Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ արյունալի Մարտի 1-ով Հայաստանի ղեկավար դարձած Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողներին հրավիրել էին «Հարսնաքար» ռեստորանային համալիր, որտեղ տիրոջ՝ Նեմեց Ռուբոյի մարդիկ 2012 թվականին ծեծել են հաճախորդների, որոնցից մեկը՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացել էր։
Նեմեց Ռուբոն Սերժ Սարգսյանի կուսակցությունից էր, պատգամավոր էր և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Այժմ նա հետապնդվում է Սևանի իր ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենին առևանգելու, կտտանքների ենթարկելու, ազատոթյունից զրկելու, նվաստացնելու և ունեզրկելու համար։ Այդ ամենը նա արել է որդու և նրա ընկերների հետ միասին։
Ռուբեն Հայրապետյանը փախել է Մոսկվա։ Պարզվել է, որ նա վաղուցվանից Ռուսաստանի քաղաքացի է։ Նա մեղադրվում է նաև խոշոր չափերով հողեր և անշարժ գույք շորթելու մեջ։
Բացառապես պետական պաշտոնյա լինելով հարստացած Սերժ Սարգսյանի ասուլիսը նվիրված էր հարյուրավոր մահեր բերած 2016-ի ապրիլյան «պատերազմին»։ 2018-ի հեղափոխությունից հետո Ազգային ժողովում հանձնաժողով ստեղծվեց Ապրիլյան քառօրյայի հանգամանքները պարզելու համար։ Նախկին գերագույն գլխավոր հրամանատարը կարևոր քննվողներից է։
Այսօր Սերժ Սարգսյանը խոսում էր Ադրբեջանի պարտվածի հոգեբանության և հայ քաջարի մարտիկների մասին։
Նա չի խոստովանում, որ բանակը իր կառավարման տարիներին թալանվում էր, զինվորները ստորացվում, ղեկավարությունը հարստանում։
Ղարաբաղի պատերազմով իշխանության եկած և քրեական օլիգարխիան պատերազմով արդարացնող Սերժ Սարգսյանն ասում է, որ նա և իր թիմակիցները կամաչեին, եթե գային Երևան ու «Ստեփանակերտ, Ստեփանակերտ երգեին»։
Գրեթե նույն ժամերին ընթանում էր Սերժ Սարգսյանի և նրա Հանրապետական կուսակցության ռեժիմի դեմ ապստամբած «Սասնա ծռեր» խմբի դատավարությունը։
Արձագանքելով լրագրողի՝ Սերժ Սարգսյանի ասուլիսի մասին հարցին, ապստամբներից Վարուժան Ավետիսյանը մասնավորապես ասել է․ – Հարսնաքարում ասուլիսն ուղերձ է մեզ բոլորիս, որ «լավ ենք արել և գալու ենք, և ձեզ նորից ենք սպանելու»:
Նոր Հայաստանում դատախազը ապստամբներին սպառնում է 8 տարուց մինչև ցմահ ազատազրկմամբ։ Այսօրվա դատավարությունից ռեպորտաժին կարող եք ծանոթանալ այս հղումով․ Զոհված ոստիկանների կանայք հրաժարվում են հասկանալ կեղեքող ռեժիմի դեմ ապստամբությունը