Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որի ընթացքում «իր մտահոգությունն է հայտնել» Զասի՝ հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված վերջին հայտարարությունում հնչող ձևակերպումների կապակցությամբ։
Ըստ Գրիգորյանի՝ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանի որ «արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում Հայաստանի սուվերեն տարածքը», ինչը «բռնազավթման ակնհայտ փորձ է»։
ԱԽ քարտուղարը շեշտել է նաև, որ ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ «իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար»:
Զրույցի ավարտին Գրիգորյանը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:
Հուլիսի 3-ին Զասը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանային էսկալացիան «սահմանային միջադեպ» է (այլ ոչ ագրեսիա) և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին։
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», – նշել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանական զորքը մայիսի 12-ից Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, օրեր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է հայաստանցի վեց զինծառայող, որոնցից չորսը, սակայն, հետագայում վերադարձվել են։
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը մայիսի 13-ին պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահին՝ ռազմական օգնության համար:
Բացի այդ՝ մայիսի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել էր Երևանի միջազգային գործընկերներին, ինչպես նաև Ադրբեջանին՝ սահմանային լարվածությանը բանակցային լուծում տալու առաջարկով։ Փաշինյանն առաջարկել էր, որ երկու կողմերը հայելային կերպով հետ քաշվեն սահմանից, իսկ սահմանի երկայնքով տեղակայվեն ռուսական կամ միջազգային սահմանապահներ։
Հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատել էին, որ շուտով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածի երկայնքով տեղակայվելու են ռուս սահմանապահներ, իսկ երկու կողմերի զինուժերը հայելային եղանակով հետ են քաշվելու։