2018-ի թավշյա հեղափոխությունից հետո բանակում սպանությունների դեպքերով քրգործերի բացահայտան և հասարակության վստահության վերականգնման տեսանկյունից ոչինչ չի փոխվել, փաստում են սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի մասնակիցները։ Մասնավորապես, խոսվեց Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված մոնիթորինգային խմբի գործունեության մասին, որից դժգոհ են անդամ-կազմակերպությունները։
«2014-2019 թվականների ընթացքում զինված ուժերում ունեցել ենք 349 զոհ․ 2014-ին գրանցվել է 44 մահվան դեպք, 2015-ին՝ 57 դեպք, 2016-ին՝ 140 դեպք, 2017-ին 56 դեպք, 2018-ին՝ 37 դեպք, 2019-ի սեպտեմբերի 12-ի դրությամբ՝ 15 դեպք է արձանագրվել։ Թվերն, իհարկե, մեծ են մեր փոքր ազգի համար», – հայտարարել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության պետ Պերճ Այվազյանը։ Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեն երբևէ այսքան թափանցիկ չէր գործել, որքան հետհեղափոխական շրջանում՝ վերջին մեկ տարվա ընթացքում։
– Մենք չենք տեսնում այդ թափանցիկությունը, ֊ հնչեց ձայն դահնլիճից։
– Ես կխնդրեմ չընդհատել։ Լավ չեք դիտում, որ չեք տեսնում, ֊ արձագանքեց Այվազյանը։
Վերջինիս խոսքի ընթացքում ներկաներն՝ այդ թվում ասուլիսի այլ մասնակիցները, չէին դիմանում և փորձում էին առարկել։ Ըստ Այվազյանի՝ իրենք 10 հասարակական կազմակերպությունների հետ մոնիթորինգի խումբ էին ձևավորել, որի մասնակիցների մի մասը ներկա էր ասուլիսին։ Եվ Քննչական կոմիտեի ներկայացուցչի՝ «ձևավորել ենք մոնիթորինգի խումբ, որը կոնկրետ գործերով ուսումնասիրություններ է կատարում, գործերով, որոնք անգամ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն մենք պարտավոր չենք տրամադրել կողմերին, եթե նախաքննությունն ավարտված չէ․․․» խոսքերն ակնհայտորեն «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դժգոհությունն առաջացրեցին։
– Ի՞նչ է նշանակում՝ պարտավոր չենք։ Դուք էդ պայմանով եք հանդիպել հ/կ֊ի հետ, ասում եք՝ պարտավոր չեք։ Խումբը ձևավորվել է էդ պայմանավորվածություններով։
Դահլիճից լսվեց «Խաղաղության երկխոսության» ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի ձայնը․
– Դուք իրավունք ունեք տրամադրել, որովհետև խմբի անդամներից յուրաքանչյուրը ստորագրություն է տվել․․․ Դուք ասում եք՝ իրավունք չունենք, ես ասում եմ՝ ունեք․․․
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը նկատեց՝ Թավշյա հեղափոխությունից հետո մեծ հույս ուներ, որ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերը կբացահայտվեն։ Սակայն մինչ այժմ պարզ չէ՝ ի՞նչն է պատճառը, որ դրանք տեղից չեն շարժվում։
«Դուք բերեցիք դեպքերի ստատիստիկա, շատ հետաքրքիր կլիներ հասկանալ, թե էսքան գործերից, որոնք կապված են սպանությունների, ինքնասպանությունների հետ, ի՞նչ բացահայտումներ ունենք», ֊ ասաց Խաչատրյանը՝ դիմելով Այվազյանին։
Որպես ասուլիսի նպատակ նշվեց անհրաժեշտությունը՝ համակարգային տեսանկյունից հասկանալ, թե ինչ է պետք անել, որ գործերը բացահայտվեն և վերականգնվի հասարակության վստահությունը քննչական մարմինների նկատմամբ։ Դատելով ներկաների արձագանքից, վստահության մակարդակը շատ ցածր է։ «Զրո է», – կրկին լսվեց Ռուբեն Մարտիրոսյանի ձայնը։
«Խաղաղության երկխոսություն»-ը Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված խմբի անդամն էր, սակայն մի քանի ամիս առաջ որոշեց լքել այն։ Պատճառներից մեկն էր՝ կազմակերպության գրավոր դիմումին ի պատասխան չեն տրամադրվել քրեական գործերի նյութերը․ «Վալերի Մուրադյանի գործն էինք մենք ուսումնասիրելու, և գործը մեզ չի տրամադրվել գրավոր հիմնավորմամբ, թե ինչի չի տրամադրվում։ Դրանից հետո պարզվում ա, որ նյութերը տրամադրվել են արդեն խմբի այլ անդամ-կազմակերպություններին։ Ինձ հետաքրքիր է, տրամաբանությունը չեմ հասկանում, ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում՝ որ կազմակերպությանը տրամադրել»։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ Քննչական կոմիտեն ի սկզբանե խախտեց պայմանավորվածությունն այն մասին, որ պետք է բերվեր ցուցակ, որից կազմակերպությունները գործեր կընտրեին և կուսումնասիրեին․ կառույցն այդ ցուցակը չտրամադրեց։
«Հաջորդը՝ Էդգարին ասում էին․ Վանաձորից արի, Քննչական կոմիտեում նստի, այդ գործը կարդա, եթե շատ ես ուզում։ Հետո, երբ Էդգարը դուրս եկավ, քննարկեցինք, առաջարկեցին, որ կարելի է Վանաձորի քննչական կոմիտե բերել, ոչ թե գործը տալ Էդգարին։ Իսկ գործը տալու դեպքում պարտադրում են, որ դու ներգրավվես որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ինչին մենք այդքան էլ կողմ չէինք, բայց Քննչականը շարունակեց պնդել դա։ Չնայած ի սկզբանե չի եղել այդպիսի պայմանավորվածություն, մենք ստիպված եղանք վերցնել այդ գործերը», ֊ պատմել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ տարաձայնությունների դեպքում, խմբի աշխատանքների ընթացքում իրենց անհամաձայնությունը «չէր անցնում»։
«Թվում էր, թե թավշյա հեղափոխությունից հետո ամեն բան պետք է ուղղվեր, սակայն տարիներ շարունակ բռնի ուժով պահված իշխանական համակարգը փոխելն այդքան էլ հեշտ չէ։ Բանակում դեռ խորհրդային տարիներից ժառանգել ենք մի շարք չգրված կանոններ, ու հիմնական պատճառն այստեղ է», ֊ իր հերթին, ասել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը։
Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել՝ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունեցել, սա համակարգային խնդիր է, դրա պատճառները խորքային են։ Շուշանյանի խնդիրը կապում է այն բանի հետ, որ երկար տարիներ ժողովրդին պատկանած իշխանությունը յուրացված էր եղել։ Այն յուրացվել է, իսկ իշխանությունը պահելու համար վարչակազմերը մի քանի լծակներ են ունեցել․
«Հիմնական բաղադրիչներից մեկը եղել է բռնի ուժը, ռեպրեսիվ մեքենան։ Եվ գնալով, այդ բռնի ուժի նշանակությունն ավելի է մեծացել։ Զինված ուժերում գործել է հարաբերությունների մի մոդել, որը Խորհրդային ժամանակներից ժառանգություն ա մնացած եղել մեզ, չգրված օրենքներ են գործել՝ յուրայիններին չնեղացնելու, շատ բաների վրա աչք փակելու, որպեսզի այդ համակարգը ներսից կուռ մնա և ծառայի իր նպատակին՝ ռեպրեսիվ մեքենայի անխափան աշխատանքին»։
Ներկաների համոզմամբ՝ Զինված ուժերն ու իրավապահ համակարգը դատապարտված են եղել «սերտ համագործակցությանը»․ պատկերն այսօր չեն փոխվել։
2010 թվականին բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի կարծիքով ևս՝ ամբողջ համակարգը նույնն է․ նույն քննիչները, նույն դատավորները, կոծկողներն այսօր հանձնաժողովի ղեկավար են դարձել․ «Հեղափոխությունն էլ մեզ շատ հիասթափեցրեց, որովհետև ոչ մի բան չի փոխվել։
Որ ասում են՝ Քննչականը թափանցիկ է աշխատում, դա 100 տոկոսանոց սուտ է։ Չկա տենց բան։ Մինչև էսօր ոչինչ չի փոխվել, ոչ մի բան չի արվել կոնկրետ մեր գործերում։ Ասում են՝ այ, հեղափոխությունից հետո կասեցումից գործը հանվել ա․․․ Այն ժամանակ էլ էր հանվել, մեր քրեական գործն արդեն երրորդ անգամն է հանվել։ Լավ, կասեցումից հանվել ա, բա դրանից հետո ի՞նչ ա արվել։ Ոչինչ չի արվել։ Հիմա որտեղ գնում ենք, որ դուռը թակում ենք, մեզ ասում են՝ ձեր գործերով հանձնաժողով ա ստեղծված»։
Գրեթե 10 տարի բոլոր գերատեսչությունների մոտ բողոքի ցույցերին՝ իր որդու սպանությունը բացահայտելու պահանջով մասնակցող Նանա Մուրադյանը պատմեց, որ իրենց խոստացել էին զբաղվել 5 աղմկահարույց գործերով, սակայն միայն Վալերի Մուրադյանի և Տիգրան Օհանջանյանի գործերն են ուսումնասիրվում խմբում։ Իսկ հիմա, ըստ նրա, երբ «Խաղաղության երկխոսություն»-ը լքել է ՔԿ֊ի կողմից ստեղծված խումբը, իր տղայի գործն այլևս չի քննվում։
«Փաստացի, մոնիթորինգային խմբում գործերը չեն քննվում»։ Նանա Մուրադյանը ցանկանում է, որ իշխանություններն առնվազն հեռախոսազանգով ճշտեն՝ արդյոք խումբը քննում է տարիներով պայքարող ծնողների որդիների մահվան գործերը, սակայն, ըստ նրա, նույնիսկ դա չի արվում․ «Մենք մեր բոլոր դիմումներին, ասածներին պատասխանատու ենք, պատասխան ենք տալիս, իսկ երկրի ղեկավարությունը, քննչական կոմիտեները․․․ ես ասում եմ՝ երեխեքի սպանության գործերն ուղղակի փտում են սեյֆերում, ոչ մի բան չի արվում»։