Դրոշմանիշային վճարների (1000 դրամների) մասին նոր օրենքը, ըստ Պետհիմնարկների ճյուղային արհմիության, ընդունվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի խախտմամբ, առանց քննարկումների և չհիմնավորված հրատապությամբ։ Մինչդեռ բիզնեսի և գործատուների հարկային պարտականությունները շարունակաբար նվազում են և թեթևանում՝ նոր օրենքը հերթական անհամաչափ հարկային բեռն է դնում աշխատողների (հատկապես միջին և առավել խոցելի հատվածի) վրա, վստահ է Արհմիությունը։
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհեստակցական միությունը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Գրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 5-ին վարչապետի, արհմիությունների կոնֆեդերացիայի և գործատուների միության միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրն, ի թիվս այլի, ամրագրում է, որ գործատուների և աշխատողների շահերի առումով էական նշանակություն ունեցող իրավական ակտերի նախագծերը, բացառությամբ հրատապություն պահանջողների, պետք է ներկայացվեն եռակողմ հանձնաժողովի կարծիքին՝ մինչև դրանց ընդունումը։ Դրոշմանիշային վճարների մասին այս օրինագիծը, սակայն, մշակվել, Կառավարության կողմից հաստատվել և Ազգային ժողովի կողմից հապճեպորեն ընդունվել է սոցիալական գործընկերների հետ առանց որևէ քննարկման։
«Ավելին, օրենքը նույնիսկ հանրային քննարկման պատշաճ չի ներկայացվել․ նոյեմբերի 5-ին իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» համակարգում տեղադրվել է օրենքի նախագծի բոլորովին այլ տարբերակ, որտեղ առաջարկվում էր դրոշմանիշային վճարը բոլորի համար սահմանել 3000 դրամ»։։
Դեկտեմբերի 29-ին ընդունված նախագիծն էապես տարբերվում է e-draft-ում ներկայացվածից․ համահարթի փոխարեն այստեղ սահմանվել են «ռեգրեսիվ» դրույքաչափերով դրոշմանիշային վճարներ։ Եթե նախկինում բոլորը վճարում էին 1000 դրամ, ապա այժմ վճարելու են 1500-ից մինչև 15 000՝ կախված եկամուտի չափից։ Նախագծի հեղինակներն այս փոփոխությունը փորձում են ներկայացնել իբրև «կիսապրոգրեսիվ», մինչդեռ այն ուղիղ ռեգրեսիվ է։ Ավելի վաղ այս մասին հայտարարություն էին տարածքել Պետհիմնարկների արհմիությունը և «Սև բիբար» կոլեկտիվը՝ կրկին բացատրելով, որ «որքան շատ եկամուտ ունես, այնքան ցածր տոկոս ես վճարում» տրամաբանությունը (կիսա)պրոգրեսիվ համարվել չի կարող։
Վարչապետին ուղղված գրության մեջ արհմիությունը նորից շեշտում է՝ օրենքն անհրաժեշտ է վերանայել։
«Չի կարելի պետության բոլոր ձախողումների պատասխանատվությունն անընդհատ դնել աշխատողների վրա։ Առանց այդ էլ պետական բյուջեի շուրջ 1/3 մասը ձևավորվում է աշխատողների վճարված եկամտահարկից, և պետության պատասխանատվությունն է ավելի արդյունավետ ու պատասխանատու կառավարել պետական եկամուտները՝ անհրաժեշտ պետական ծախսերն ապահովելու համար։
Պետական ծախսերի անհրաժեշտությունը վերջին տարիներին առավել պահանջված է դառնում, ինչի մասին վկայում են մանավանդ 2020թ․ թվականին վրա հասած երկու ճգնաժամերը, սակայն համակարգային լուծումների փոխարեն պետական ծախսերի բացը պետությունը փորձում է լրացնել ամեն առանձին խնդրի համար ստեղծվող առանձին հիմնադրամների կամ հաշվեհամարների միջոցով՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, Հայաստան համահայկական հիմնադրամ, “COVID-19 կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության” հաշվեհամար և այլն։ Ավելին, դրա հետ մեկտեղ՝ 2019թ․ ներդրվեց համահարթ հարկման համակարգը, որով զգալիորեն պակասեցվեց եկամտահարկը, իջեցվեց նաև շահութահարկը։
Եթե պետական բյուջեն չի բավարարում անհրաժեշտ ծախսեր կատարելու համար, գուցե կարիք չկար նվազեցնելու եկամտահարկերի ու շահութահարկի դրույքաչափերն ու անցնել համահարթ հարկման։ Բացի այդ, հարկավոր է որոշակի սոցիալական պատասխանատվություն դնել նաև մասնավոր ոլորտի ու գործատուների վրա, այլապես ստացվում է, որ պետության բեռը դրվում է միմիայն աշխատողների ուսերին։ Գործատուների վրա սոցիալական պատասխանատվություն դնելու անհրաժեշտությունը հաստատվել է աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնության միջազգային փորձով և կարծում ենք «հեծանիվ հայտնագործելու» կարիք չկա», – ասված է գրության մեջ։
Պետությունը, ըստ Արհմիության, շարունակում է նվազեցնել գործատուների վրա դրված սոցիալական պարտականությունները, հետևաբար՝ նաև բյուջետային եկամուտները՝ միաժամանակ պետական պարտականությունները տեղափոխելով «հիմնադրամային» դաշտ։
«Համարում ենք, որ գրեթե 30% աղքատություն, աղքատ աշխատողներ և աշխարհում ամենաբարձր գործազրկության ցուցանիշներից մեկն ունեցող, առողջապահական ապահավորագրության համակարգ չունեցող և մոտ 130 հազ․ դրամ մաքուր միջին աշխատավարձով երկրում անթույլատրելի է պետական սոցիալական ծրագրերը դուրս հանել պետական դաշտից»։
Արհմիությունը կոչ է անում ձեռնարկել քննարկումներ սոցիալական գործընկերների հետ՝ վերամշակելու համար հիշատակված օրենքը։ Զինծառայողների ապահովագրության համար պահանջվող ծախսերը հոգալու համար, ըստ կազմակերխության, կարելի է, օրինակ
— Վերանայել բիզնես հատվածի շահութահարկի դրույքաչափերը և շահութահարկից ձևավորված միջոցներից մի մասն ուղղել զինծառայողների ապահովագրության,
— Վերանայել համահարթ հարկման համակարգը,
— Մշակել քաղաքականություն՝ հետ բերելու սոցիալական ծրագրերը «հիմնադրամների» դաշտից պետության դաշտ և
— Կրճատել բիզնեսին պարբերաբար տրվող հարկային արտոնությունները։