Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վտանգներն ու սպառնալիքներն իրենց անտեսանելի բնույթով բարդ խոցելիություններ են առաջացնում Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հարցում, որի բաղադրիչներից ընդամենը մեկն է քաղաքացիների առողջության անվտանգության ապահովումը: Այս մասին ասված է Պահպանողական կուսակցության ապրիլի 1-ին տարածած հայտարարությունում։
«ՀՀ իշխանությունը որպես լուծում ընտրել է հեռախոսների միջոցով տեղորոշմամբ վարակակիրների շփումների հնարավոր շրջանակը պարզելը:
Միևնույն ժամանակ՝ համավարակի միջոցը պատեհ նկատելով՝ ԵԱՏՄ տարածքի բնակչության անձնական տվյալների հնարավորինս ամբողջական վերահսկման նպատակով Ռուսաստանն օրենսդրորեն նախաձեռնել է նույնատիպ՝ կապի միջոցներով տեղաշարժերի վերահսկման, ավելին՝ դիմային նույնականացման գործընթաց. առայժմ միայն ՌԴ-ում:
Պահպանողական կուսակցությունը, կարևորելով ժողովրդավարության և մարդու իրավունքների բարձրագույն արժեքներ լինելը և ՀՀ քաղաքացիներին վերաբերող անձնական բնույթի տեղեկատվության գաղտնիության ապահովումը, գործող իշխանությանը կոչ է անում՝
ա) Ապահովել հավաքագրված տվյալների կիրառումը՝ բացառապես համավարակի կանխարգելման դեմ ուղղված միջոցառումներում,
բ) Ապահովել համավարակի ընթացքում կիրառվող տեղեկատվության պահպանումն ու վերծանումը բացառապես ՀՀ տարածքում՝ բացառելով կամայական հնարավոր արտահոսք, այդ թվում՝ դեպի ՀՀ-ից դուրս գտնվող ամպային տիրույթներ,
գ) Քաղաքացու կողմից իր իսկ տվյալների անվտանգությունը կառավարելու նպատակով նախատեսել հասցեատիրոջը պարտադիր և անհապաղ ծանուցման ֆունկցիոնալ (sms հաղորդագրություն) հնարավորություն բոլոր այն դեպքերի համար, երբ կոնկրետ հասցեատեր քաղաքացու անձնական տեղեկույթն այս կամ այն կերպ մասնակցում է ծրագրի միջոցով մշակման գործընթացին,
դ) Տեխնիկական միջոցներում պարտադիր ապահովել տվյալների կիրառման վերաբերյալ մանրամասն արձանագրություններ (log),
ե) նախաձեռնել առարկայական քննարկումներ՝ վերը նշված տեխնիկական միջոցառումների ներդրման և իրականացման վերաբերյալ,
զ) Իրականացնել պարբերական ստուգումների և վերահսկման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան գնահատել վերծանվող տվյալների նպատակահարմարությունը:
Որպեսզի դրական ելքերի ակնկալիքով ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը Հայաստանն ակամա չդարձնի կիբեր-բռնապետության մոդելի փարձարկման դաշտ, Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է վերոնշյալ խնդիրների լուծման և առաջարկների համալիր ներդրման ու իրականացման շրջանակներում ցուցաբերել քաղաքական և մասնագիտական համակողմանի աջակցություն»: