Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կստեղծի Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, հայտնում է ռուսական TACC գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանագրով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանի իրականացման շրջանակներում, ՌԴ ՊՆ-ն անցել է Ստեփանակերտում Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմավորմանը»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, պարզ է դարձել, որ կենտրոնի կազմավորման աշխատանքները կավարտվեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։ Նույն օրն էլ կենտրոնը կսկսի կատարել իր առջև դրված պարտականությունները։ Իր առջև դրված պարտականությունների իրականացման համար կիրակի օրը՝ նոյեմբերի 15-ին, իրականացվել է ՌԴ ԱԻՆ օպերատիվ խմբերի վերադասավորում, որը կմտնի օպերատիվ արձագանքման գերատեսչական կենտրոնի կազմում։ Առաջիկայում, օպերատիվ խմբերը կհամալրվեն նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմապահ ուժերի անձնակազմի և տեխնիկական միջոցների հաշվին։
Հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ ռուս խաղաղապահներն ուղեկցել են Լաչինի միջանցքով անցնող 19 ավտոբուսներին, որոնք տեղափոխում են Լեռնային Ղարաբաղ վերադարձող տարհանվածներին: Գերատեսչությունից հավելել են, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտում արդեն իսկ գործում է օպերատիվ խումբ, որն ապահովում է տարհանվածների վերադարձի անվտանգությունը դեպի Լեռնային Ղարաբաղ: