Home / Առողջապահություն / Ադրբեջանում պարտակում են գեյ լրագրողի դաժան սպանությունը

Ադրբեջանում պարտակում են գեյ լրագրողի դաժան սպանությունը

Ադրբեջանում զարմիկի կողմից դանակով սպանվել է ԼԳԲՏ+ ակտիվիստ, լրագրող Ավազ Հաֆիզլին։ Մարդասպանի անունը Ամրուլա Գյուլվալիև է։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ձևակերպմամբ՝ նա եղել է հարբած վիճակում։ Սպանողը պնդել է, թե հանցանքը կատարել է զարմիկի նկատմամբ «անձնական հակակրանքի» պատճառով։ Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, հոդվածները ՆԳՆ-ն չի մանրամասնում։

Ավազի ընկերներն ու իրավապաշտպանները հաղորդում են, որ երիտասարդի մարմինը եղել է գլխատված։ Կտրել են նաև նրա սեռական օրգանները։ Ոստիկանությունը դիահերձարանից մարմինը բերել է աղբատար մեքենայով՝ հին, կեղտոտ գորգի մեջ փաթաթված։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ասել են, որ չեն ուզում դիպչել գեյ տղայի մարմնին, քանի որ այն «կեղտոտ» է։

Ադրբեջանական ԶԼՄ-ները սպանությանը հիմնականում անդրադարձել են հպանցիկ։ Դատական փորձաքննություն, ըստ հաղորդումների չի անցկացվել։ Դրա համար չի դիմել նաև Ավազի ընտանիքը։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն ֆեյսբուքյան էջում իր ցավակցություններն է հայտնել Ավազի ընտանիքին և ընկերներին

«Ավազը մեծ քաջություն ցուցաբերեց իր աշխատանքում՝ որպես լրագրող և ակտիվիստ», – գրել է դեսպանատունը։

Երիտասարդի ընկերները պատմում են, որ նա մեկ տարուց ավելի է, ինչ ընտանիքի հետ չէր ապրում, սակայն պարբերաբար հանդիպում էր բարեկամների հետ։ Այդ օրը նա գնացել էր մորը տեսնելու։ Ըստ ընկերների՝ Ավազի մահը սգացող միակ մարդն ընտանիքում նրա մայրն էր։ Բարեկամները, ըստ նրանց, փորձում էին հնարավորինս արագ և ոչ տեսանելի ձևով ավարտել սգո արարողությունները։

Ավազ Հաֆիզլիին հուղարկավորել են այսօր առավոտյան՝ Շամախի քաղաքին հարակից գյուղերից մեկում՝ երիտասարդի ծննդավայրում։

Հաֆիզլին համագործակցել է մի շարք ադրբեջանական լրատվականների հետ։ Նա բազմիցս մասնակցել է մարդկանց իրավունքների համար պայքարող շարժումների ու ցույցերի, այդ թվում՝ տրանս մարդկանց սպանության դեմ, ինչպես նաև ընդդեմ Ադրբեջանում վերջերս ընդունված և լրագրողների իրավունքները մեծապես սահմանափակող Մեդիայի մասին օրենքի։