Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ է հասել ֆրանսիական 15 զինվորականներից բաղկացած զորախումբը։ Եվրոպական մի քանի այլ երկրներ էլ են ռազմական մասնագետներ ուղարկում Նուուկ՝ «Արկտիկական դիմացկունություն» կոչվող զորավարժություններին մասնակցելու համար։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է ամերիկյան վերահսկողություն սահմանել 57 հազար բնակչություն ունեցող կղզու նկատմամբ, նույնիսկ եթե ստիպված լինի դրան հասնել ուժային ճանապարհով։ Նրա խոսքով՝ կարևոր ռազմավարական դիրք և հարուստ ընդերք ունեցող Գրենլանդիան կենսական կարևորություն ունի ԱՄՆ անվտանգության ապահովման համար, և եթե Ամերիկան չվերահսկի այն, ապա կղզին կփորձեն գրավել Ռուսաստանն ու Չինաստանը։
Նախագահության առաջին ժամկետի ժամանակ Թրամփն առաջարկում էր գնել Գրենլանդիան։ Երկրորդ նախագահության ժամանակ առաջարկը վերածվել է սպառնալիքի։ Գրենլանդիան և Դանիան բազմիցս հայտարարել են, որ կղզին չի վաճառվում։ Դատապարտել են ուժով գրավելու սպառնալիքները։ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները պաշտպանում են Դանիայի դիրքորոշումը։ ԱՄՆ նախագահը, սակայն, վստահ է, որ Դանիան «ի վիճակի չէ դիմադրել», օրինակ՝ Ռուսաստանին և Չինաստանին։ «Խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանը կամ Չինաստանը որոշեն գրավել Գրենլանդիան, Դանիան ոչինչ անել չի կարող, իսկ մենք կարող ենք անել ամեն ինչ։ Դուք դրանում համոզվել եք անցյալ շաբաթ՝ Վենեսուելայի օրինակով», — հունվարի 14-ին օվալաձև սենյակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թրամփը։
Հունվարի 14-ին Գրենլանդիայի և Դանիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ներկայացուցիչների հետ, բայց համաձայնության հասնել չի հաջողվել։ Դանիայի Արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հայտարարել է, որ բանակցությունները կառուցողական են, բայց երկու կողմերի միջև «ֆունդամենտալ տարաձայնություններ» կան։
«Գրենլանդիան գրավելու ամերիկյան ամբիցիաները շարունակում են մնալ ուժի մեջ», — Reuters-ին ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ «Գրենլանդիան չի ուզում պատկանել Միացյալ Նահանգներին, չի ուզում կառավարվել Միացյալ Նահանգների կողմից, չի ուզում լինել Միացյալ Նահանգների մասը»։
Մինչ այդ Գրենլանդիայի և Դանիայի ներկայացուցիչները հայտնել էին, որ մեծացնում են ռազմական ներկայությունը կղզում և դրա շուրջը։ Նախատեսվող զորավարժություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են Ֆրանսիան, Շվեդիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Նիդերլանդները։ Նախատեսվում է մշտական ռազմական ներկայություն ապահովել ռոտացիոն համակարգով։ Թե կոնկրետ ինչքան զորք են պատրաստվում կենտրոնացնել կղզում՝ ոչ ոք չի ասում։
Այս պահին զորավարժությունների համար Գրենլանդիա ուղարկված զինվորականների թիվն աննշան է։ Գերմանիայից Նուուկ են հասել 13 զինվորներ։ Նրանք կղզում մնալու են մինչև հունվարի 17-ը։ Ֆրանսիան Նուուկ է ուղարկել լեռնային տարածքներում մարտական գործողությունների իրականացման 15 մասնագետների։ Շվեդիայից Գրենլանդիա են գնացել 3 հրամանատարներ, Նորվեգիայից՝ 2, Ֆինլանդիայից՝ 2, Նիդերլանդներից՝ 1, Մեծ Բրիտանիայից՝ 1։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ պաշտոնական Վարշավան Գրենլանդիա զորք ուղարկել չի պատրաստվում։ Նրա խոսքով ԱՄՆ ռազմական միջամտությունը կղզում «քաղաքական աղետի կբերի». «ՆԱՏՈ անդամ երկրի կողմից ՆԱՏՈ անդամ մեկ այլ երկրի հետ հակամարտությունը աշխարհի վերջը կլինի, առնվազն այն աշխարհի, որ մենք գիտենք, այն աշխարհի, որը տարիներ շարունակ ապահովում էր մեր անվտանգությունը»։
Լարս Լյոկե Ռասմուսենը նշել է, որ կղզում այս պահին շուրջ 200 ամերիկական զինվոր կա՝ անհամեմատ ավելի քիչ, քան սառը պատերազմի տարիներին։
Ինչ կապ ունեն բիզնեսմենները
Ամերիկյան մեծահարուստ բիզնեսմենները տարիներ շարունակ բաց խոսել են Գրենլանդիան գրավելու անհրաժեշտության մասին։ Շատերը, այդ թվում՝ Ջեֆ Բեզոսը, Բիլ Գեյսթը, Մայքլ Բլումբերգը, հսկայական ներդրումներ են կատարել կղզում։ Արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց Գրենլանդիայով հետաքրքրվածությունը միայն մեծանում է։
2018 թվականին Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Guardian-ին պատմել էր, որ Գրենլանդիան Դանիայից գնելու մասին Թրամփը սկսել է մտածել բիզնեսմեն Ռոնալդ Լաուդերի (Estée Lauder համաշխարհային կոսմետիկ ապրանքանիշի սեփականատեր) առաջարկով։ Լաուդերն ու Թրամփն այդ ժամանակ արդեն շուրջ 60 տարվա ընկերներ էին։
Դանիական Politiken թերթի տվյալներով, այդ ժամանակվանից ի վեր Լաուդերը ներդրումներ է կատարել քաղցրահամ ջրերի շշալցմամբ զբաղվող ոչ շահութաբեր գրենլանդական կազմակերպությունում։ Դրա համասեփականատերը Գրենլանդիայի Արտաքին գործերի նախարարի ամուսինն է, ով ևս իշխող կուսակցության անդամ է։
Ջեֆ Բեզոսը, Բիլ Գեյթսը և Մայքլ Բլումբերգը 2019 թվականից սկսած ներդրումներն են անում Kobold Metals կազմակերպությունում, որը զբաղվում է էլեկտրական սարքավորումներում կիրառելի հազվագյուտ հողային տարրեր որոնելով։
OpenAI արհեստական բանականության մշակմամբ զբաղվող ընկերության ղեկավար Սեմ Օլթմանը Kobold Metals-ում ներդրումներ է անում սկսած 2022-ից։
Paypal և Palantir կորպորացիաների սեփականատեր Փիթեր Թիլը 2021 թվականին հիմնել է Praxis ստարտափը, որի նպատակն է Գրենլանդիայում տեխնոլոգիապես զարգացած «ազատության քաղաք» հիմնելը։ Թիլի նախագծած քաղաքում օրենսդրական կարգավորումները կորպորացիաների համար հասցվելու են նվազագույնի։ Սա մասն է Սիլիկոնյան հովտում վաղուց տարածված շարժման, որի նպատակն է աշխարհի տարբեր երկրներում, նաև՝ ԱՄՆ-ում, հիմնել ՏՏ կազմակերպությունների համար բացառիկ արտոնություններով քաղաքներ, որոնցում «օրենքը չի խանգարի առաջընթացին»։
Epress.am Լուրեր Հայաստանից