Լիդիան Ինթերնեշընըլի բրիտանական կայքում իր ներդրողների համար տեղադրված հաղորդագրությունից եզրահանգում ենք, որ ընկերության համար կարծես թե դեկտեմբերի 20-ը շատ կարևոր նշանակություն ունեցող ժամկետ է, քանի որ նրա խոշոր պարտապանները պարտքը վերադարձնելու ժամկետները հետաձգել են մինչև 2019թ․ դեկտեմբերի 20-ը։ Այս ընթացքում Ամուլսարի հետ կապված աշխատանք անելու ցանկացած փորձ Լիդիանը կարող է իր պարտապաններին ներկայացնել իբրև ժամկետները հետաձգելու նոր հիմք։ Հավանաբար, դրանով է պայմանավորված, որ այս օրերին պետական մարմինների որոշ ներկայացուցիչներ ակտիվորեն փորձում են համոզել Ամուլսարի պահապաններին թույլ տալ Լիդիանին մտնել տարածք և ձմեռացման աշխատանքներ կատարել՝ չնայած անցած ձմեռ Լիդիանն արդեն ձմեռացրել էր տեխնիկան, իսկ դրանից հետո այլևս տարածք չի էլ մտել։
Իսկ մինչ այդ էլ, Լիդիանի՝ 2019թ. սեպտեմբերի 30-ի ֆինանսական հաշվետվությունը, որն աուդիտ չի անցել, խոսում է ընկերության դեֆոլտի նախազգուշացումների մասին։ Վերը նշված հաղորդագրության մեջ Լիդիանը շարունակում է նաև սուտ տեղեկություններ գրել, օրինակ՝ իբր ԷԼԱՐԴ ընկերությունն Ամուլսարի ՇՄԱԳ զեկույցներին տվել է դրական եզրակացություն և միայն աննշան տեխնիկական առաջարկներ ներկայացրել, որոնք իբր Լիդիանը մեծամասամբ ընդունել է։
Ոչ մի ժողովուրդ և ոչ մի կառավարություն պարտավոր չէ սխալ տեղեկություններ, թերի ու գիտականորեն չհիմնավորված ՇՄԱԳ ներկայացրած ընկերությանը փրկել դեֆոլտից։ Ավելին՝ պետությունը պետք է հետաքննի ֆինանսական հնարավոր խարդախությունների ու ներդրողներին մոլորեցնելու բոլոր դրվագները և համապատասխան պատժամիջոցներ սահմանի։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]