Home / Բանտ / Հինգ հարց ու պատասխան ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումներից

Հինգ հարց ու պատասխան ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումներից

– Ե՞րբ է ուժի մեջ մտնում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

– Օրենքն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունիսի 29-ից:

– Օրենքն ի՞նչ կարգավորում է նախատեսել ցմահ դատապարտյալների համար:

– Ելնելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու կարևորությունից՝ առաջարկվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու համար նախատեսել, որ

1) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն տասնհինգ տարին կրելուց հետո,

2) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսաբաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն տասնութ տարին կրելուց հետո,

3) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո։

– Ո՞ր մարմինն է փոխում պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը:

– ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը և ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու պահանջները:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արդյո՞ք ցմահ ազատազրկման դատապարտված անձինք միանգամից կկարողանան տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ:

– Ոչ: Օրենքի կարգավորումից բխում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք միայն աստիճանաբար կարող են տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ: 

Մասնավորապես՝ 

  1. փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել միայն կիսափակ ուղղիչ հիմնարկ` պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո, 
  2. կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել միայն կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ պատժի առնվազն տասնութ տարին կրելուց հետո, 
  3. կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ՝ պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:

Այսինքն՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կիսափակ կարող է տեղափոխվել փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու պարագայում, կիսաբաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում, իսկ բաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում:

– Արդյո՞ք պատժի կրման ժամկետն է ամենակարևոր գործոնը մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող հիմնարկ տեղափոխվելու համար:

Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող հիմնարկ տեղափոխվելու հիմքում չի դրվում միայն այն հանգամանքը, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կրել է Օրենքով նախատեսված պատժի համապատասխան ժամկետը, այլ անհրաժեշտ է նաև, որ վերջինս տվյալ պահին պատիժ կրելիս լինի նաև Օրենքով նախատեսված համապատասխան ուղղիչ հիմնարկում:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն