Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով, РБК-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ըմբռնում կա», որ ԵԱՏՄ անդամների միջև հաշվարկներում «անհրաժեշտ է շարժվել դեպի ազգային արժույթներ», և «ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա»։ «Կարիք չկա վճարման հնարավոր եղանակներից բացառել հայկական դրամը կամ ղազախական տենգեն։ Կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է համապատասխան միջավայր ստեղծեն, որպեսզի ազգային արժույթով վճարումներ կատարվեն փոխարժեքի տեսանելիությամբ կամ կանխատեսելիությամբ», – ընգծել է Քերոբյանը։
Ըստ նախարարի՝ վերջին մի քանի վճարումներն արդեն եղել են ռուբլով․ «գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով»։
«Իսկապես, արդեն մի քանի տարի է, ինչ «Գազպրոմը» Հայաստանին գազ մատակարարելու պայմանագիրը թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է», – իր հերթին հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
Մարտի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով նախատեսվում է, որ ռուսական գազն այժմ պետք է վաճառվի ռուբլով։ Բայց դա վերաբերում է միայն «ոչ բարեկամ» երկրներին, առաջին հերթին Եվրամիության անդամներին, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ։ Գազի դիմաց վճարելու համար արևմտյան երկրները ստիպված են լինելու ռուբլով հաշիվներ բացել Գազպրոմբանկում։
Հայաստանն իհարկե չի միացել պատժամիջոցներին, բայց մարտի 23-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ռուբլով հաշվարկների շուրջ․ «[Այս հարցը] քննարկվում է, քանի որ քննարկվում է նաև ԵԱՏՄ-ում մաքսատուրքերից արժույթի բաշխման հարցը։ Բնականաբար, երկրներն առաջարկում են, որ այս հարցի լուծմանը զուգահեռ լուծվեն ներմուծվող ապրանքների համար մեծածավալ արտահանվող արժույթի գործիքավորման հարցերը»։
«Ոչ բարեկամ» Եվրամիության երկրների առաջնորդները մայիսին կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են ընդհանուր գազի գնումներ իրակացնելու հարցերը։ Սա արվում է Ռուսաստանից բնական գազի գնումները աստիճանաբար դադարեցնելու նպատակով, գրում է Bloomberg-ը։
ԵՄ ղեկավարները արդեն մարտին պայմանավորվել էին շարժվել գազի համատեղ պահեստավորման և գնման ուղղությամբ: Որոշ եվրոպական երկրներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի նկատմամբ՝ կապված Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հետ, սակայն ԵՄ գազի մոտ 40%-ը մատակարարում է Ռուսաստանը:
ԵՄ որոշ կառավարություններ արդեն դիմում են երրորդ երկրներին՝ նոր գործարքներ կնքելու համար: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այս շաբաթ համաձայնագրեր է կնքել ալժիրյան և եգիպտական գազ ձեռքբերելու համար։