ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջի միջոցով անդրադարձել է Մարտակերտի պաշտպանական շրջանի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած դեպքին՝ նշելով, որ չի արդարացնում հանցագործ սպային, սակայն միաժամանակ նախատելով ԶԼՄ֊ը․ «․․․վերին աստիճանի անգրագիտություն է գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ եք շփոթում, որ նա չի կարող լինել գնդի հրամանատարի աջ ձեռքը»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ «զորքից ու բանակից չհասկացող հոդվածներով է ամենից շատ խարխլվում բանակի մարտական ոգին, հավատքն ու վստահությունը»։ Նշենք, որ Forrights.am֊ի հոդվածում նկարագրված էին զինծառայողների նկատմամբ կիրառվող խոշտանգումները։
«Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը: Կներեք այս կտորը առանձնացնելու համար, ամբողջ հոդվածը այստեղ չեմ դնում: Բայց հետաքրքրվողները կհասկանան:
Բնականաբար ձեր ընթերցողների մեծամասնությունը կկարդա այդ սրտաճմլիկ խոսքերը, Ֆահրադյանին ազգի թշնամի կհանի, չի էլ հասկանա որ վերին աստիճանի անգրագիտություն է գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ եք շփոթում, որ նա չի կարող լինել գնդի հրամանատարի աջ ձեռքը: Բնականաբար կկարդան կասեն. վայ քոռանամ ես, երեխեքն ինչ են արել, հաց են էլի կերել, հո եսիմ ինչ չեն արել: Բնականաբար դուք էլ չեք պատմի, որ այդպես անթույլատրելի տեղում, անթույլատրելի ժամին անմեղ հաց ուտելը առնվազն հանցանք է ու հանցանքի բուն: Դե իհարկե չեք պատմի, նախ պետք է հականաք դա որ պատմեք: Եթե անգամ երկար չպատմեմ թե ինչու է այդպես բավական է միայն հիշել, որ հենց նույն զորամասում նման ՙՙանմեղ հաց ուտելու՚՚ պատճառով առնվազն սպանությունների գործ կա, ահեղ ու սահմռկեցուցիչ գործ, և մեկ ու կես տարի առաջ էլ էլի ՙՙանմեղ հացից՚՚ հետո մի քանի հոգի վթարվեց ու լճում խեղդվեց:
Հ.Գ. որևէ մեկը չկարծի, որ ես արդարացնում եմ որևէ հանցագործ սպայի: Բայց այս աստիճան անգրագետ, այս աստիճան զորքից ու բանակից չհասկացող հոդվածներով է ամենից շատ խարխլվում բանակի մարտական ոգին, հավատքն ու վստահությունը: Եվ դա բնականաբար կատարում են նույն մարդիկ», ֊ գրել է Հովհաննիսյանը։
Գրառմանն արձագանքել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը․ «Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է «Սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով. Մատաղիսի զորամասը որպես հանցավորության որջ» մեր հրապարակմանը, սակայն ինչպես միշտ առանց որևէ հակափաստարկի, միակ անգրագիտությունը հոդվածում, ըստ Արծրուն Հովհաննիսյանի գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ շփոթելն է: Կարդալով մամուլի խոսնակի գրառումը տպավորություն ես ստանում, որ խրախուսվում է զինվորի նկատմամբ ծեծն ու բռնությունը, շարքային զինվորը միշտ սխալ է, իսկ հրամանատարական կազմն անձեռնմխելի: Ասեմ նաև, որ մեր տեղեկություններն ավելին են քան հրապարակել ենք; Նույն թողտվության մեջ է նաև զորամասի հրամանատարը: Մեր նպատակն է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել և կանխարգելել նման դեպքերը, բայց մշտապես հանդիպում ենք ՊՆ-ի պատին՝ Արծրուն Հովհաննիսյանին: Մի ծեծեք և մի ստորացրեք շարքային զինվորներին: Ավելացնեմ, որ նյութում տեղ գտած բոլոր տեղեկությունները վերցված են Դատալեքս-ից և Հանուն Հայաստանի Հանրապետության հրապարակված դատավճռից»։