Անցյալ շաբաթ Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը ՌԱՀԿ կենտրոնում հրավիրված սեմինար-քննարկման ընթացքում հայտարարել էր, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան Երևան կվերադառնա այս շաբաթ և կշարունակի իր աշխատանքը։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ դեսպանի վերադարձը հարցականի տակ է դրվել այն բանից հետո, երբ մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանը «դեմ» է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձևին։
Այս մասին թերթին հայտնել է հենց Ռոմանը։ Վերջինս, սակայն, ցանկացել է զերծ մնալ մեկնաբանություններից՝ նշելով, որ հավելյալ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ Կիևից որևէ նոր տեղեկություն տրամադրելու հրահանգ չունի։
«Այս պահին դեսպանի վերադարձի մասին ինֆորմացիա չունեմ։ Ես անցյալ շաբաթ ասել էի, որ դեսպանը հնարավոր է վերադառնա Երևան և դա ասել եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քվեարկությունից առաջ»,– թերթի հետ զրույցում ասել է դեսպանատան աշխատակիցը։