ բողոքում են, որ նոր կարգի ներդրումը ոչ միայն բարդացնելու է մաքսազերծման ընթացքը, այլև թանկացումների է հանգեցնելու՝ մոտ 6 անգամ։
Բողոքի ցույցի մասնակիցների հետ ավելի վաղ հանդիպել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ով լրագրողներին հայտնել էր, որ սակագները 6 անգամ թանկացնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ մաքսազերծման ընթացակարգի փոփոխության հետ միասին վերանայվել են նաև գները, մաքսազերծման գինը այժմ ավելանալու է ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ: Ընտ նրա, նոր կարգին անցում կատարելուց առաջ տնտեսավարողներին արդեն իսկ նախապատրաստվելու ժամանակ էին տրվել: Բոլորը նախօրոք տեղեկացված են եղել։
Տնտեսվարողները, սակայն, ՊԵԿ-ի մոտեցման հետ համաձայն չեն։ Հարկային նոր բեռի ավելացումը, ըստ նրանց, խորացնում է համաճարակի ստեղծած ճգնաժամը, և բարդ դրության մեջ դնելու ոչ միայն տնտեսվարողներին, այլև սպառողներին։ Նրանք պահանջում են առնվազն մեկ տարով հետաձգել նոր կարգի ներդրումը։