Home / Կրթություն / Լուկաշենկո․ դպրոցում աշխատելու համար պետք է հետևել պետական գաղափարախոսությանը

Լուկաշենկո․ դպրոցում աշխատելու համար պետք է հետևել պետական գաղափարախոսությանը

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Բելառուսի Կրթության նախարար Իգոր Կարպենկոյի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դպրոցներում չպետք է լինեն ուսուցիչներ, ովքեր չեն ցանկանում հետևել պետական գաղափարախոսությանը, գրում է կառավարական ԲելՏա գործակալությունը։

Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսում պետական կրթություն է, պետական դպրոցներ ու պետական գաղափարախոսություն։ «Նրանք, ովքեր ցանկանում են հետևել այդ սկբունքներին՝ խնդրեմ, համեցեք դասավանդեք, սովորեցրեք, աշխատեք։ Ովքեր չեն ուզում՝ դպրոցում լինել չեն կարող։ Սա պետք է ասել ուղիղ, անկեղծ ու բացահայտ», – հայտարարել է Լուկաշենկոն։

Նա նախարարին հանձնարարել է ապահովել ուսուցիչների պաշտպանվածությունը «տարբեր տեսակի հարձակումներից»։

«Եթե ինչ֊որ մեկը մյուս ճամբարի կողմն անցնի, մենք պետք է նրանով զբաղվենք», – հավելել է Լուկաշենկոն։

Բելառուսում ընտրատեղամասերը մեծամասամբ տեղակայված են լինում դպրոցների տարածքներում։ Ընտրական հանձնաժողովների անդամների գործառույթներն իրականացնում են ուսուցչները։ Որոշ ուսուցիչներ սկսել են պատմել իրենց դպրոցներում ընտրակեղծարարությունների մասին։ Միսնկի դպրոցներից մեկի փոխտնօրենը բացատրել է, թե ինչպես են ուսուցիչներին ստիպել կեղծել ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունները։

Բելառուսում նախագահական ընտրություններն իրականացվել են օգոստոսի 9-ին։ Արդեն ավելի քան երկու շաբաթ Մինսկում և այլ քաղաքներում բազմամարդ բողոքի ցույցեր են։ Ընտրությունների չեղարկման պահանջով գործադուլին միացել են մի քանի տասնյակ խոշոր գործարաններ։ Խաղաղության երթերին մասնակցում են ավելի քան 100 հազար քաղաքացիներ։ Մարդիկ վրդովված են ուժայինների դաժան վերաբերմունքից։

Ի պատասխան, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «կողպելու է» գործադուլներին միացած ձեռնարկությունները, ՆԳՆ֊ին ու Պետական անվտանգության ծառայությանը հրամայել է գտնել «կազմակերպիչներին ու սադրիչներին»։ Պաշտպանության նախարարությունը սպառնացել է ցուցարարների դեմ բանակային ուժեր բերել, իսկ անկախ Բելառուսի սիմվոլ հանդիսացող սպիտակ֊կարմիր֊սպիտակ դրոշը, որը լայնորեն կիրառվում է ցուցարարների կողմից,   ՊՆ֊ն «ֆաշիստական» է համարում։

Մինսկի երեկվա հարյուր հազարանոց ցույցի ժամանակ Լուկաշենկոն տեսախցիկների առաջ է հայտնվել զրահաբաճկոնով և ինքնաձիգը ձեռքին: Նրա անչափահ որդին՝ 15-ամյա Նիկոլայը, նույնպես զրահաբաճկոնով, սաղավարտով ու ինքնաձիգով էր:

Բելառուսական պետական լրատվամիջոցը տեսանյութ է հրապարակել, որում լսվում է, թե ինչպես է Լուկաշենկոն ցուցարարների բազմությանը նայելով ասում․ «Ցրվել են ինչպես առնետները»: