Գործարար Սիլվա Համբարձումյանը չի բացառել, որ ԱԺ առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Սյունիքի մարզում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Դեռ մտածելու ժամանակ ունեմ, մեկ ամիս հետո ավելի լիարժեք կասեմ»,-թերթի թղթակցին հայտնել է Համբարձումյանը`հավելելով, որ եթե առաջադրվի`հաստատ կհաղթի:
2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզից պատգամավոր է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը: Թերթի աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը PR նկատառումներով թույլ չի տալու, որ այս անգամ Սաշիկը պատգամավորի թեկնածու առաջադրվի: Հնարավոր է, որ սույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվի նաև Սյունիքի մարզպես Սուրեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 14-ին «Մարիոթ» հյուրանոցի մոտ իր վրա էր հարձակվել Սուրեն Խաչատրյանը և ծեծի ենթարկել:
Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 118-րդ հոդվածի հատկանիշներով (Ծեծը. պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով):