ԱԱԾ-ն հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի ընթացքի մասին` հորդորելով բավարարվել միայն տարածված հայտարարությամբ:
Նման կերպ են արձագանքել ԱԱԾ-ի լրատվական վարչությունից Epress.am-ի այն հարցին, թե հայտարարությունում հրապարակված դրամաշորթման մասին տեղեկությունը հրապարակելն արդյոք չի խախտում անմեղության կանխավարկածը, կամ եթե դրամաշորթման մասին հրապարակված տեղեկությունը հստակ է, ապա ինչու խափանման միջոց չի սահմանվել:
Փաստաբան Հարություն Բաղդասարյանը Epress.am-ի հետ զրույցում բացատրել է, որ համաձայն դատավարության օրենսգրքի` նախաքննական մարմինը իրավունք ունի դատավարության մյուս մարմիններին արգելել գործի քննության ընթացքում գործի մասին տեղեկատվություն հրապարակել, սակայն ինքը ունի արտոնություն իր հայեցողությամբ հրապարակել այս կամ այն դետալը:
Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից գումարների լվացման մասին մանրամասների հրապարակումը, ըստ փաստաբան Հայկ Ալումյանի, արդարացված է, եթե հաշվի առնենք, որ Օսկանյանը հանրության համար հետաքրքրություն ներկայացնող անձ է:
Ինչ վերաբերվում է խափանման միջոցի ընտրությանը` Ալումյանը ասել է, որ դա կարելի է անել միայն այն բանից հետո, երբ Օսկանյանին որպես կասկածյալ հարցաքննեն:
Փաստաբանները նաև հիշեցրել են, որ Օսկանյանը պատգամավոր է և ունի անձեռնմխելիություն, այսինքն` նրա դեմ խափանման միջոց կիառելուց առաջ պետք է նախ ԱԺ-ից որոշում ստանալ: