ԱՄՆ֊ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի նախկին և գործող չորս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր՝ պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով, ներգրավված են ույղուրների իրավունքների ոտնահարման գործում։ Սահմանափակումներն ընդունվել են Մագնիտսկու օրենքի սահմաններում, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Պատժամիջոցներով նախատեսվում է սառեցնել պաշտոնյաների ակտիվները Միացյալ Նահանգների տարածքում, սահմանափակել վիզաների տրամադրումն ու գործնական պայմանագրերի կնքումը։
Հունիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենսդրական նախաձեռնություն էր ստորագրել, որով առաջարկվում էր պատժամիջոցներ կիրառել Չինաստանի ժողովրդական հանրապետության Սինցզյան֊Ույղուրյան ինքնավար մարզում ույղուրների և այլ մահմեդականների ճնշումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։ Որպես մարդու իրավունքների ոտնահարման օրինակներ, Վաշինգտոնը նշում է մահմեդականներին հատուկ ճամբարներում բնակեցնելը, նրանց հետ տարվող գաղափարական աշխատանքներն ու ստիպողական ծանր աշխատանքը։
Սինցզյան֊Ույղուրյան մարզի «վերադաստիարակման ճամբարների» մասին տեղեկությունները շրջանառվում են նվազագույնը 2017 թվականից։ Այդ ճամբարներում ներկայումս բնակվում է շուրջ մեկ միլիոն մարդ, հիմնականում՝ մահմեդական ույղուրներ։
Չինաստանի իշխանությունները պնդում են, որ դրանք կամավոր սկզբունքով աշխատող ծրագրեր են, որոնք կրթական֊մասնագիտական նշանակություն ունեն և նպաստում են փոքրամասնությունների շրջանում չինարեն լեզվի հեշտ յուրացմանը։ Իսկ բնակիչների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների կիրառությունը Պեկինը բացատրում է ահաբեկչության դեմ պայքարով։ Հետազոտող֊լրագրողների հրապարակած փաստաթղթերը իշխանությունները կեղծ են համարում։
Ստացված փաստաթղթերի համաձայն, ճամբարներում բնակվող մարդիկ զրկված են ազատությունից, շինությունները շրջափակված են պատնեշներով, բնակելի հատվածներն ու ննջարանները կողպվում են։ Մարդկանց այդտեղ տեղափոխում են առանց դատարանի որոշման, նվազագույնը՝ մեկ տարով։ Ճամբարում բնակեցված մարդիկ «միավորներ» են հավաքում, որոնցով գնահատվում է նրանց «գաղափարական տրանսֆորմացիայի» աստիճանը։ Հարազատների հետ կարելի ա կապնվել շաբաթական մեկ անգամ, կրոնական ծեսերն արգելվում են։ Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում փախուստների կանխարգելմանը։