Սահմանամերձ Տեղ գյուղում բռնվելուց մեկ շաբաթ անց զինծառայողին վերադարձրել են Ադրբեջան։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանում դադարեցվել է։ Հայտնաբերման օրը վարկած էր շրջանառվում, որ Ռուսլան Փանախովը և մեկ այլ զինվորական, որին չեն բռնել, փախել են ծառայակիցների հետ ունեցած վեճի արդյունքում։
Մարտի 5-ին Փանահովը արդեն Բաքվում է։ Ադրբեջանցի զինծառայողը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է. «Ես գիտեի որ նախագահ Ալիևը ինձ կփրկի գերությունից»։
«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն», – ասված է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախօրեին տարածված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ԱԿՄ ինքնաձիգով ու 1 պահատուփով զինված մոլորվածին վնասազերծել են Պաշտպանության նախարարության զինծառայողները։ Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը ասել էր, որ ադրբեջանցիները երկուսն են եղել, մեկին էր հաջողվել բռնել։
Ըստ ավագանու անդամի և Հայաստանի Քննչական կոմիտեի Ռուսլան Փանախովը փետրվարի 28-ին Տեղ գյուղի հատվածում՝ հայկական զինված ուժերի դիրքերի մոտակայքում էր հայտնվել ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:
Բռնելու օրը Արգամ Հովսեփյանը նշել էր՝ գիշերվանից ադրբեջանական մոտակա դիրքում անհանգիստ էր, ենթադրել է՝ ներքին վեճ է եղել, հավանաբար այդ պատճառով էլ երկու զինծառայողներ փախել ու հայտնվել են հայկական կողմում։
Ադրբեջանի ՊՆ-ից հաղորդել էին, թե զինծառայող Ռուսլան Փանախովը «եղանակային վատ պայմաններում կորցրել է կողմնորոշումը և մոլորվել» Լաչինի շրջանում։
Վերջին մի քանի տարիների ընթացքում առնվազն 7 հայ զինծառայող է մոլորվել կամ առևանգվել Սյունիքի սահմանագոտում։ Սակայն նրանք ավելի ուշ վերադարձվել են հայկական կողմին, այդ թվում՝ տարեվերջին։ Դեկտեմբերին Բաքուն 32 հայ գերիների վերադարձրեց։ Իր հերթին, հայկական կողմը Բաքվին հանձնեց Սյունիք ներթափանցած երկու ադրբեջանցի զինծառայողներին, որից մեկը դատապարտվել էր Զանգեզուրի կոմբինատի պահնորդի սպանության համար։
Ադրբեջանի բանտերում հիմա 23 հայ է պահվում, 8-ը Արցախի նախկին ղեկավարներն են, 6-ը՝ քաղաքացիական անձինք , 9-ը՝ ռազմագերիներ։