Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության՝ Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի (Ստամբուլյան) կոնվենցիայից դուրս գալու որոշումից հետո, Թուրքիայում կանայք անհանգստացած են իրենց անվտանգության հետ կապված հարցերով։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղվելով հարցումներին մասնակցած կանանց։
Հարցված կանանցից մեկը՝ Յագմուր Դենլին, պատմել է, որ հենց այդ միջազգային պայմանագիրն է ժամանակին իրեն օգնել բաժանվել բռնարար զուգընկերոջից ու ինքնուրույն աշխատանք գտնել։ Այժմ՝ այդ Կոնվենցիայով նախատեսված նորմերի չեղարկումից հետո, վախի զգացումը վերադարձել է․ «Հիմա մենք բոլորս մազից ենք կախված»։
Կոնվենցիայի վերամշակմանը մասնակցած իրավապաշտպան Ֆերիդե Աքարը պատմել է, որ միջազգային այս համաձայնագրից դուրս գալու մասին լուրն իրեն հուսահատեցրել է։ Նրա խոսքով, այդ փաստաթղթի հակառակորդները դեմ են երկրում կանանց վիճակի բարելավմանն ու ընտանեկան բռնության դեմ պայքարին։
Ստամբուլցի իրավաբան Ռեզան Էպոզդեմիրը, ով ներկայացնում էր ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հարազատների շահերը, որպես «սարսափելի» և «իրավաբանորեն սխալ» է որակել Անկարայի՝ համաձայնագրից իր ստորագրությունը հետ կանչելու որոշումը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Թուրքիայում կանանց շուրջ 40 տոկոսն իր կյանքում գոնե մի անգամ բռնության է ենթարկվում զուգընկերոջ կողմից։ Եվրոպայում այդ ցուցանիշը գրեթե կրկնակի փոքր է։ Վիճակագրությունից դուրս մնացած փաստացի թվերն էլ ավելի մտահոգիչ են․ վերջին 10 տարիների ընթացքում կանանց սպանությունների թիվը Թուրքիայում եռապատկվել է։ Միայն այս տարի ընտանեկան բռնության արդյունքում երկրում 78 կին է սպանվել։
Ստամբուլյան կոնվենցիան բաց էր ստորագրելու համար սկսած 2011 թվականին։ Թուրքիան առաջին երկիրն էր, որ ստորագրել ու վավերացրել էր այն։ Այժմ նաև առաջինն է, որ հետ է կանչել ստորագրությունը։
Ներկայումս ավելի քան 40 անդամ ունեցող փաստաթուղթն առաջին Եվրոպական համաձայնությունն էր, որ ուղղակիորեն վերաբերում էր կանանց իրավունքներին ու ընտանեկան բռնությանը։ Կոնվենցիայում ձևակերպված էին բռնության կանխարգելման, պաշտպանության ապահովման և քրեական պատշաճ հետապնդման նվազագույն ստանդարտները։
Էրդողանի պահպանողական իսլամական կուսակցության պատգամավորները պնդում են, որ այս համաձայնագիրը խարխլում է ավանդական ընտանիքի հիմքերն ու էլ ավելի խթանում ընտանիքում բռնությանը։ Կառավարությունը պնդում է, որ այժմ կանանց կպաշտպանի ազգային օրենքը՝ միջազգայինի փոխարեն։
Հայաստանը «Ստամբուլյան կոնվենցիային» միացել է 2018 թվականի հունվարին, իսկ ՀՀ նախկին կառավարությունը կոնվենցիան ստորագրելու հավանություն էր տվել դեռ 2017-ի դեկտեմբերի վերջին։ 2019 թվականին երկրում ակտիվորեն քննարկվում էր դրա վավերացման հարցը։
Կոնվենցիայի ընդդիմախոսները համակարծիք էին թուրքական կառավարության հետ․ պնդում էին, որ կոնվենցիան աղավաղում է կին և տղամարդ հասկացությունները, պառակտում է հայկական ավանդական ընտանիքը, հակասում է մեր ազգային արժեքներին։
Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումների ֆոնին, Հայաստանում շարունակվում էին ընտանեկան բռնության և կնասպանության դեպքերը։ Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպության տվյալների, 2019 թվականին Հայաստանում գրանցվել է կանանց սպանության 11 դեպք։ Նրանք բոլորը սպանվել են իրենց հարազատների՝ ամուսինների, զուգընկերների կամ որդիների կողմից։ Ցավալի զուգադիպությամբ, դեպքերից երկուսը գրանցվել են հուլիսի 18-ին և 19-ին՝ հենց այն օրերին, երբ ակտիվորեն քննարկվում էր Ստամբուլյան կոնվենցիայի հարցը։
Կոնվենցիայն վավերացնելու մասին քննարկումներն, այնուամենայնիվ, ավարտվեցին ընդդիմախոսների հաղթանակով։ Հայաստանը միջազգային այս փաստաթղթին դեռևս պաշտոնապես չի միացել։
Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի մասին շրջանառվող կեղծ թեզերի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։