Նախօրեին Ազգային ժողովը «հրատապ կարգով»՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության հեղինակած նախագիծը, որով բարձրացվում են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» համար գանձնվող դրոշմանիշային ամենամսյա վճարեմերը (1000 դրամները)։ Նախկինում բոլորը վճարում էին ամսական 1000 դրամ, այժմ վճարելու են 1500-ից մինչև 15 000՝ կախված եկամուտի չափից։ Բարեփոխման հեղինակներն այն ներկայացնում են իբրև «կիսապրոգրեսիվ», մինչդեռ ներդրված նոր համակարգն իր բնույթով ուղիղ ռեգրեսիվ է։ Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիությունը բացատրում է՝ ինչու է օրենքը անարդար և ինչպես է ստացվում, որ այն թիրախավորում է առավելապես ցածր եկամուտ ունեցողներին։
Արհմիության հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․
— Ընդամենը երեք ամիս առաջ կնքվեց աշխատանքային ոլորտում սոցիալական գործընկերության՝ Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը` ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության միջև։
Պայմանագիրը սահմանում է՝ «Կողմերը պայմանավորվում են, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, բացառությամբ հրատապ կարգով որոշումների ընդունում պահանջող նախագծերի, ներկայացվում են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքին՝ մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը»։
Չնայած դրան՝ առանց սոցիալական գործընկերների հետ որևէ քննարկումների, խախտելով իրենց իսկ կողմից ստորագրված պայմանագիրը, Կառավարությունը դեկտեմբերի 22-ին հապճեպ կարգով որոշում է ընդունել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին, որն արդեն երեկ Ազգային Ժողովն ընդունեց որպես օրենք։
Ընդունված օրենքով նոր ֆինանսական բեռ ավելացվեց աշխատողների վրա։ Բավական չէ, որ տարիներ շարունակ տեղի չի ունեցել աշխատավարձի ավելացում մասնավորապես պետական ոլորտի ու ՏԻՄ-երի աշխատողների մոտ, այժմ, ըստ օրենքի, 100-ից 200 հազար դրամ եկամուտ ունեցող աշխատողները պետք է վճարեն 3000 դրամ, իսկ 200-ից մինչև 500 հազար եկամուտ ունեցողները՝ 5500 դրամ «դրոշմանիշային վճար»։
Անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ 1 միլիոն աշխատավարձ ստացող անձին պարտադրում են վճարել աշխատավարձի 0․85%-ը, իսկ 200 000 դրամ աշխատավարձ ստացողին՝ 2․75%-ը։ Սույնով թիրախավորվում են ավելի ցածր եկամուտ ունեցողները։
Անկասկած, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ( 1000+) պետք է անխափան գործի, ոչ մի տուժած զինվոր կամ նրա ընտանիքի անդամ չպետք է մնա առանց փոխհատուցման, սակայն, պետությունն է, որ պետք է ապահովագրի իր զինվորներին։ Ինչպես միշտ՝ պետական համակարգերն աշխատացնելու փոխարեն, պետական մակարդակի խնդիրները լուծվում են անհատի գրպանի միջոցով։
Աշխատողները մեղավոր չեն, որ իշխանությունները հրահրում են պատերազմներ՝ առանց ապահովելու զինվորների պաշտպանվածությունն ու անվտանգությունը, առանց համապատասխան համակարգեր ու ենթակառուցվածքներ ստեղծելու։ Համոզված ենք, որ բազմաթիվ աշխատողներ իրենց կամավոր ներդրումը կունենան այս կարևոր գործում, բայց այն օրենքով պարտավորեցնելը անթույլատրելի է, նաև՝ հակասահմանադրական։
Հատկապես ճգնաժամի և դրանից դուրս գալու ժամանակ չափազանց կարևոր է ժողովրդավարությունը և հանրության սոցիալական բեռի թեթևացումը, այնինչ իշխանությունները անտեսում են թե՛ մեկը, թե՛ մյուսը։
Հետևաբար, պայքարելու ենք այս օրենքի դեմ։