«Եվրոտեսիլ» երգի մրցույթը, նմանատիպ այլ միջոցառումների պես, այս տարի չեղարկվել է․ երկրպագուներին ցույց են տվել 2020 թվականի մրցույթի կատարողների մասնակցությամբ հատուկ հեռուստահաղորդում, որի շրջանակներում ներկայացվել են մրցույթի պատմության ամենահետաքրքիր կովկասյան տեսահոլովակները։ Այս մասին eurasianet-ում գրում է լրագրող Ջոշուա Կուչերան։
Ադրբեջանի տեսահոլովակում վճռականորեն ընդունվում է «արևելյան» ինքնությունը՝ ի տարբերություն նախորդ տարիների հոլովակների, որոնք տիպիկ միջազգային փոփ երաժշտության ոճով էին։ Իսկ տեքստում՝ փառաբանվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, ինչը խիստ տարօրինակ է, քանի որ Ադրբեջանը «Եվրոտեսիլում» ներկայացվող ԼԳԲՏ+ ամենաքիչ համերաշխությամբ երկրներից է երևի։
Վրաստանի տեսահոլովակը ևս զարմանալի մոտեցում էր ներկայացնում ազգային ինքնությանը․ տեքստում ասվում էր, որ ընդունել եվրոպական իդեալները նշանակում է նսեմացնել սեփական արժանապատվությունը։
Այս տեսահոլովակները ներառվել են «Եվրոտեսիլ․ Եվրոպան փայլում է լույսով» հեռուստաշոուում, որի նպատակն էր՝ նախագծի երկրպագուներին հնարավորություն տալ վայելել սիրելի հաղորդումը կարանտինի պայմաններում։
Ռուսաստանը մրցույթին մասնակցել է էքսցենտրիկ, երգիծական համարով, որում ևս կովկասյան կոլորիտ կար․ հոլովակում պարողը խաղում էր չեչենների մասին ռուսական ամենակոպիտ կարծրատիպերին համապատասխան։ Հայաստանի ներկայացրած հոլովակը ստանդարտ ռիթմնբլյուզ համար է Բեյոնսեի ոճով։ Այդ կատարմամբ կարող էր ներկայանալ ցանկացած երկիր։
«Եվրոտեսիլի» հատկապես քաղաքական ասպեկտներով հետաքրքրվողների տեսանկյունից ամենահետաքրքրականը Ադրբեջանի և Վրաստանի հոլովակներն էին։
Կովկասյան երկրներից «Եվրոտեսիլում» ամենամեծ հաջողություններն ունեցել է Ադրբեջանը, հաճախ բարձր հորիզոնականներ է զբաղացրել, իսկ 2011-ին անգամ հաղթել է։ Նման հաջողության հասնում էին հիմնականում տիպիկ արևմտյան փոփ համարների շնորհիվ, որոնց ինչ որ կերպ հաջողվում էր բացել «Եվրոտեսիլի» հաջողության ծածկագիրը։
Այս տարի երկիրը հրաժարվել էր այդ մոտեցումից․ Սամիրա Էֆենդիի կատարմամբ «Կլեոպատրա» երգն արևելքի մասին կարծրատիպերի (եգիպտական մոտիվներից մինչև բուդդայական երգեցողություն) ու հեշտորեն ճանաչելի տեղական տարրերի խառնուրդ է։
Գայթակղություն է առաջանում հիշել Կովկասի մասին դասական վեպը՝ «Ալի և Նինո», որտեղ ռուս (այսինքն՝ եվրոպացի) ուսուցիչը Բաքվի դպրոցականներին ասում է, որ իրենք պետք է որոշեն՝ ուզում են լինել «առաջադեմ Եվրոպայի՞, թե՞ հետամնաց Ասիայի մասը»։ Վերջին նստարանին նստած ադրբեջանցի տղան ձեռք է բարձրացնում ու ասում․ «Ներեցեք, պարոն պրոֆեսոր, բայց մենք կուզենայինք Ասիայում մնալ»։
Ադրբեջանի՝ Արևելքի և Արևմուտքի նկատմամբ երկակի տեղային կողմնորոշման հարցը զգացվում է նաև այսօր․ պաշտոնական տրանասությունը չի տալիս այս հարցի պատասխանը և իրավիճակից կախված՝ բռնում է այս կամ այն կողմը։ Հարց է առաջանում՝ կարող է արդյոք Ադրբեջանը հետևել իր դաշնակից Թուրքիայի օրինակին, որը «Եվրոտեսիլում» լավ արդյունքներ էր արձանագրում 1990-ականների վերջում և 2000-ականների սկզբին՝ «երբ Արևելքն ու Արևմուտքը հանդիպում են» ոճի կատարումներով։
Հատկանշական է «Կլեոպատրա» երգի տեքստը․
Կլեոպատրան իմ պես թագուհի էր,
Լրիվ իմ պես,
Այո, իմ պես,
Հետերոսեքսուալ կամ նույնասեռական, կամ միջին մի բան։
Ադրբեջանը, ինչպես և դրա Կովկասյան հարևանները, ԼԳԲՏ+ հարցերում հետադիմական հայացքներ ունի։ Ոչ ավանդական սեռական կողմնորոշումների մասին հանրային խոսքը համարվում է տաբու։ Լեսբիների, Գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների և ինտերսեքսուակների միջազգային ասոցացիայի վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը Եվրոպական երկրների շարքում վերջին հորիզոնականում էր ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ վերաբերմունքի առումով։
Երգն Ադրբեջանում բուռն քննարկումների առիթ չդարձավ։ Պատճառը հավանաբար այս տարվա «Եվրոտեսիլի» անհամեմատ ավելի փոքր լսարանն էր։ Էֆենդին, սակայն, թեմայից չի խուսափում։ «Սա իրոք ազատության մասին երգ է, բոլոր մշակույթների ու բոլոր սեռական կողմնորոշումների փառաբանում, այս երգը մարդկանց ոգեշնչում է ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին կան, հպարտանալ իրենցով, ինչպես Կլեոպատրան։ Նա թագուհի էր, ով սեր, ցավ ու դավաճանություն է վերապրել, բայց միշտ կարողացել է պաշտպանել իրեն։ Այժմ նրան հիշում են որպես ուժի ու կանացիության խորհրդանիշ»,- պատմել է Էֆենդին՝ «Եվրոտեսիլի» կայքում հրապարակված հարցազրույցում։
«Եվրոտեսիլի» երկրպագուների բլոգերում երգը հայտնի է դարձել որպես «բիսեքսուալ հիմն», արժանացել է դրական կարծիքների։ «Էթնիկ մոտիվներն ու հոգևոր երգեցողությունը՝ վարակիչ երգչախմբային կատարման հետ, երգը կատարյալ են դարձնում Եվրոտեսիլյան բեմի համար», – հիանում էր գրախոսներից մեկը։ Մեկ այլ մեկնաբան կարծում էր, որ այս հոլովակը «հավանաբար հիթ կդառնա Եվրոպական ակումբներում»։
Վրաստանի տեսահոլովակը ևս Արևմուտքի մերժում է պատկերում, բայց ավելի խորը ձևով ու ավելի ինքնախղճահարությամբ։ «Take Me As I Am» («Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ») երգը գրանժ ռոք ոճի բողոք է այն մասին, որ իրենց ստիպում են եվրոպական իդեալներ ընդունել։
Ինչպե՞ս ես ուզում, որ անգլիացու պես խոսեմ,
Որտե՞ղ ես ուզում, որ իտալացու պես հագնվեմ,
Հիմա էլ ուզում ես իսպանացու պե՞ս պարեմ,
Կարծում եմ դու ինձ չես սիրում,
Ոչ, դու ինձ չես սիրում։
Կատարողը՝ Տորնիկեն, նաև բողոքում է, որ իրենից ակնկալում են «ֆրանսիացում հոտ ունենալ» ու «գերմանացու պես [երևի՝ ֆուտբոլ] խաղալ»։
Անհնար է տեքստում չնկատել Վրաստանում իշխող քաղաքական դիսկուրսը, որում արևմտյան նորմերի ընդունումը դիտարկվում է որպես ճանապարհ դեպի տնտեսական զարգացումն ու Ռուսաստանի «թևի տակից» դուրս գալու միջոց։ Այսպիսի քաղաքականությունը հակաարևմտյան պատասխան ռեկացիա է առաջացրել, ինչը հիմնականում արտահայտվում է եկեղեցու և ծայրահեղ աջերի կողմից հոմոֆոբ պահվածքով։ Նման դժգոհությունները հիմնականում թեթև ձևով են արտահայտվում, ինչպես այն, գիծը, որ զգացվում է Տորնիկեի երգում։
Նման ուղերձով երգը, սակայն, լավագույն ընտրությունը չի «Եվրոտեսիլի» համար։ Մրցույթի երկրպագուների բլոգերում կատարումը հիմնականում կոշտ քննադատության է արժանացել՝ տեքստի կոպտության համար։
«Եթե այս երգը վրացերեն լիներ (կամ մեկ այլ լեզվով, որը ես չեմ հասկանում), ես այն հավանաբար լավագույն հնգյակում կամ դրան մոտ կդնեի։ Բայց խիստ բացասական զգացմունքները, որ առաջանում են այս երգից, իջեցնում են այն իմ ցուցակում», – ասվում է գրախոսություններից մեկում։
Մեկ այլ մեկնաբանության մեջ ասվում է, որ երգի ուղերձը երկերեսանի է․ «Տորնիկեի երգի բառերը կոչ են անում մեզ սպասելիքներ չունենալ, թե ինչպիսին պետք է նա լինի որպես վրացի, բայց այդ նույն բառերը անհեթեթ են հնչում, քանի որ հիմնված են եվրոպական այլ մշակույթների մասին կարծրատիպերի վրա (բոլոր իտալացիները լավ են հագնվում, բոլոր իսպանացիները պարում են), ինչը խարխլում է տեքստի իմաստը»։