Home / Առողջապահություն / Պետությունը շարունակում է թաքցնել զինծառայողների ոչպատերազմական մահերը

Պետությունը շարունակում է թաքցնել զինծառայողների ոչպատերազմական մահերը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2020 թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/ԼՂ զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը՝ դասակարգված ըստ պատերազմական գործողությունների հետ կապ ունեցող և դրանց հետ չառնչվող դեպքերի։ Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից:

Իրավապաշտպաններն առանձին անդրադարձել են 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անթաքույց և անմիջական աջակացությամբ, նաև վարձու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի թվին։ Եթե  համեմատենք ԱՀ/ԼՂ ՊՆ կողմից հրապարակված (3015), միայն լրատվամիջոցներով հրապարակված (104), և ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած անձանց (47) տվյալներով զոհվածների թիվը  ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած թվի (3621) հետ, պարզ է դառնում, որ  այս պահին 455 զոհվածների անուններ դեռևս չեն հրապարակվել ո՛չ պաշտոնապես, ո՛չ լրատվամիջոցներով։

Այսպիսով, չնայած անցել է արդեն հինգ ու կես ամիս պատերազմական գործողությունների ավարտից հետո, սակայն մինչ այժմ զոհվածների վերջնական թիվը հայտնի չէ։

ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում 2020 թ․-ին գրանցվել է պատերազմական գործողություններով չպայմանավորված 100 զինծառայողի մահվան ելքով դեպք։

Դրանցից 25-ը առողջական խնդիրների հետևանքով են, 22-ը՝ ավտովթարի,  18-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու17-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման9-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու, 1-ը՝ մեղվի խայթոցի, 1-ը՝ էթիլ սպիրտով թունավորման, 1-ը՝ տանը շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով), 4-ը՝ սպանության (2-ը՝ դիտավորյալ, 1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության), 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման1-ը՝ մարտական հերթապահություն/ ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ ականի պայթյունի:

2020 թ. մահացության 100 դեպքից միայն 44-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 56  դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

Նշված 56 դեպքերից 24-ի մասին առաջնային տեղեկատվությունը տարածվել է զանգվածային լրատվամիջոցներով, իսկ մյուս 32 դեպքի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնի է դարձել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ քննչական կոմիտեին ուղարկված տեղեկատվության հարցումների պատասխաններից:

Ընդ որում, պաշտոնապես չհրապարակված 56 դեպքերի թվում կան և՛ ծառայության հետ կապված (13), և՛ չկապված (42) մահվան դեպքեր, ինչպես նաև 1 դեպք, որի մասին հայտնի չէ՝ արդյոք այն կապված է զինծառայության հետ, թե ոչ:

Այսպիսով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ պաշտոնական մարմինները շարունակում են զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ նույնիսկ այն դեպքերում տեղեկություն չտրամադրել, երբ, ըստ իրենց գնահատման, դեպքերը կապված են զինվորական ծառայության հետ: 

2019 և 2020 թվականներին արձանագրված  մահվան դեպքերի պատճառները համեմատելով՝ արձանագրում ենք, որ 2020 թ․ 13-ով ավելացել են հրադադարի, գրեթե կրկնակի անգամ՝ 8-ով` ինքնասպանության, 12-ով` առողջական խնդիրների, 7-ով` դժբախտ պատահարների, 6-ով` ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը:

Ինքնասպանության և սպանության դեպքերը հիմնականում զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների խախտումների հետևանք են, ինչը նշանակում է, որ զինվորական կարգապահության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ չլուծված և խիստ մտահոգիչ: Բացի դրանից՝ զինված ուժերում ինքնասպանության և սպանության դեպքերի շարունակականությունը փաստում է այն մասին, որ նմանատիպ դեպքերով կամ չի իրականացվում պատշաճ ծառայողական քննություն, կամ  դրանց արդյունքում բացահայտված և արձանագրված խնդիրների կանխման, վերացման կամ լուծման ուղղությամբ քայլերը դեռևս արդյունավետ չեն:

2019 թվականի համեմատությամբ 2020 թ. ինքնասպանության (18) և սպանության (4) հետևանքով մահացության դեպքերը կազմում են ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի՝ համապատասխանաբար 22 %-ը և 5%-ը:

Հարկ է նշել , որ 2020 թ. ինքնասպանության 18 դեպքից 8-ը և սպանության 4 դեպքերից 2-ը  արձանագրվել են պատերազմական գործողությունների ընթացքում կամ դրանց ավարտից ընդամենը մեկ կամ մեկ ու կես ամիս անց: 

Հրադադարի ռեժիմի խախտման  հետևանքով մահացության 17 դեպքերից 8-ը տեղի է ունեցել մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունները, որից միայն 6-ը տեղի են ունեցել 2020 թ. հուլիսին Հաայստանի և Ադրբեջանի շփման գծում ծավալված մարտական գործողությունների ընթացքում:

Եվս 9 դեպք արձանագրվել է 2020 թ. դեկտեմբերին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև նոյեմբերի 10-ին հրադադարի հաստատման համաձայնագրի կնքումից հետո:

Անդրադառնալով ծառայության անվտանգության կանոնների պահպանմանը՝ հարկ է նշել, որ 2020 թվականի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել մահացության 1 դեպք:

2020 թ. առողջական խնդիրների հետևանքով արձանագրվել է զինծառայողների մահացության 25 դեպք, որոնցից 5-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, 20-ը՝ չկապված: Ընդ որում, զինվորական ծառայության հետ կապված են համարվել 3 պարտադիր ժամկետային զինծառայողների և 2 պայմանագրային զինծառայողների մահացության դեպքերը, իսկ չկապված՝ 10 պայմանագրային զինծառայողների, 8 սպաների, 1 պահեստազորայինի և 1 ենթասպայի մահացության դեպքերը:

Ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, առողջական խնդիրների հետևանքով մահացությունները նույնպես բավական մտահոգիչ են, նույնիսկ եթե դրանք պաշտոնապես համարվում են ծառայության հետ չկապված:

«ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը սահմանում է զինծառայողների սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային և բուժկանխարգելիչ միջոցառումները։

Սակայն վիճակագրական տվյալները թույլ են տալիս պնդելու, որ զինծառայողների խորացված և հսկիչ կամ կանխարգելիչ զննությունը պատշաճ չի իրականացվում, որի ապահովման դեպքում կարող են կանխվել այդ պատճառով մահացության դեպքերը:

Հարկ է նշել , որ առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերի թիվը 2020 թ.-ին աննախադեպ է, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում առողջական խնդիրների պատճառով մահացության դեպքերի առավելագույն թիվը եղել է 13՝ 2018 և 2019 թվականներին:

Անդրադառնալով զինծառայողների առողջական վիճակի հետ կապված խնդիրներին՝ ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակին եւ վիրուսի հետևանքով զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ լրատվամիջոցների ուսումնասիրությանը՝ հայտնի է դարձել այդպիսի 3 դեպք, սակայն 2021 թ․-ի մարտի 28-ին ՀՀ ԶՈԻ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ զինված ուժերում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 10 դեպք։

2020 թ. ավելացել են նաև ավտովթարի հետևանքով մահացության դեպքերը՝ 22 դեպք, որոնցից 14-ը  պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ չկապված իսկ մահվան 7 դեպքը՝ զինծառայության հետ կապված, 1 դեպքում հայտնի չէ՝ ավտովթարի հետևանքով արձանագրված մահվան դեպքը կապված է զինծառայության հետ, թե ոչ:

Փաստորեն, 2020 թ. տեխնիկական պատճառներով արձանագրված մահացության դեպքերը կազմում են մահացության ընդհանուր թվի 22 %-ը։

Ինչ վերաբերում է դժբախտ պատահարի հետևանքով մահացության դեպքերին, ապա արձանագրենք, որ 2020 թ. դրանք կազմում են ընդհանուր դեպքերի 9 %-ը:

Նշենք նաև, որ 2020 թ. դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել դեկտեմբեր ամսին՝ 21 դեպք: Ընդ որում նշված դեպքերի գերակշիռ մասը՝ 9 դեպք, տեղի են ունեցել  պատերազմական դրությունից հետո կնքված հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 5 դեպք գրանցվել է ավտովթարի, 3 դեպք՝ առողջական խնդիրների, և 2-ական դեպքեր՝ ինքանսպանության և զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով:

Նշենք նաև, որ 2020 թ․ դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել օգոստոս և հոկտեմբեր, հունիս և նոյեմբեր ամիսներին՝ համապատասխանաբար 12 և 9 դեպք, փետրվար, հուլիս և սեպտեմբեր՝ 7, հունվար՝ 6, մայիս՝ 5, մարտ՝ 3, ապրիլ՝ 2:

Մահացած 100 զինծառայողներից 33 պայմանագրային զինծառայողներ են, 23-ը՝ սպա, 21-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ, 17-ը՝ պահեստազորային, 4-ը՝ ենթասպա, 1-ը՝ ավագ ենթասպա, 1-ը՝ կամավորական։

Դիտարկելով մահվան դեպքերը ըստ պատճառի և մահացած զինծառայողների ծառայության տեսակի՝ նկատելի է, որ ժամկետային զինծառայողների շրջանում մահացության պատճառներն են ինքնասպանությունը (7), առողջական խնդիրները (3), ավտովթարը (3),զենքի օգտագործման կանոնների խախտումը (3), հրադադարի ռեժիմի խախտումը (3),սպանությունը (2)։

Պայմանագրային զինծառայողների մահացության պատճառների թվում են առողջական խնդիրները (11), ավտովթարը (9), դժբախտ պատահարները (7),  ինքնասպանությունը (5),  հրադադարի ռեժիմի խախտումը (1):

Սպաների մահվան պատճառ են հանդիսացել առողջական խնդիրները (8), ավտովթարը (6), հրադադարի ռեժիմի խախտումը (4), դժբախտ պատահարը (2), ինքնասպանությունը (1), ականի պայթյունը (1), սպանությունը (1):

Պահեստազորայինների մահվան պատճառ են հանդիսացել հրադադարի ռեժիմի խախտումը (9),ինքնասպանությունը (4), առողջական խնդիրները (2), սպանությունը (1), մարտական հերթապահություն/ ծառայություն կրելու կանոնների խախտման (1):

Ենթասպաների մահվան պատճառ են հանդիսացել առողջական խնդիրները (1), ավտովթարը (4):

1 կամավորականի մահվան պատճառ է հանդիսացել ինքնասպանությունը:

Կարող ենք արձանագրել, որ 2020 թ․ ինքնասպանության, առողջական խնդիրների և ավտովթարի հետևանքով մահվան դեպքեր արձանագրվել են թե՛ պարտադիր ժամկետային, թե՛ ժամկետային պայմանագրային զինծառայողների, թե՛ սպաների և  թե՛ կամավորների  շրջանում:

Ինչ վերաբերում է զինծառայության հետ կապված և չկապված դասակարգումներին, ապա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության՝ ՀՔԱՎ-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ զինծառայության հետ կապված են համարվել մահվան 96 դեպքից 55 -ը,  չկապված՝ 41-ը:  ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԱՎ-ին տրամադրել է տեղեկություններ միայն այն  61 զինծառայողների մահվան դեպքերի մասին, որոնց առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում իրականացվում է մինչդատական վարույթ:

Հարկ է նշել, որ ի պատասխան ՀՔԱՎ գրավոր հարցումների ՀՀ պաշտպանության նախարարությունը տրամադրվել է միայն 2020 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ տվյալներ՝ մերժելով հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, ինչը անհասկանալի է, քանի որ նույնաբովանդակ տեղեկատվության տրամադրումը տարբեր տարիներին ՀՀ ՊՆ կողմից դիտարկվել է տարբեր կերպ, բացի դրանից՝ 2020 թ.-ի առաջին կիսամյակում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ ՊՆ կողմից տրամադրվել է ըստ անունների՝ չմանրամասնելով պատճառները, մինչդեռ երկրորդ կիսամյակում մահացության բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվել է՝ համարելով այն ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկատվություն, այն դեպքում, երբ այդ տեղեկատվությունը տրամադրվել էր լրատվամիջոցներին։

Տեղեկանքը ներառում է նաև 2020 թվականի զինծառայողների  մահվան  փաստերով  հարուցված  քրեական գործեր։ Ըստ առկա՝ պաշտոնապես և ԶԼՄ-ներով տարածված տվյալների, ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում մահացության 100 դեպքերից 63-ի փաստով հարուցվել են քրեական գործեր ՀՀ ՔՕ –ի տարբեր հոդվածներով, որոնցից 56-ը գտնվում են նախաքննության փուլում,  4 դեպքի  փաստով հարուցված քրեական գործը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 1 դեպքով հարուցված քրեական գործով վարույթը կասեցվել է  անհաղթահարելի ուժի առկայության հիմքով, 2 դեպքով քրեական գործի ընթացքի մասին հայտնի չէ:

Մահվան մյուս 37 դեպքերից 9-ով  քրեական գործի հարուցումը մերժվել է: Նշված դեպքերից 8-ը ՀՀ գլխավոր դատախազության կողմից համարվել են զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքեր, 1-ը՝ կապված:

28 դեպքով հայտնի չէ, թե արդյոք հարուցվել են քրեական գործեր, թե ոչ, և եթե հարուցվել են, ապա ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածներով։ Դրանցից 27-ը Դատախազության կողմից համարվել են զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքեր, 1 դեպքի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին  հայտնի է դարձել ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված հարցումներից մեկի պատասխանից։

Տեղեկանքի ուշ հրապարակումը պայմանավորված է պատերազմական գործողությունների հետևանքով մահացությունների վերջնական թվի մասին տեղեկությունների ոչ ամբողջական լինելու պատճառով։

Ամբողջական տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ
Հավելվածը հասանելի է ԱՅՍՏԵՂ