Home / Ազգային ժողով / Տաշիրի փողերը, Ռոբի քարտեզը, Նիկոլի տխրությունը ընտրությունների ֆոնին

Տաշիրի փողերը, Ռոբի քարտեզը, Նիկոլի տխրությունը ընտրությունների ֆոնին

Ի՞նչ է կատարվում Հայաստանում

Տերտերների կալանավորման և պատարագային կռիվների ֆոնին «սուրբ Էջմիածնում» նոյեմբերի 16-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու։ Հիմնական լեյտմոտիվը քաղաքական իշխանության և եկեղեցական վերնախավի առճակատումն է, որը խաղարկվում է եկող տարվա պարլամենտական ընտրություններին ընդառաջ։ Վաղաշապատի ՏԻՄ ընտրությունները քաղաքական ուժերի համար միջանկյալ իրադարձություն են։ Դրանց մեծ մասը հիմա պատրաստվում է 2026-ի հունիսին։

Ամենաթրենդային նախընտրական թեման է խաղաղությունը։ Քաղաքացիական պայմանագրի երևակայության մեջ այն արդեն կայացել է, ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը սեփական «բայց»-ը ունի։ Մեկը խաղաղություն է պահանջում, «բայց արժանապատիվ», մյուսը՝ խաղաղություն, «բայց Ռուսաստանի կողքին», կամ խաղաղություն, «բայց Արևմուտքի միջոցով», կամ խաղաղություն, «բայց գերիների վերադարձով», «բայց Ղարաբաղի հարցը օրակարգ բերելով, արցախահայերի վերադարձի իրավունքով», թեև վերջին պահանջը անցած ամիսների ընթացքում խամրել է նույնիսկ ամենանվիրական դաշինքների տեքստերում։

Կան նաև սոցիալական խոստումներ՝ գործարաններ բացել, աշխատատեղեր ստեղծել, առողջապահությունը սարքել ձրի, թոշակները՝ բարձր, հարկերը՝ ցածր, նպաստները՝ նպատակային։ Կուսակցությունները, որոնք առաջ կենտրոնացած էին զուտ արտաքին քաղաքական թեմաների վրա, հայտնագործել են, որ հայաստանցիների մի զգալի մասը հայրենասիրական հույզերից բացի ունի նաև սոցիալական խնդիրներ։ 

***

Հոկտեմբերի սկզբին ասուլիս տվեց Ղարաբաղի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա լրագրողների հետ հանդիպման էր եկել էլեկտրոնային քարտեզով, որում ԼՂՀ-ն պատկերված էր որպես Հայաստանի մաս։ Ասուլիսից մի քանի օր անց նրա թիմակիցներից Գառնիկ Դանիելյանը խոսում էր արդեն ոչ թե Ղարաբաղի վերադարձի, այլ Ղարաբաղ վերադարձի մասին։

Քոչարյանի ելույթը նվիրված էր ամեն ինչին՝ առավելապես TRIPP նախագծին։ TRIPP-ը Մեղրիով անցնող միջանցք/ճանապարհն է, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանին։ Վերջին ռեբրենդինգից հետո այն վերանվանվել է ի պատիվ Դոնալդ Թրամփի։ Ռոբերտ Քոչարյանն ակնարկեց, որ ընտրվելու դեպքում ճանապարհը ավելի լավ պայմաններով կտա ամերիկացիներին։

hq720
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից / հոկտեմբերի 7, 2025

Նախկին նախագահը խոսեց Փաշինյանի պարտվողական տրամադրվածության մասին («Նիկոլը ամեն ինչ տալիս է»), կոռուպցիայի մասին, որի հետ նաև ինքն է ասոցացվում («նման կոռուպցիա երբեք նախկինում չի եղել»), նույնիսկ դաշնակցական Պողոս Պողոսյանի մասին, որին նրա թիկնապահը տանջամահ էր արել «պրիվետ Ռոբ» ասելու համար (ես այդ ժամանակ արդեն այնտեղ չէի, «ինձ մերս էլ էր Ռոբ ասում»)։ Ակնարկեց, որ ինքը կռիվ չի բերելու, ռևանշ չի լինելու։ Խոսեց նաև «սոցիոլոգիական հաշվարկներից, որոնք կանխատեսում են»՝ գալիք ընտրություններից հետո Փաշինյանը կհեռանա, և խորհրդարան կանցնեն իր ղեկավարած դաշինքն ու ռուսաստանցի միլիարդատեր, Տաշիր գրուպի սեփականատեր, կալանավորված Սամվել Կարապետյանի թիմը, որի հետ ինքն էլ է պատրաստ համագործակցել։ Բայց Կարապետյանի եղբոր տղան՝ Նարեկ Կարապետյանը, ավելի ուշ հայտարարեց, որ իրենց  թիմը չի համագործակցելու ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հետ։

***

Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը մասնակցելու է ընտրություններին, որոշ մարզերում արդեն գրասենյակ-շտաբեր են բացել, ստացել են եկեղեցու օրհնությունը, բայց որպես կուսակցություն դեռ չեն գրանցվել։ Նախ, առաջնորդը կալանավորված է։ Երկրորդը, նա Ռուսաստանի քաղաքացի է և Հայաստանի վարչապետ դառնալ չի կարող։ «Մեր ձևով» շարժումը հիմա զբաղված է ֆորմալ ղեկավար և օրինական թեկնածու փնտրելով։

photo_2025-11-06_02-23-16
պաստառ Տաշիր Մոլի ֆասադին՝ նվիրված Սամվել Կարապետյանին / Կարապետյանը հայտնի է «Տաշիր Սամո» և «Կալուգայի Սամո» մականուններով

Ավագ Կարապետյանին ներկայացնում է եղբորորդի Նարեկը, որը Հայաստանի քաղաքացիներին խոստանում է ինդուստրիալիզացիա և տնտեսական հրաշք․ տասնյակ նոր արտադրություններ են հիմնելու, գործազուրկներին տալու են աշխատանք, գյուղատնտեսներին՝ մթերում, կրկեսի սիրահարներին՝ կրկես, և Հայաստանի մարզերը բարգավաճելու են կրկին, ինչպես խորհրդային տարիներին։

572488533_25739787918942369_6100184402741097607_n
Նարեկ Կարապետյանը վերջերս մեկնել էր ԱՄՆ, որ նախընտրական հարցազրույց տա թրամփական լրագրող Թակեր Կարլսոնին

Սոցցանցերում Կարապետյանի աջակիցները ունեն ճանաչելի ձեռագիր՝ նույնանման օգտահաշիվներ, որոնք գրում են նույնաբովանդակ (ավտոմատ թարգմանված) մեկնաբանություններ։ Իրական աշխարհում «Մեր ձևով» շարժման աջակիցների մի մասը ընդդիմության նախկին ճամբարներից պոկվածներն են։ Օրինակ՝ երկրորդ նախագահի նախկին փաստաբան Արամ Վարդևանյանը, որը «Հայաստան» դաշինքի անդամ էր նաև և «Դիմադրության շարժման» ակտիվ մասնակից։ Կամ փաստաբաններ Ռոման Երիցյանը և Արեգա Հովսեփյանը, որոնք հայտնի են ղարաբաղցի փախստականների անունից խոսելով։ Վերջին շրջանում նրանք մեդիա-արշավ էին կազմակերպել ղարաբաղցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի դեմ, քանի որ նա համարձակվել էր տեղահանվածների սոցիալական խնդիրները քննարկել նորանշանակ Սոցապ նախարարի հետ։ Ի տարբերություն նախորդ ընդդիմադիր շարժումների՝ «Մեր ձևովը» շեշտը դնում է սոցիալական խնդիրների վրա։ Արեգա Հովսեփյանի տեքստերն էլ են հիմա կրճատվել․ շարժման հաշվետու ժողովի ժամանակ նա արցախցիների անունից ընդամենը մեկ հայտարարություն արեց՝ վերադարձի հարցը փակված չէ։

***

Ենթադրվում է, որ նախկին թիմակից Ռոբերտ Քոչարյանից որոշ ձայներ կխլի նաև Անդրանիկ Թևանյանը, որը ժամանակին «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, բայց Երևանի ավագանի մտավ «Մայր Հայաստան» նորաստեղծ դաշինքով՝ Դաշնակցության և անձամբ Քոչարյանի աջակցությամբ։ «Մայր Հայաստան» կուսակցությունը որոշել է 2026-ի ընտրություններին մասնակցել առանձին։ Նրանք ներկայանում են կրճատ անվանումով՝ «ՄաՀաԿ», ինչը, ըստ Թևանյանի, խորհրդանշում է «շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցի» ասացվածքը։ Թևանյանը խոստանում է, որ հաղթելու դեպքում կբերի «ազգային դեմոկրատական խաղաղ բնույթի փոփոխություն», «օլիգարխիկ կապիտալիզմը կփոխարինի մարդկային դեմքով ժողովրդական կապիտալիզմով» և «կստեղծի համաշխարհային հայության համակարգ»։

92e2753f-7437-464d-b4b2-adf7a7572728-1758462269055-770x_
Անրդանիկ Թևանյանի ՄաՀաԿը

Թեև Քոչարյանի կուսակցական հենքը Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է, 2026-ի ընտրություններից առաջ ՀՅԴ-ից ակնարկել են, որ կարող են առաջադրվել առանց Քոչարյանի։ «Մեր ձևով» շարժմանը դաշնակները չեն միանա, քանի որ Կարապետյանի թիմակիցներն իրենց հետ դաշնակցել չեն ուզում։ ՀՅԴ Գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը արդեն կրկնել է այն, ինչ կրկնում է մոտ 5 տարի՝ «Նիկոլ Փաշինյանը խաղաղություն բերել չի կարող», իսկ իրենք կարող են, քանի որ ընտրվելու դեպքում ավելի լավ են բանակցելու։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական հայտարարությունը նա որակել է որպես անընդունելի։ Մնացած հարցերում կոնկրետություն չկա։

IMG_3540
ՀՅԴ խորհրդանիշները

Հոկտեմբերի սկզբնին Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Ազատական» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը չի բացառել, որ դաշինք կկազմի Հայաստանի Ազգային անվտանգության նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ։ Բաբայանը Վանեցյանին բնութագրել է որպես «երիտասարդ անձ» և խոստացավ օգնել նրան կայանալու հարցում։ Վանեցյանի կուսակցությունից արձագանքել են՝ իրենց ղեկավարը կայանալու խնդիր չունի։ Նրանց միասնության ճակատագիրը դեռ հայտնի չէ։

***

Պառակտում կա նաև Եվրոպա մղվող ուժերի ներսում։ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետությանը» և Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» այլևս ունեն տարաձայնություններ։ Ի տարբերություն Սարգսյանի և Բաբաջանյանի՝ Խզմալյանին դուր չի գալիս Թրամփի ուղու գաղափարը։ Նա կարծում է, որ այն ոտնահարում է հայկական պետության ինքնիշխանությունը։ Ամերիկյան միջնորդությունը Խզմալյանը ուզում է փոխարինել մաքուր եվրոպականով։ Սարգսյանի ու Բաբաջանյանի համար Թրամփի տարբերակն էլ է ընդունելի․ ինչպես և նախկինում՝ նրանց քաղաքական ուժերը պատրաստ են կոալիցիա կազմել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

photo_2025-11-06_13-44-43
եվրոռեմոնտ

Ինչ վերաբերում է ավելի մանր միավորներին․

2026-ի ընտրություններին մասնակցելու է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, որը համատեղությամբ նաև «անկախ դիտորդական կազմակերպություն» էր առաջ։ Հայաքվեի ֆրոնտմենը հանքարդյունաբերության մասնագետ, քաղաքակրթական հետազոտող Ավետիք Չալաբյանն է։

Քաղաքական հայտ է ներկայացրել նույնիսկ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նախկին նախագահների տհաճ անցյալից պաշտպանվելու համար նրանց համակիրները 2022 թվականին համոզում էին Թաթոյանին ինքնաառաջադրվել որպես նոր, չվարկաբեկված թեկնածու։ Նրանցից շատերը հիմա հիասթափված են Թաթոյանի դանդաղաշարժությունից և հատկապես վերջին հարցազրույցից։

Նախկին ՄԻՊ-ի «Միասնության թևեր» շարժման խորհրդանիշը թևավոր ցուլն է՝ «ուժեղ և չդատող»։ ՍիվիլՆեթին տված հարցազրույցում Թաթոյանը իսկապես չէր դատում։ Ասում էր՝ ինքը խելացի է, սովորել է Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում, և երբ գա իշխանության՝ կիջեցնի հարկերը, արտոնություններ կտա սփյուռքահայ ներդրողներին, չի ավելացնի պետական պարտքը, առողջապահությունը կսարքի ձրի և այլն։ Վերջին շրջանում Թաթոյանը սևեռված է «Արևմտյան Ադրբեջանի» վրա։ Իլհամ Ալիևի քարոզչական հնարքներից այս մեկը նրան ամենաշատն է վախեցնում։

Թաթոյանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել նրա պաշտոնավարման տարիներին քաղբանտարկյալ դարձած Շանթ Հարությունյանի «Շանթ» դաշինքը։

photo_2025-11-06_02-07-35
Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ դաշտ դուրս եկած Շահեն Հարությունյանը՝ ձախից

Նորաստեղծ «Նժար» սահմանադրական շարժումը դեռ չի գրանցվել որպես կուսակցություն։ Շարժումը հիմնադրել են նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին անդամ Գարեգին Միսկարյանը և Մեդիամաքսի համասեփականատեր, ձեռնարկատեր և գյուտարար Արտաշես Իկոնոմովը։ Երկու ամիս անց երեք համահիմնադիրներից մեկը՝ Գարեգին Միսկարյանը լքել է «Նժարը»։ Կարապետյանցն ու Իկոնոմովը հիմա խոստանում են կին վարչապետ, նոր սահմանադրություն և պատրաստվում են գլխիվայր փոխել պետական կառավարման համակարգը։

photo_2025-11-06_02-11-14
Իկոնոմով, Կարապետյանց, Միսկարյան / Միսկարյանը արդեն լքել է շարժումը

ՀԱԿ նախկին անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի «Մարտական եղբայրություն» միաբանությունը շուտով կվերածվի «Ազգային Հեղափոխություն» կուսակցության։ Պարզ չէ՝ ընտրություններին մասնակցելու են, թե ոչ։ «Մարտական եղբայրությունը» խոստանում է կտրուկ քայլերի դիմել, եթե Նիկոլ Փաշինյանը հանդգնի փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ զիջելով Ալիևի պահանջներին։

470034228_587444760346015_630774736200984750_n
«Մարտական եղբայրություն», աջից երկրորդը Հրանտ Տեր-Աբրահամյանն է

Քաղաքականություն է վերադառնում նաև Գագիկ Ծառուկյանը, որը վերջին տարիներին զբաղված էր Հիսուս Քրիստոսի արձանով։

Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» ընտրություններին գնալու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, փորձելու է համախմբել բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ «երկիրը լավ լինի, հզոր, անկախ, ուժեղ, ժողովուրդը հարուստ լինի»։ Ծառուկյանը դաշինք է կազմելու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հետ, որի ղեկավար Սուրեն Սուրենյանցը ժամանակ առ ժամանակ Հանրային հեռուստատեսության եթերում է հայտնվում ընդդիմադիրի քվոտայով։

Սիրելի´ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայե´ր, իմ երկրի ու ժողովրդի իրական բարեկամնե´ր, Ուզում եմ
Գագիկ Ծառուկյանը և Քրիստոսի արձանը՝ դեռ անավարտ

Ընտրություններին մասնակցելու է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրեսը», որը կուզեր դաշնակցել «Մեր ձևով» շարժման հետ։ ՀԱԿ-ը հիմա ֆինանսավորում է փնտրում իր քարոզարշավի համար, որը կենտրոնացած է Փաշինյանի «պարտվողականությունը» քննադատելու և աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը կանխելու վրա։

photo_2025-11-06_13-48-16 (2)
1991 թվականին խորհրդային կենտրոնական հեռուստատեսությամբ տեղի ունեցավ «Հարուստներն էլ են լաց լինում» մեքսիկական հեռուստասերիալի պրեմիերան

մի իմպիչմենտի պատմություն

Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը պասիվ է և ապատիկ։ Սարգսյանը համարում է, որ ընտրությունների մասին խոսելը դեռ վաղ է։ Հանրապետականները հիմնականում զբաղված էին քոչարյանականների հետ հեռակա կռվով։ Նախկին նախագահների թիմերը մի քանի ամիս փորձում էին պարզել, թե ի վերջո ով բերեց Փաշինյանին իշխանության։

Հետո ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, թե կփորձի վարչապետին հեռացնել նախքան ընտրությունները՝ իմպիչմենտի միջոցով։

Տարօրինակ այս գործընթացը ձգձգվում է արդեն յոթ ամիս։ Իմպիչմենտի մասին ընդդիմադիրները խոսում էին դեռ Բագրատ Գալստանյանի (կալանավորված է) «Սրբազան պայքարի» օրերին։ Պարզ էր, որ սա ոչ մի տեղ չտանող նախաձեռնություն է․ իմպիչմենտի հարցը Ազգային ժողով մտցնելու համար չկային նույնիսկ պատգամավորների անհրաժեշտ քվեներ։ Հետո իմպիչմենտի թեման բռնեցին Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, որը հիմա բլոգեր-հաղորդավար է աշխատում, և նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին խորհրդական, քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանը։ Նրանք խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեցին իմպիչմենտի գործընթաց սկսել, և «Պատիվ ունեմը» լծվեց այդ գործին։ Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ վարչապետի թեկնածու իրենցից ոչ մեկ չունի։

4d81fc4a-ebcd-4e0e-0499-08dd82022d88_cx0_cy32_cw0_w1023_r1_s (1)
Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը խնդրում էին իմպիչմենտ սկսել

ԱԺ ընդդիմադիր երկու ուժերից՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներից յուրաքանչյուրը հայտարարում էր, որ պատրաստ է քվեարկել մյուս ուժի առաջադրած վարչապետի թեկնածուին, բայց պարտաստ չէ սեփական թեկնածու առաջադրել։ Այլ կերպ ասած՝ հանրապետականները ուզում էին, որ ինքնաառաջադրվի Քոչարյանը, իսկ քոչարյանականներն ուզում էին, որ հանրապետականները, որոնք նախաձեռնել են այս պատմությունը, սեփական թիմից մարդ գտնեն։ Խառնաշփոթը վերածվեց ընդդիմադիրների միջև առճակատման, և գործին միացան ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավորները՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։ Նրանք առաջարկեցին Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։ Քոչարյանի և Սարգսյանի դաշինքները մերժեցին։ Մարուքյանը, ի հերթիին, առաջարկեց բանտարկված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի թեկնածությունը։ Աջապահյանը հրաժարվեց։

Հետո «Պատիվ ունեմն» առաջադրեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, որին դատարանը վերջերս 6 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտել։ Համբարձումյանը հիմա բանտում է, բայց այն ժամանակ դեռ ազատության մեջ էր։ Ընդդիմադիր ուժերից 4 ամիս պահանջվեց՝ հասկանալու համար, թե ինչ տեխնիկական ընթացակարգով է պետք ձևակերպել առաջադրման փաստաթղթերը։ 

Որպեսզի իմպիչմենտը հաջողության հասներ, ընդդիմությանը անհրաժեշտ էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներից առնվազն 18-ը  ճամբարափոխ լինեն և քվեարկեն իրենց նախաձեռնության օգտին։ «Պատիվ ունեմը» հայտարարել էր, որ գտել է այդ 18 պատգամավորներին։ Բայց երբ իմպիչմենտի նախագիծը մտավ ԱԺ, նույնիսկ ընդդիմադիրները դրան կողմ չքվեարկեցին․ 34 ընդդիմադիր պատգամավորներից 10-ը նիստին առհասարակ չէին եկել։

***

photo_2025-11-06_02-24-21
Գարեգին Բ-ն՝ կենտրոնում, Միքայել Աջապահյանը՝ աջից

Հայ առաքելական եկեղեցին ընտրություններին թեկնածու լինել չի կարող։ Սառեցված արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի «Սրբազան շարժումը» անցած տարի փողոցային իշխանափոխության հասնել չկարողացավ և հայտարարեց 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին։ Բայց Գալստանյանը և նրա թիմակիցները հիմա կալանավորված են և մեղադրվում են հեղաշրջման փորձի մեջ։ Քաղաքական հայտ դեռ չեն ներկայացրել։

Նախկինում եկեղեցին սատարում էր Քոչարյանին, բայց հիմա նոր դաշնակից է գտել․ կաթողիկոս Գարեգին Բ-ն արդեն հասցրել է օրհնել Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, հոգևորականները մասնակցում են նրանց հանրահավաքներին, աղոթում և ելույթներ ունենում ամբիոններից։ 

photo_2025-11-06_02-19-22
վարչապետը հանրային տրանսպորտում

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» հատկապես ոգևորված է Վաշինգտոնում «նախաստորագրված խաղաղությունից» հետո, որը ներկայացվում է որպես ռեաբիլիտացիա Ղարաբաղի պատերազմում պարտությունից, հայ-ադրբեջանական սահմանային բախումներից, հազարավոր զոհերից, Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո։ Քարոզչական գործիքները նույնն են՝ եթե չլինենք մենք, կլինի պատերազմ, բայց սկանդալների առիթները անընդհատ փոխվում են՝ պատարագային վեճեր, մարճումահակ, «կառավարությունը ես եմ», «պետության համը մնալու է բերաններդ» և այլն։

Զուգահեռաբար․

— Վարչապետը ամեն օր կարճ հոլովակներ է հրապարակում՝ լսում է երգեր, տխրում է պատկերավոր, ժպտում, սրտիկներ է անում մատներով,
— Վարչապետը հեծանիվով գնում է աշխատանքի,
— Նա առակներ է կարդում քաղաքացիների համար,
— Խորոված է սարքում տեսախցիկի առաջ,
— Առնում է նոր գլխարկներ,
— Նրա պատգամավորները ծաղրում են ընդդիմադիր գործընկերներին,
— Կինը անդադար լուսանկարվում է գիրք կարդալուց,
— ՔՊ-ին սպասարկող լրատվական կայքում պատգամավորները հաղորդավար են աշխատում,
— Նրանք խոսում են «Չորրորդ հանրապետության» հիմնադրման մասին, որը փոխարինելու է գալիս «Իրական Հայաստանին», որը փոխարինել էր օջախապետությանը․․․
— Հայաստանում գաղտալսում են ընդդիմադիրներին, պարբերաբար արտահոսքեր են լինում,
— Կասկածելի ընդդիմադիրների ուղղորդված կալանավորումները շարունակվում են,
— Փաշինյանը տարված է կաթողիկոսի դեմ պատերազմով, մասնակցում է Հովհաննավանքի կագալույծ քահանայի ներկայացումներին, շարունակում է սաղմոսներ կարդալ,
— Որոշ (հաճախ կիսատ-պռատ) բարեփոխումներ են նախաձեռնում՝ առողջապահական ապահովագրության նոր նախագիծ, պետաշխատողների աշխատավարձը բարձրացնելու խոստումներ, տաքսիստների կուտակած տուգանքների համաներում, զինվորական ծառայության ժամկետի կրճատում։