Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր միաձայն Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև է ընդունել։
Փարիզում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը.
— Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;
— Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում;
— Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների [նշված բանաձևով առաջարկվում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղը];
— Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;
— Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։ Նիստին պատվո հյուրերի կարգավիճակով ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Հայաստանի դեսպանության անձնակազմը։
Բանաձևը պարտադիր բնույթ չի կրում, այն ուղղակիորեն չի պայմանավորում պետական որոշումները կամ դիվանագիտական գիծը։
Երկու շաբաթ առաջ, հիշեցնե՛նք, համանման բանաձև էր ընդունել նաև Ֆրանսիայի Սենատը։ Բաքուն այն բացարձակապես անընդունելի էր որակել։
Արդեն նոյեմբերի 25-ին Ադրբեջանը հրաժարվել էր Ֆրանսիայի միջնորդությամբ բանակցություններին մասնակցելուց և հայտարարել, որ Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։
թարմացում — Խորհրդարանական նախաձեռնությամբ ընդունված այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։