Home / Մարզեր / Ամերիկան զրկվեց սոցիալիստ թեկնածուից

Ամերիկան զրկվեց սոցիալիստ թեկնածուից

Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ պատրաստվում է դադարեցնել իր նախագահական քարոզարշավը։ Այս որոշման մասին 78-ամյա քաղաքական գործիչը հայտնել է իր շտաբի աշխատակիցների հետ կոնֆերանսի ժամանակ։

Քարոզարշավի դադարեցման մասին Սանդերսն արդեն հայտարարել էր հոկտեմբերին՝ սրտի վիրահատությունից հետո։ Ավելի ուշ, սակայն, քարոզարշավը վերսկսվել էր։

Որոշման պատճառների մասին Սանդերսը խոսում է իր կողմնակիցներին ուղղված տեսաուղերձում։

«Հաղթանակի ճանապարհն անհնարին է,- ասել է Սանդերսը,- Ես եկա այն եզրակացության, որ Դեմոկրատական կուսակցության նոմինացիայի համար այս պայքարը հաջողված չի լինի։ Այդ իսկ պատճառով էլ այսօր հայտնում եմ քարոզարշավի դադարեցման մասին», – հայտարարեց Սանդերսը։

Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու պայքարում առաջատարի դիրքը մնում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։

«Հաղթել Թրամփին»

«Այսօր ես շնորհավորում եմ Ջո Բայդենին՝ արժանավոր մարդու, ում հետ կշարունակեմ աշխատել մեր առաջադեմ գաղափարների առաջխաղացման համար», – հայտնում է Սանդերսը։

«Գործնականում կարևորում եմ նշել հետևյալը։ Մյուս բոլոր նահանգներում ես մնում եմ բյուլետեններում և կշարունակեմ պատվիրակներ հավաքել։ Թեկնածություն կներկայացնի Ջո Բայդենը, բայց մենք պետք է շարունակենք աշխատանքը, որպեսզի հնարավորինս շատ պատգամավորներ ունենանք Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ, որում մենք կարող ենք զգալի ազդեցություն ունենալ կուսակցական հարթակի ձևավորման և այլ հարցերում», – բացատրել է Բայդենը։

«Այնուհետև, մենք միահամուռ ուժերով շարժվում ենք առաջ՝ հաղթելու Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի ժամանակակից պատմության ամենավտանգավոր նախագահին», – եզրափակեց Բերնի Սանդերսը։

Ապրիլի 7-ի դրությամբ Բայդենը վայելում էր ԱՄՆ ընտրողների կոլեգիայի 1217 պատվիրակների աջակցությունը, Սանդերսը՝ 914, ևս 171 պատվիրակներ աջակցում էին այլ թեկնածուների։ Նոմինացվելու համար թեկնածուին պետք է 1991 պատվիրակիների աջակցությունը։

Բայդենի շանսերն այսպիսով աճում են․ Սանդերսի՝ նախագահական մրցավազքից հեռանալուց հետո նրան մնում է ձեռք բերել 774 պատվիրակների ձայներ։ Նա փաստացի միակ թեկնածուն է մնում։

ԱՄՆ-ում Սանդերսը սոցիալիստի համբավ ունի։ Նրա հակառակորդները հաճախ են նշում, որ երիտասարդ հասակում ապագա սենատորը Ամերիկայի սոցիալիստական կուսակցության անդամ է եղել, իսկ 1980-ականներին ճանապարհորդել է դեպի Խորհրդային Միություն, որտեղ իր մեղրամիսն է անց կացրել։

Նրա նախընտրական քաղաքական ծրագրի հիմնական կետը ամերիկացիների համար անվճար բժշկական ծառայությունների ապահովումն էր։

Դեռ փետրվարի վերջում, Սանդերսը համարվում էր Դեմոկրատական կուսակցության կողմից նոմինացվող ամենահավանական թեկնածուն։ Սակայն մարտի սկզբին Ջո Բայդենը ներկուսակցական ընտրությունները հաղթում է սկբում 6, ապա՝ ևս երեք նահանգներում, առաջ անցնելով Վերմոնտ նահանգի թեկնածու Սանդերսից։

Մարտի 17-ի Բայդենի հաղթանակից հետո, Covid-19 պանդեմիայի պատճառով Բայդենն ու Սանդերսը համախոհների հետ հանդիպումները տեղափոխեցին օնլայն տիրույթ։ Ներկուսակցական հերթական ընտրությունները հետաձգվեցին։

Բացառություն դարձավ Վիսկոնսինի քվեակությունը, որը կազմակերպվել էր խիստ սահմանափակումնով և հասարակական դիստանցավորման սկզբունքի ճշգրիտ պահպանմամբ։