Չինաստանի իշխանությունները Տիբեթի հարյուր հազարավոր բնակիչների բնակեցնում են ռազմականաված ուսումնական կենտրոններում, որոնք՝ փորձագետների կարծիքով, աշխատանքային ճամբարներ են հիշեցնում, ասվում է Ջեյմսթաուն հիվնադրամի (Jamestown Foundation՝ ամերիկյան ոչ պետական հետազոտական կազմակերպություն) զեկույցում։ Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը մեղադրանքը հերքում է և պնդում, որ հարկադիր աշխատանքի մասին հայտարարություններն իրականության հետ որևէ առնչություն չունեն։
Հրապարակված զեկույցը հիմնվում է տեղական լրատվամիջոցների, քաղաքական փաստաթղթերի և արբանյակային լուսանկարների վրա։ Ամերիկյան փորձագետների եզրակացությունները հաստատել է Ռեյթեր գործակալությունը։
Զեկույցում նաև ասվում է, որ Տիբեթում ստեղծված դրությունը նման է Սինցզյան֊Ույղուրյան ինքնավար շրջանում առկա իրավիճակին։ Հայտնի է, որ Սինցզյանի «վերադաստիարակման ճամբարներում» պահվում և անմարդկային կտտանքների են ենթարկվում հազարավոր ույղուր֊մահմեդականներ։ Վերջիններիս փաստացի ստիպում են հրաժարվել իրենց կրոնից։ Պաշտոնական Պեկինը պնդում է, որ ճամբարների միակ նպատակը պայքարն է ծաղրահեղականության և ահաբեկչության դեմ։
Տիբեթում ճամբարների հիմնումը բացատրվում է տեղական բնակչության՝ աղքատության դեմ պայքարի պատրաստության ծրագրով։ Դրա շրջանակներում իշխանությունները փորձում են խիստ ցածր շահույթ ունեցող գյուղական համայնքների բնակիչներին հարմարեցնել գործարանային աշխատանքին։ Իրավապաշտպանները, սակայն, նշում են, որ Տիբեթի և Սինցզյանի ճամբարներում մարդիկ պահվում են ոչ կամավոր հիմնունքներով։
Առանձնացված և հիմնականում բուդդիստական ուղղվածություն ունեցող Տիբեթը կառավարվում է պաշտոնական Պեկինի կողմից։ Չնայած իր ինքնավար կարգավիճակին, Տիբեթում մարդկանց մշակութային և կրոնական ազատությունները խստորեն սահմանափակվում են Չինական իշխանությունների կողմից։
Ավելի վաղ աքսորման մեջ գտնվող Տիբեթի առաջնորդ Լոբսանգ Սենգայը հայտնում էր, որ տիբեթցիներին բռնի պահում են աշխատանքային ճամբարներում և այսպես կոչված «կրթական» հարկադիր հաստատություններում։ Այժմ Ջեյմսթաունյան զեկույցը հաստատում է, որ բռնաճնշումների պետական ծրագիրն անհամեմատ ավելի մեծ մասշտաբներ ունի, քանի ենթադրվում էր նախկինում։
Սինցզյանի և Տիբեթի հարցերով անկախ հետազոտող Ադրիանա Զենցի ղեկավարությամբ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 7 ամիսների ընթացքում վերապատրաստման ծրագրին մասնակցել են շուրջ 500 հազար գյուղատնտեսներ (շրջանի բնակչության ավելի քան 15 տոկոսը)։ Իշխանությունները նաև քվոտաներ են սահմանել այդ մարդկանց վերաբնակեցման համար՝ ինչպես Տիբեթի սահմաններում, այնպես էլ Չինաստանի այլ հատվածներում։
Զեկույցում խոսվում է չինական ղեկավարության նախագծի մասին, որի նպատակն է «աշխատանքային կարգապահության մշակումը, չինարեն լեզվի ուսուցումն ու աշխատանքային էթիկայի յուրացումը»։ Հետազոտության հեղինակների տվյալներով, իշխանությունները փորձում են ազատվել «չեմ կարող, չեմ ուզում, չեմ հանդգնի» աշխատանքային մոտեցումից։ Ծրագրում կա նաև կետ «ծույլ մարդկանց փաստացի չեզոքացման» մասին․ ինչ է սա նշանակում և կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը՝ հայտնի չէ։
«Պեկինի՝ էթնիկ փոքրամասնությունների ասիմիլյացիայի ուժգնացող քաղաքականության համատեքստում միանգամայն հավանական է, որ այս միջոցների արդյունքում փոքրամասնությունները կկորցնեն իրենց լեզվական, մշակութային և հոգևոր ժառանգությունը», – ասվում է զեկույցում։
Որքանով է իրավիճակը նման Սինցզյանին
Հետազոտողների կարծիքով, տիբեթական ծրագիրը մի շարք ասպեկտներով հիշեցնում է Սինցզյան մարզի համանման պրակտիկան։ Այնտեղ չինական իշխանություններն առանց դատարանի ու հետաքննության ձերբակալում են հարյուր հազարավոր մահմեդականների և բնակեցնում «ուսումնական, վերադաստիարակման» կենտրոններում։
«Թե՛ Սինցզյանում, թե՛ Տիբեթում կառավարության կողմից հայտարարված աղքատության դեմ պայքարն արտահայտվում է պետական սոցիալական վերահսկողության տարածմամբ», ֊ կարծում են զեկույցի հեղինակները։
Ջեյմսթաունյան հիմնադրամի փաստաթղթերում ընդգծվում է, որ Տիբեթի աշխատանքային ճամբարները «պակաս հարկադիր են»․ որոշ քաղաքացիների ներգրավվածությունն այդ հաստատություններում իրապես կամավոր հիմունքներով է։
Չնայած այս տարբերություններին, զեկույցի հեղինակները նշում են, որ «կենսակերպի կտրուկ փոփոխությունների համակարգային հարկադրումը լուրջ մտահոգությունների տեղի է տալսի»։
Ջեյմսթաունի հիմնադրամի փորձագետների պնդումներին ի պատասխան, Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրում օրենքի գերակայության սկզբունքն է գործում, այսինքն՝ մարդիկ աշխատում են ինքնակամ և դրա դիմաց վարձատրվում են։
«Իրենց դրդապատճառներն ունենալով, այդ մարդիկ խոսում են «հարկադիր աշխատանքի» մասին, բայց նման բան պարզապես լինել չէր կարող։ Հուսով ենք, միջազգային հանրությունը կկարողանա տարանջատել ճշմարտությունն ու կեղծիքը, կուսումնասիրի փաստերն ու մոլորության չի մատնվի», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։