Home / Կրթություն / ՀՊՏՀ-ի ռեկտորն ուզում է մասնակցել նոր մրցույթին՝ չնայած ուսանողների դժգոհությանը

ՀՊՏՀ-ի ռեկտորն ուզում է մասնակցել նոր մրցույթին՝ չնայած ուսանողների դժգոհությանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը դիմում է ներկայացրել նախարարին՝ ռեկտորի պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու խնդրանքով, որովհետև ցանկանում է մասնակցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտրարված՝ բուհի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին։

«Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով ռեկտորի թեկնածու՝ հավատացած եմ, որ սա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար, խուսափել հետագա շահարկումներից և կնպաստի հայտարարված մրցույթի առավել թափանցիկ ու անաչառ անցկացմանը։

Այս ամիսների արդյունավետ աշխատանքի համար ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, իմ շատ սիրելի ՀՊՏՀ կոլեկտիվին և ուսանողներին, գործընկեր կազմակերպություններին: Վերջին ամիսները բոլորիս համար ծանր փորձության ամիսներ էին, բայց մենք միասնաբար հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։ Վստահ եմ՝ դեռ երկար ենք աշխատելու միասին՝ լինելով ՀՊՏՀ առաջընթացի ականատեսը։ Առո՛ղջ եղեք», – ֆեյսբուքի իր էջում գրել է Գալոյանի։

Վերջերս շատ էր խոսվում փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից Գալոյանի նկատմամբ հովանավորչության մասին։ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը դեռևս մայիսի 14-ին ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնել էր պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին։ Պատճառներից մեկը Տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նախկին և ներկա ռեկտորների շուրջ հայտնի սկանդալն էր և դրա հանգուցալուծումը․ Գոգյանը նշել էր, որ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, քանի որ նրա դոկտորական աշխատանքում առկա էին ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ։ Հետագայում ռեկտորի նախկին ԺՊ-ին փոխարինել էր նորը՝ Դիանա Գալոյանը, որի դոկտորական աշխատանքում, ըստ Գոգյանի, ևս առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց «համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը»։ 

Խնդիրը բարձրաձայնել էին նաև համալսարանի ուսանողները, որոնք վերջինիս հեռացումն էին պահանջում։

Ինչպես հայտնի է, ՀՀ Կառավարության 2015թ.-ի հունվարի 25-ի 224-Ն որոշմամբ սահմանափակվում է ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը՝ 6 ամիս։ Մեկ շաբաթ առաջ վերջիններս հայտարարել են, որ ի պատասխան նրանց բազմաթիվ գրությունների, որոնց միջոցով ցանկանում էին պարզել, թե ԿԳՄՍ նախարարությունն ինչո՞ւ է ապօրինաբար ձգձգում ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը, երբ այն արդեն լրացել էր այս տարվա փետրվարին, և փաստորեն պետությանն էական վնաս է պատճառվում, ԿԳՄՍ նախարարությունը, շատ լավ հասկանալով, որ դա խախտում է, առերևույթ կեղծիքով առանց իրավական հիմնավորման պարզապես ծաղրական պատասխաններ է ուղարկել՝ նշելով, թե այդ իրավական ակտերը բուհերի վրա չեն տարածվում։

Ուսանողների հայտարարության մեջ ասված էր․ «Եվ ահա, արդեն 9 ամիս անց հովանավորչության մասին մեծ աղմուկից հետո ԿԳՄՍ նախարարը ստիպված ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի հրաման է արձակում, իսկ այդ հրամանի հիմքում բնականաբար դրվում է վերոնշյալ Կառավարության որոշումը, որը ամիսներ շարունակ իբր «չէր տարածվում ՀՊՏՀ-ի վրա»: Ի դեպ, այս հրամանը մեզ ստիպված ուղարկեցին հարցման երկրորդ փորձից միայն…

Այս բացահայտումը փաստում է, որ սա ոչ թե պարզապես օրենքի խախտում է, այլև, հաշվի առնելով ակնհայտ գիտակցաբար կատարելու փաստը, քրեական հանցագործություն:

6-րդ ամսից հետո ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի միայն ստացած աշխատավարձը արդեն պետությանը հասցված մի քանի միլիոն դրամի վնաս է: Սակայն, սա դեռ վնասի փոքր մասն է՝ հաշվի առնելով վնասի այն չափը, որը հասցվել է 3 ամիսների փաստացի ապօրինի հրամաններով: Եվ պետությանը հասցված այս վնասի անմիջական պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է, որի պաշտոնյաները, գիտակցելով խախտումը, մեր հարցումների ամբողջ ընթացքում դիտավորությամբ չեն կանխել վնասը: Ի դեպ, պաշտոնակատարի 6 ամիսը լրացել էր փետրվարի 22-ին, և հետևաբար համավարակով պատճառաբանելու հնարավոր փորձերը ևս առոչինչ են»։