Home / Հայաստան / Ռուսական զորքերի մի մասը չի հեռանալու Հայաստանից

Ռուսական զորքերի մի մասը չի հեռանալու Հայաստանից

44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց գործունեությունը և դուրս կբերվեն այդ տարածքներից՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո «ձեռք բերված պայմանավորվածությունները» ամփոփել է խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նրա փոխանցմամբ, բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներնի դուրսբերման որոշումը:

Ռուսաստանի վերընտրված նախագահի խոսնակը հաստատել է տեղեկությունը։

«2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականները և սահմանապահները տեղակայվեցին մի շարք հայաստանյան մարզերում: Փաշինյանն ասաց, որ նման կարիք այլևս չկա։ Նախագահ Պուտինը համաձայնեց։ Մեր զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցված է», – ասել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով․

«Հայկական կողմի խնդրանքով [ռուս] սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին և կշարունակեն իրականացնել իրենց գործառույթները»:

Ռուս սահմանապահների հենակետերը Տավուշում և Սյունիքում են հայտնվել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ առանց մանդատի ու պայմանագրի:

Ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները վաղաժամկետ լքում են հայաթափված և անմարդաբնակ դարձած Լեռնային Ղարաբաղը։ Ռուսական տանկերն ու զրահամեքենաները Գյանջայով շարժվում էին դեպի հայրենիք։ Գորիսում լրագրողները ֆիքսել էին՝ Լաչինի շրջափակված միջանցքով բեռնատարների շարասյուն է մտել նաև Գորիս։ Նրանք եկել են, որ հեռանան՝ ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը․ «Խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ավտոշարասյունով ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար»։ Մի քանի օր անց շարասյունը վերադաձավ Լեռնային Ղարաբաղ։

Ապրիլին Հայաստանի կառավարությունը տեղեկացրեց, որ Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումից հետո ռուս սահմանապահները դուրս են բերվելու նաև այնտեղից։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», – ասաց Փաշինյանը։

Այն մասին, որ «Զվարթնոցում» ռուս սահմանապահների 30-ամյա ծառայությունը մոտենում է իր ավարտին, հայտարարվել էր ավելի վաղ։ Փաշինյանը նշել էր, որ ռուսական ԱԴԾ-ի սահմանապահ զորքերը հայկական օդանավակայանը լքեն օգոստոսի 1-ին։

Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը

Երևանը ձեռնպահ է մնացել «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, Պուտին-Փաշինյան հանդիպման նախաշեմին հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ ֆինանսավորումը։ Երևանի պաշտոնական ներկայացուցիչները արդեն տևական ժամանակ է չեն մասնակցում նաև Ռուսաստանի ղեկավարած ռազմական դաշինքի ժողովներին, հանդիպումներին և զորավարժություններին։ Հայաստանի վարչապետը սա անդամակցության դե ֆակտո սառեցում է անվանում, որը դե յուրե ձևակերպված չէ։