Home / Ոստիկանություն / Ղարաբաղում դատված Գուլիևը փողոց է դուրս եկել Բաքվում

Ղարաբաղում դատված Գուլիևը փողոց է դուրս եկել Բաքվում

2014 թվականին Ղարաբաղում 22 տարվա ազատազրկման դատապարտված և 2020 թվականի վերջին Բաքու վերադարձված Շահբազ Գուլիևն այսօր բողոքի ակցիա է իրականացրել Ադրբեջանի նախագահական նստավայրի դիմաց։

Գուլիևը պնդում է, որ չի կարողանում հաշմանդամության կարգ և վետերանի կարգավիճակ ստանալ, ունի բազում պարտքեր ու առողջական խնդիրներ, դիմել է տարբեր տեղեր, սակայն ոչ մի տեղ չեն օգնել։ Տղամարդն, իր խոսքով, չեն առաջարկել նաև համապատասխան աշխատանք։ Զբաղվածության ծառայությունը նրան առաջարկել է հավաքարարի աշխատանք՝ 160 մանաթ աշխատավարձով (45 600 դրամ)

«Ես բավարար փորձ չունեմ, զրկված եմ 130 մանաթ թոշակից։ Ես եմ այն մերժել։ Ես շուկա գնալիս էլ 130 մանաթ չեմ վճարում», – ասել է նա։

Ցույցի վերջում Գուլիևին տարել են ադրբեջանցի ոստիկանները, սակայն հետո ազատ են արձակել։

Հիշեցնենք՝ 2014 թվականի դեկտեմբերի 30֊ին ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասքերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար 22 տարվա և ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ։

Ղարաբաղի պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քելբաջարում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի այդ, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել 37-ամյա Կարինե Դավթյանին։ 

2020 թվականի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը վերադարձվել էին Ադրբեջան։ Մինչպատերազմական ընթացքում հայկական կողմը նրանց վերադարձի նախապայմանը մշտապես մերժում էր։