Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից (հատված)․
հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Կա քաղաքական խնդիր և հոգեբանական խնդիր։ Քաղաքականը հետևյալն է․ Ալիևը համոզված է, որ Փաշինյանը չի հաղթելու այս ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է, ինչքան հնարավոր է, շատ բան կորզել։
Հոգեբանականը՝ Ադրբեջանի երեսուն տարվա նվաստացած վիճակն էր պարտվելուց հետո։ Դա ծանր բեռ է, Դուք զգում եք դա․ մենք նոր ենք պարտվել, և ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում…
Հաղթանակից հետո, ես չեմ հասկանում, ինչու է Ադրբեջանը նման գործողությունների գնում․ հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթող կողմը պարտված հակառակորդի նկատմամբ մեծահոգի է լինում բոլոր պատերազմներից հետո, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին։ Նա սա չարեց, սա պետք է աներ Ալիևը։
Ես ուզում եմ մի բան պատմել մեր հարաբերություններից։ Մեր հաղթական պատերազմներից հետո մենք ունեինք ադրբեջանցի գերիներ, Ադրբեջանն ուներ հայ գերիներ՝ մոտ 20-25 հոգի։ Ես միակողմանի որոշեցի Ադրբեջանի գերիներին վերադարձնել, դիմեցի «Կարմիր Խաչ»-ին, տվեցին ցանկը, և ասացի՝ ես ազատում եմ, թող գնան Ադրբեջան։ Իմ կողքի մարդիկ՝ Վազգեն Սարգսյանն էր, Սերժ Սարգսյանը, ասացին՝ բա որ նրանք հետ չտա՞ն։ Ասացի՝ հանգիստ մնացեք, ես Հեյդար Ալիևին գիտեմ։ Հանգիստ գնացին, նույն օդանավով մեր բոլոր գերիները վերադարձան։
Ուրիշ ավելացնելու բան չունեմ։
պարտության մասին
– Մենք պարտվեցինք՝ չկարողանալով հասկանալ ժամանակի ընթացքը։ Ժամանակը կարևորագույն ֆակտորն է քաղաքականության մեջ. մի բան, որ կարող էինք անել որևէ պահի, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին ևս դա կարող ենք անել։ Սա մենք չզգացինք, մեր իշխանությունները չզգացին այդ պահը։
Սա կուտակված խնդիր է, ստրատեգիական խնդիր, որը պիտի արվեր այն ժամանակ, երբ որ դու հաղթական էիր։ Երբ որ դու հաղթական էիր, դու կարող էիր ստանալ շատ ավելին անգամ զիջումներով։ Եթե համեմատենք այսօրվա վիճակը… 90-ականների ամենավատ տարբերակը, ենթադրենք՝ փուլային տարբերակը եթե լիներ, այսօր մեր ժողովուրդը երջանկությունից կմեռներ։
լուծման (կորսված) փուլային տարբերակի մասին
— Կարգավորումը հետևյալն էր։ Վերջանական կարգավիճակ չկար։ Վերականգնում էինք ԼՂԻմ-ի սահմանները՝ խոհրդային միության, ստանում Լաչինի 22 կմ-անոց միջանցքը և սկսում էինք բանակցություններ՝ ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ։ …Հրատապ հարցերը լուծելուց հետո (տարածքային և այլն), անցնում էինք երկրորդ էտապին, որտեղ Ղարաբաղը ներկայացված էր որպես հավասար կողմ՝ Հայաստան, Ղարաբաղ և Ադրբեջան։ Ստեղծվում էր մի հատուկ հանձնաժողով՝ Մինսկի խմբի հովանու ներքո, և այս Հայաստան, Ղարաբաղ և Ադրբեջան համաձայնության դեպքում էր վճռվում ԼՂ կարգավիճակը։ Ղարաբաղը ուներ վճռական ձայն… Սա կորցրեցինք հետո, երբ Ղարաբաղը դուրս դրվեց բանակցությունների կամ կարգավորման գործընթացից։
Այնտեղ ոչ մի խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում… Էդպիսի վիճակներ կան աշխարհում։ Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակը մինչև այսօր պարզված չի։ Մնացած բոլոր հարցերը պարզված են՝ սահմանները և այլն, համայնքների հարաբերությունները։ …Կարգավիճակ չկա: Փորձեց Եվրամիությունը, տարբեր բաներ առաջարկեց՝ Հարավային Կիպրոսը առանձին, Հյուսիսայինը առանձին, Եվրոպայի հետ ասոցացվեին և այլն, բայց չհամաձայնեցին։ Սա էր լինելու։ Դա երկար ժամանակի խնդիր էր, բայց Ղարաբաղը կլիներ ապահով, խաղաղապահ ուժերով պաշտպանված։ Ղարաբաղը կունենար զարգանալու մեծ հնարավորություններ։ Ժամանակները փոխվում են, սահմանների նշանակությունը սկսում է կորել։ Ամբողջ Եվրոպայում սահմաններ չկան արդեն։ Ինչ որ հաջողվել է Եվրոպային, ինչու՞ չի կարող հաջողվել նաև Արևելքի երկրներին։ …Ժողովուրդները զարգանում են, արթնանում են, նոր հարաբերություններ են ստեղծվում։ Սահմանները այդքան նշանակություն կարող են չունենալ։