Սահմանադրական դատարանը գրավոր ընթերցման կարգով այսօր քննել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումը և մերժել է այն: Այս մասին Epress.am-ին հայտնել է «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Վահագն Հովակիմյանը:
Փաշինյանը պահանջում էր անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել Սամվել Ալեքսանյանը:
Հովակիմյանի խոսքով` դիմումը մերժելով՝ ՍԴ-ն պարզապես փորձել է խուսափել անդրադառնալ այն բոլոր փաստերին, որոնք ներկայացրել է Փաշինյանը:
«Իր մերժումը ՍԴ-ն պատճառաբանել է երկու չակերտավոր փաստարկ բերելով. ըստ ՍԴ-ի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դիմեր դատարան և ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Երկրորդ` ՍԴ-ն կարծում է, որ դիմողի իրավունքները խախտվել են օրենքը տարընթերցելու պատճառով: Օրենքի տարընթերցում հնարավոր չէ, որովհետև օրենքն ասում է, որ ընտրական խախտումների մասին հայցով դատարան կարող է դիմել միայն Ընտրական հանձնաժողովը»,- ասել է Հովակիմյանը: