Մյանմայում ռազմական խունտան մահապատժի է ենթարկել չորս դեմոկրատ ակտիվիստների, որոնց թվում 53-ամյա գրող Չժո Մին Յուն է, որը հայտնի է որպես «Կո-Ջիմմի» և 41-ամյա հիփ-հոփ երգիչ Ֆիո Զեյա Տոուին․ 1988 թվականից ի վեր սա մահապատժի առաջին դեպքն է Մյանմայում։
Հիշեցնենք՝ Մյանմայում արդեն մոտ մեկ ու կես տարի իշխում են զինվորականները։ 2021 թվականի փետրվարին ռազմական հեղաշրջման միջոցով ուժայինները գրավել էին իշխանությունը և ձերբակալել երկրի նախկին առաջնորդ Աուն Սան Սու Չժիին։ Վերջինս դեկտեմբերին, իսկ հետո՝ նաև հունվարին, դատապարտվել է 4-ական տարվա ազատազրկման։
Մահապատժի ենթարկված բոլոր բանտարկյալները մեղադրվել են որպես «ահաբեկչական» գործունեությունների աջակիցներ։
Գրող Կո-Ջիմմին «Սերունդ 88» պրոդեմոկրատական ուսանողական շարժման վետերաններից էր և ռազմական խունտայի դեմ էր ելույթ ունենում դեռևս 1980-ականների ուսանողական ապստամբություններին։ Նա մի քանի անգամ բանտարկվել է՝ ազատ արձակվելով 2012 թվականին, սակայն անցյալ տարվա հոկտեմբերին նորից ձերբակալվել։ Այս անգամ գրողին մեղադրում էին բնակարանում զենք և զինամթերք պահելու մեջ։
Ռեփեր Ֆիո Զեյա Տոուին Մյանմայում հիփ-հոփի պիոներ լինելուց բացի, նախկին խորհրդարանի անդամ էր՝ դեմոկրատական «Ազգային լիգա» կուսակցության պատգամավորներից և նախկին նախագահ Աուն Սան Սու Չժիի մտերիմ ընկերներից էր։ Նրա հակապատերազմական տեքստերը հաճախ էին կատաղեցնում ռազմական խունտային։ Ընդդիմադիրին ձերբակալել են 2021-ի նոյեմբերին՝ մեղադրելով «ահաբեկչական» հանցագործությունների մեջ։
Ավելի քիչ տվյալներ կան մյուս երկու դատապարտյալների մասին․ հայտնի է, որ նրանց անուններն են Հլա Միո Աունգ և Աունգ Տուրա Զաու։ Նրանք նույնպես ակտիվիստներ են եղել և ձերբակալվել են՝ խունտայի ենթադրյալ լրտես մի կնոջ սպանության մեջ մեղադրվելով։
Մահապատժին վերաբերող մանրամասները տեղի մամուլին չեն հաղորդվել։ Հայտնի չէ նաև մահապատժի միջոցը․ այնուամենայնիվ, մինչև 1988 թվական Մյանմայում մահապարտներին կախաղան էին հանում։
Բոլոր չորս տղամարդկանց դատապարտել են փակ դատերի ժամանակ և մեղադրել ապստամբներին բանակի դեմ գործողություններին աջակցելու մեջ։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգել է, որ նախնական տվյալներով մահապարտների բանտախցում ավելի քան 100 մարդ կա, որոնք կարող են նմանատիպ բախտի արժանանալ։ Կազմակերպության տարածաշրջանային տնօրենը կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Միջազգային հանրությունը քննադատել է չորս ակտիվիստների մահապատժի ենթարկելը։
Մամուլի պետական գործակալությունները մահապատիժների մասին տեղեկացվել են այսօր՝ հուլիսի 25-ի առավոտյան․ ավելի ուշ ռազմական խունտայի ներկայացուցիչը հաստատել է լուրը, իսկ Global News Light of Myanmar գործակալությունը հաղորդել է, որ դատապարտյալները «դաժան և անմարդկային ահաբեկչություններ» էին ծրագրել։
Ռազմական խունտայի ներկայացուցիչը պնդելով, թե մահապատժի ենթարկված մարդկանց պատճառով կարող էր ամենաքիչը 50 խաղաղ բնակիչ զոհվել և տարակուսել է՝ «ինչպե՞ս կարող եք ասել, որ սա արդադատություն չէ»։
Փետրվարի 1-ին Մյանմայում ժողովուրդը «լուռ գործադուլ» էր իրականացրել անցյալ տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մեկամյակի կապակցությամբ։ 2021 թվականի փետրվարի 1-ից իշխանության եկած ռազմական խունտան սպառնում էր մասնակիցներին։
Հեղաշրջման պահից միայն պաշտոնական տվյալներով ավելի քան 2100 ընդդիմադիրներ սպանվել են, 14870-ը՝ ձերբակալվել։ «Աշխատանքի միջազգային կազմակերպությունը» հունվարին հետազոտություն էր հրապարակել, համաձայն որի երկրում շուրջ 1․6 միլիոն մարդ դարձել է գործազուրկ։ Այս թվերն օրեցօր աճում են, մինչդեռ իշխող ռեժիմը պնդում է, թե տվյալները չափազանցված են։
Մյանմայի փողոցներում պարբերաբար բռնկվում, մարում ու նորից են բռնկվում բողոքի լայնամասշտաբ ակցիաները։ Երկրում ռազմական իշխանությանը զուգահեռ գործում է նաև նախկին նախագահի կողմնակիցների ստեղծած Մյանմայի Ազգային միասնության կառավարությունը։