NASA-ի կողմից տիեզերք ուղարկված 10 միլիարդ դոլարանոց «Ջեյմս Ուեբ» աստղադիտակով հաջողվել է հետևել և նկարել Յուպիտերը, դրա արբանյակները և մի քանի աստղակերպեր։ Ավելի վաղ աստղադիտակով հաջողվել էր ստանալ տիեզերքի ամենախորը ու հստակ պատկերը (SMACS 0723-գալակտիկաների կուտակման մի հատվածը), Առագաստի և Ողնուցի համաստեղություններում գտնվող միգամածությունները և Ստեֆանի կվինտետը:
«Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտարանի թիմը աստղադիտակով ստացած նոր նկարներ է հրապարակել։ Աշխատանքների այս փուլի հիմնական նպատակն էր փորձարկել աստղադիտակի հնարավորությունները՝ Արեգակնային համակարգում վայրկյանում մինչև 30 միլիվայրկյան անկյունային արագությամբ շարժվող օբյեկտներին հետևելիս, հայտարարել է NASA-ն։
Փորձերը հաջողությամբ են ավարտել․ աստղադիտակով հաջողվել է հետևել Յուպիտերին և տարբեր արագություններով շարժվող 8 աստղակերպերի, իսկ NIRCam սարքի միջոցով (այս սարքի միջոցով «Ջեյմս Ուեբը» տիեզերքում նկարահանումներ է կատարում) ստացել է անշարժ թիրախների պատկերին համարժեք որակ ունեցող նկարներ։
Որպես օրինակ աստղադիտարանի թիմը հրապարակել է NIRCam-ով ինֆրակարմիր տիրույթում կատարված նկարներից ստացված անիմացիա, որտեղ պատկերված է Մարսի և Յուպիտերի միջև գտնվող 4,5 կիլոմետրանոց 6481 Տենցինգ աստղակերպը։
Հրապարակվել է նաև Յուպիտերի և դրա արբանյակների փորձնական նկարը․
Յուպիտերի պատկերը՝ 2,12 միկրոմետր երկարության տիրույթում։
Աստղադիտարանի թիմը հայտարարել է, որ իրենք այժմ հնարավորություն ունեն տեսնել մեծ և ուժեղ լուսարձակող մոլորակների մոտակայքում գտնվող արբանյակները և մոլորակների փոշային օղերը և կարող են մանրամասն հետազոտել դրանք։
Հուլիսի 12-ին NASA-ն հրապարակել է աստղադիտարանի ստացած տվյալների առաջին շարքը, որոնց թվում՝ տիեզերքի երեք նոր նկարներ (Առագաստի և Ողնուցի համաստեղություններում գտնվող միգամածությունները և Ստեֆանի կվինտետը):
Հարավային օղը կամ NGC 3132-ը Առագաստի համաստեղությունում գտնվող միգամածություն է։ NGC 3132-ը գազի և փոշու ընդլայնվող հսկա գունդ է, որի կենտրոնում մեռնող աստղ է վառվում․
Հարավային օղը և նման կառուցվածքները կոչվում են պլանետար միգամածություններ, սակայն մոլորակների հետ որևէ կապ չունեն․ անվանումը մնացել է անցյալից։ Հարավային օղի տրամագիծը մոտ կես լուսատարի է։ Այն Արեգակից մոտ 2000 լուսատարի հեռավորության վրա է գտնվում և համարվում է դրան ամենամոտ գտնվող միգամածություններից։
Carina Nebula-ն կամ Ողնուցի համաստեղության միգամածությունը «Հաբլի» թիրախներից էր։ Նեբուլաները մոլեկուլային ամպեր են որտեղ ձևավորվում են աստղերը։ «Ջեյմս Ուեբի» միջոցով հնարավոր է տեսնել ոչ միայն աստղերը այլ նաև գազի և փոշու ամպերը․ վերջիններիս զանգվածային կուտակումներից էլ ստեղծվում են աստղեր։ Աստղագետները այստեղ ցուցադրում են փոշու և գազի սահմանազատման հետևանքով առաջացած տիեզերական ժայռերը։
Carina Nebula-ն հայտնաբերված ամենամեծ և պայծառ միգամածությունն է և գտնվում է Արեգակից 7600 լուսատարի հեռավորության վրա։ Այս միգամածության հետազոտումը հնարավորություն կտա ուսումնասիրել աստղերի ստեղծումը, որը «Ջեյմս Ուեբի» գլխավոր նպատակներից է։
Այս միգամածությունը մեծ քանակությամբ զանգվածային աստղեր և ցրված աստղային կուտակումներ է պարունակում, այդ թվում՝ հայտնի Էտա Ողնուց գերծանր կրկնակի համակարգը, որը շրջապատված է Հոմունկուլուս միգամածությամբ։
Ստեֆանի կվինտետը տիեզերքում հայտնաբերված առաջին գալակտիկաների հոծ կուտակումն է։ Այն կազմված է չորս գալակտիկաներից։ Հինգերորդ գալակտիկան ավելի մոտ է Ծիր Կաթին համաստեղությանը․ Երկիր մոլորակից դիտորդի տեսադաշտում դրա պատկերը արտացոլվում է գալակտիկաների կուտակման վրա։
Ստեֆանի կվինտետը գտնվում է Արեգակից մոտ 290 միլիոն լուսատարի հեռավորության վրա՝ Պեգասի համաստեղությունում։ Այն հայտնաբերվել է 1877 թվականին։
Հուլիսի 11-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնի կողմից ցուցադրվել էր SMACS 0723-գալակտիկաների կուտակման մի հատված, որը համարվում է տիեզերքի ամենախորը պատկերը, որ երբևիցե հաջողվել է ստանալ։
SMACS 0723-ը գալակտիկաների զանգվածային կուտակում է, որը աստղագետների շրջանում հայտնի է որպես գրավիտացիոն ոսպնյակ, քանի որ տիեզերական զանգվածը թեքում և խոշորացնում է շատ ավելի հեռու գտնվող առարկաների լույսը։ Նկարի վրա պատկերված ամեն կարմրավուն աղեղնաձև կառուցվածք արտացոլում է տարածության և ժամանակի մեծ հեռավորության վրա գտնվող ինչ-որ բան, հաճախ՝ գալակտիկա։ Այս աղեղներից որոշների լույսի՝ Երկիր մոլորակ հասնելու համար պահանջվել է ավելի քան 13 միլիարդ տարի։
Հետաքրքրական է, որ նկարի երկու կողմերում գտնվող աղեղները երբեմն միևնույն օբյեկտն են արտացոլում․ պատճառն այն է, որ լույսը SMACS 0723-ում անդրադարձվում է մեկից ավելի ուղիներով։
Այս աստղադիտակի միջոցով հնարավոր կլինի պատկերել նախկինում մեզ համար անտեսանելի գալակտիկաներ, հայտարարել է NASA-ն։
«Ջեյմս Ուեբ»-ը այս պահին աշխարհի ամենամեծ և ամենահզոր աստղադիտակն է։ Այն դիտում է սուբյեկտները ինֆրակարմիր օպտիկական սպեկտրում, ինչը աստղադիտակը մոտ 100 անգամ ավելի զգայուն է դարձնում իր ավելի քան 30-ամյա նախորդից՝ «Հաբլ» աստղադիտակից։ «Հաբլ»-ը աշխատում էր տեսանելի և ուլտրամանուշակագույն ալիքների տիրույթում։
«Ջեյմս Ուեբ» աստղադիտակը տիեզերք է ուղարկվել 2021 թվականի դեկտեմբերին և մեկ ամիս անց հասել է դիտարկումներն անցկացնելու համար նախատեսված՝ Լագրանժի երկրորդ կետին։ 2022 թվականի հուլիսի 11-ին աստղադիտարանը պաշտոնապես սկսել էր գիտական ծրագիրը, իսկ նույն օրը երեկոյան հրապարակվել էր աստղադիտակով ստացած առաջին գիտական պատկերը։