Home / Ազգային ժողով / Հաղթած Փաշինյանը կանչում է հանրահավաքի, Քոչարյանը ժխտման մեջ է

Հաղթած Փաշինյանը կանչում է հանրահավաքի, Քոչարյանը ժխտման մեջ է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական Պայմանագիրը»  հաղթել է ԱԺ արտահերթ ընտրություններում՝ ստանալով ձայների 53.92%-ը։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը ձայների բավականին մեծ տարբերությամբ երկրորդ տեղում է 21.04%-ով։

Երրորդ տեղում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ Ունեմ» դաշինքն է՝ 5.23%-ով։

Այս երեք ուժերը կմտնեն խորհրդարան։ Հարկ է նշել, որ չնայած «Պատիվ Ունեմ»-ը չէր հատել դաշինքի համար անհրաժեշտ 7%-ը՝ դաշինքը կմտնի խորհրդարան, քանի որ երրորդ ամենաշատ ձայն հավաքած ուժն է, իսկ ԱԺ֊ում պետք է պարտադիր լինի առնվազն 3 քաղաքական ուԺ։

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանը» այս անգամ խորհրդարան չի մտնի։ Կուսակցությունը ստացել է ձայների 3.96%-ը։ Ստանալով ձայների 1.22%-ը՝ ԱԺ֊ից դուրս մնաց նաև յոթերորդ գումարման ԱԺ-ի մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։

Արդյունքների հրապարակումից հետո ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝«Հայաստանում անշրջելիորեն փակված է ընտրությունների կեղծման էջը» և պնդել, որ Հայաստանում հունիսի 20-ին տեղի է ունեցել նոր՝ «պողպատյա հեղափոխություն»։ Բացի այդ՝ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։

«Ինչպես և պայմանավորվել ենք՝ այսօր, հունիսի 21-ին, ժամը 20.00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում, իրականացնելու ժողովրդի կողմից Պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողություն-հանրահավաքը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Հայաստանի ղեկավարը խոստացել է նաև, որ ՔՊ-ն կոնսուլտացիաներ կսկսի ընտրություններին մասնակցած «բոլոր առողջ ուժերի հետ»։

Ավելի ուշ ՔՊ առաջնորդը թվիթերյան իր էջում գրել է, որ ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվալների ՔՊ֊ն նորընտիր խորհրդարանում կունենա «սահմանադրական մեծամասնություն (առնվազն 71 պատգամավոր՝ 105-ից)» և  կառավարություն կձևավորի՝ Փաշինյանի գլխավորությամբ։

https://twitter.com/NikolPashinyan/status/1406851528216961026

Մինչ այդ՝ «Հայաստան» դաշինքը «վիճահարյույց է անվանել» ընտրությունների արդյունքները և չի շտապում ընդունել դրանք։

«Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին․․․Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները»,- ասված է Քոչարյանի դաշինքի հայտարարության մեջ: