Home / Կրթություն / Օմբուդսմենը խորացնում է բուհական ճգնաժամը․ գյումրեցի ուսանող

Օմբուդսմենը խորացնում է բուհական ճգնաժամը․ գյումրեցի ուսանող

Շիրակի պետական համալսարանի նոր ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Ղուկասյանը կապվել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ հիմնավորմամբ է Արման Թաթոյանը դիմում ուղարկել ՍԴ և ինչ հիմնավորմամբ է ՍԴ-ն կասեցրել պետական բարձրագույն ուսումնական 3 (ՇՊՀ, ԵՊՀ, Մանկավարժական համալսարան) հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։

Ըստ Ղուկասյանի Ֆեյսբուքում արված գրառման՝ հիմնավոր պատասխան նա չստացավ․ «Այսինքն բոլոր հարցադրումներս մնացին անպատասխան։

ՄԻՊ-ը՝ մինչև ՍԴ այս հարցով դիմում ուղարկելը, պետք է նաև բուհերի ակադեմիական հանրույթներից ճշտեր, թե ինչ վիճակ է տիրում կառավարման առումով այս երեք բուհերում և կատարեր մանրամասն ուսումնասիրություն տիրող ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։

Եթե Կառավարության որոշման կասեցման պատճառ է բերվում բուհերի ինքնավարության իրավունքի խախտումը և եթե իրոք Կառավարության այս որոշումը խախտում է այն, ապա լավ կլինի, որ ՄԻՊ-ը նաև ծավալուն գնահատական տար նախկին 25 տարիների ՀՀ կրթության համակարգի և բուհերի ինքնավարության վերաբերյալ։

Հասկանանք էլի, թե էդ ինքնավարությունը ո՞նց է լինում, ո՞նց է եղել ու ո՞նց պետք է լինի։

Ինչ վերաբերվում է Կառավարության որոշմանը, ապա ես կարող եմ ասել ՇՊՀ-ի Ուսանողական խորհրդի և ՇՊՀ-ի բազմաթիվ դասախոսների և աշխատակիցների անունից, որ մենք կողմնակից ենք Կառավարության կողմից առաջ բերված այս լուծմանը։ Եվ սպասում էինք, որ շուտով կհաստատվի ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, սակայն, ըստ էության, ՄԻՊ-ի գործողությունների արդյունքում բուհը շարունակելու է մնալ ճգնաժամի մեջ։

Բուհերի ինքվարությունից խոսելը անազնիվ է այն պարագայում, երբ այս երեք բուհերը գտնվում են խորը կառավարման և ակադեմիական ճգնաժամի մեջ ու Կառավարության առաջարկած լուծումը իրապես կհանգեցներ բուհերում տիրող ճգնաժամի հաղթահարմամը։

ՄԻՊ-ի անհասկանալի և/կամ կողմնակալ գործողությունները ոչ միայն չեն նպաստում բուհերում տիրող ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծմանը, այլ նաև վնասում են բուհերի առաջացմանն ուղղված քայլերին։

Հարգելի՛ ՄԻՊ,

ՇՊՀ-ն արդեն 8-9 ամիս չունի Հոգաբարձուների խորհուրդ, երեք տարի չունի ընտրված ռեկտոր, բուհում բոլոր բարձր պաշտոնները ՊԿ-ներ և ԺՊ-ներ են զբաղեցնում, բուհում շարունակվում է ակադեմիական և կառավարման ճգնաժամը։

Տեղյակ էիք այս մասին, թե՞ ոչ։ Թե՞ սա այդքան էլ հետաքրքիր չէ։

Խնդրում ենք և պահանջում ենք ՄԻՊ-ից՝ Սահմանադրական դատարանից հետ վերցնել այդ վնասաբեր դիմումը՝ նպաստելով բուհերում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը»։