Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ… և օրենքի ուժով արձակվեց։ Ֆորմալ բնույթ կրող այս գործողության նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հաղորդմամբ, մինչ նոր գումարման խորհրդարանի առաջին նիստն այս խորհրդարանը կշարունակի գործել իր լիազորությունների ողջ շրջանակով։ Ըստ նախնական տվյալների, արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։
Փաշինյանը, հիշեցնենք, ապրիլի 25-ին հրաժարական էր ներկայացրել։ Ըստ պայմանավորվածության՝ նա շարունակելու է պաշտոնավարել իբրև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Հրաժարականին հաջորդող երկու շաբաթների ընթացքում իշխող խմբակցությունը նրան երկու անգամ վարչապետի թեկնածու առաջադրեց, որպեսզի երկու անգամ չընտրի և, Սահմանադրության համաձայն, արձակվի։ Փաշինյանն առաջին անգամ վարչապետ չէր ընտրվել ԱԺ մայիսի 3-ի նիստին։