Home / Բնապահպանություն / Մեզ քո իրավունքները չեն հետաքրքրում. քննարկում Վեդիում

Մեզ քո իրավունքները չեն հետաքրքրում. քննարկում Վեդիում

Արարատի մարզում Կարմիր սարի վրա քարի հանք բացելու հանրային լսումները կեսից ընդհատվեցին։ Գինեվետի գյուղապետարանում հոկտեմբերի 13-ին հանքին կողմ և դեմ գյուղացիները, բնապահպաններն ու պաշտոնյաները իրար մեղադրում էին կարգը չպահելու, ծախված լինելու, գյուղատնտեսությունը վերացնելու և մի շարք այլ մեղքերի մեջ։ Հանք բացող «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, որոնք ամբողջ ընթացքում ոչ մի հարցի սպառիչ պատասխան այդպես էլ չտվեցին, վիճաբանությանը չէին խառնվում։

Կարմիր սարը շահագործելու թույլտվության համար նախորդ տարի դիմել էր «Օրդ» ՍՊԸ-ն, իսկ նրա հետ փոխկապակցված «Օրդ գրուպը» հայտ էր ներկայացրել ցեմենտի գործարան կառուցելու համար։ Տեղական իշխանությունները նախորդ լսումներին պահանջել էին, որ «Օրդ» ՍՊԸ իր շահույթի 10 տոկոսը տա համայնքին, իսկ հանքի աշխատատեղերի 70 տոկոսը՝ տեղի բնակիչներին։ Ընկերությունը համաձայնել էր։ Շրջակա միջավայրի նախարարությունը, սակայն, ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն էր տվել նախագծին։ 

Մեկ տարի անց «Օրդ Գրուպը» ցանկանում է և՛ հանք, և՛ ցեմենտի գործարան բացել սարի տարածքում։ Նախորդ նախագծի պարամետրերը փոխվել են․ 62-ի փոխարեն ընկերությունը համայնքից ուզում է մոտ 54 հեկտար տարածք՝ զուգահեռ խոստանալով ավելի շատ աշխատատեղեր։ Եթե անցած տարվա ծրագրով ընկերությունն առաջարկում էր 300-400 աշխատատեղ, հիմա խոստանում է մոտ 600-ը։ «Օրդ գրուպը» նաև խոստանում է բացահանքի շուրջ եռաշերտ ծառատունկ և ջուր՝ ոչ միայն իր կարիքների, այլ նաև ֆերմերների համար։ Նոր նախագծի շրջանակներում համայնքապետարանն ու «Օրդ Գրուպը» արդեն հուշագիր են ստորագրել համայնքին փոխանցվող 10% շահույթի և աշխատատեղերի 70%-ի վերաբերյալ։

Բնապահպանները հարցնում են՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեծ տարածքի համար աշխատատեղերն ավելի քիչ էին։ Նրանք նաև վստահ են, որ ընկերությունը 54 հեկտարով չի սահմանափակվելու, եթե պատրաստվում է ցեմենտի գործարան բացել։

«Ասենք թե երկու-երեք տարում էդ 54 հեկտարից քարը հանեցին, տարածքը վերջացավ, հո գործարանը չեն հավաքելու ու գնան, պարզ է, որ աչք ունեն ամբողջ սարի վրա», – Epress.am-ի հետ զրույցում նշել է հանքին դեմ գյուղացիներից մեկը։

Արդյունաբերությանն առավել դեմ են խոշոր ֆերմերները։ Նրանցից մեկը Դանիայից է հասել Գինեվետ՝ հանրային լսմանը մասնակցելու համար։ Ֆերմերը վստահ է՝ ցեմենտի գործարանի փոշին կսպանի իրենց ծաղկող գյուղատնտեսությունը։ Փոքր այգիներ ունեցող գյուղացիներն էլ հակադարձում են՝ հանքը դեռ չկա, բայց իրենց ծառերի մեծ մասն արդեն իսկ վերացել են։ Պատճառը ոչ փոշին, ոչ էլ ջրի պակասն է, այլ իրենց համայնքներում հողի խճային բնույթը։ 

«Մենք գյուղատնտեսությամբ ընտանիք պահել չենք կարողանում, խոշոր ֆերմաները աշխատատեղ համարյա չեն ապահովում՝ լավագույն դեպքում սեզոնին 10-20 հոգի օրավարձով աշխատի, իսկ հանքը կզարգացնի համայնքը, աշխատատեղ կստեղծի։ Մեզ ասում են ապագայում սենց կլինի-նենց կլինի, իսկ մենք հիմա ենք ապրում։ Մեռնենք, ինչ է թե ապագայում ինչ-որ բան էն չի լինի», – պատմել է մեր զրուցակիցներից մեկը։

Հանքի կողմնակիցները վստահեցնում էին՝ արդյունաբերությանը դեմ են միայն Երևանից եկած բնապահպանները և Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանի աշխատողները, որոնք խուսափում են մրցակցությունից։ Բնապահպաններն էլ վերջիններիս էին մեղադրում կաշառված լինելու մեջ։

«Օրդ գրուպը» այդպես էլ չպատասխանեց, թե հանքի բացման պարագայում ինչ քանակի փոշի է արտադրվելու, ինչպես են այդ փոշին զեզոքացնելու և որտեղից են հանքի և ֆերմերների համար ջուր բերելու։