Home / Մարզեր / Աջ ծայրահեղական գործչի նախաձեռնությունը զայրացրել է Շվեդիայի մուսուլմաններին

Աջ ծայրահեղական գործչի նախաձեռնությունը զայրացրել է Շվեդիայի մուսուլմաններին

Արդեն չորս օր է՝ Շվեդիայի որոշ քաղաքներում շարունակվում են անկարգությունները։ Դրանք սկիզբ են առել այն բանից հետո, երբ աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդանի կազմակերպած հակաիսլամական ակցիաներին ի պատասխան մի շարք մուսուլմաններ դուրս են եկել փողոց։ Ոստիկանությունը հայտնում է շուրջ 13 վիրավորների և ավելի քան 26 ձերբակալվածների մասին։

Ապրիլի 17֊ին շվեդական Նորչեպինգ քաղաքում հակաիսլամական ցույցերի դեմ ցույց է անցկացվել, որը վերածվել է ոստիկանության հետ ընդհարումների։ Ակցիային մասնակցել է շուրջ 150 մարդ՝ հիմնականում երիտասարդ մուսուլմաններ․ ոմանք մեքենաներ են այրել և քարեր նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանությունը նախազգուշական կրակ է բացել, ինչի հետևանքով հավաքվածներից երեքը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Ուժայինները հայտնել են, որ նրանց ձերբակալված են համարում։

Նույնատիպ ակցիաներ են անցկացվել նաև շվեդական Լինչեպինգ և Մալմյո քաղաքներում և մայրաքաղաքի մերձակա շրջաններում։ Լինչեպինգում ընդհարումների հետևանքով 10 բնակիչ է տուժել, իսկ Մալմյոյում վիրավորների մասին չի զեկուցվում։ Ոստիկանությունը, սակայն, հայտնում է, որ ցուցարարները ավտոբուս, մեքենա և աղբարկղեր են այրել, քարեր և Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանության վրա։

Ակցիաները սկսվել են Stram kurs («կոշտ ուղղություն») հակաիսլամական կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանի կողմից քաղաքական արշավ կազմակերպելուց հետո։ Արշավի շրջանակներում նա Շվեդիայի տարբեր քաղաքներ էր այցելում՝ այնտեղ Ղուրանի այրման ցուցադրությամբ ուղեկցվող ակցիաներ անցկացնելու։ Իր արշավը  գործիչը հիմնականում համեմատաբար մեծաքանակ մահմեդական բնակչություն ունեցող շրջաններում է անցկացնում, հայտնում է FRANCE 24 միջազգային լրատվականը։

Ղուրանի դեմ Պալուդանի ակցիաները «քրոնիկական» բնույթ են կրում․ դեռևս 2019-ին նա բեկոնի մեջ փաթաթած Ղուրան էր այրել, որից հետո իր ֆեյսբուքյան էջը  մեկ ամսով արգելափակվել էր։

2020-ին նա փորձել էր Ղուրանի այրման ակցիաներ կազմակերպել նաև եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում և Բելգիայում։ Նույն թվականին Պալուդանը ազատազրկման էր դատապարտվել՝ Դանիայում, ի թիվս այլի, ռասսայական խտրականության հիմքերով կատարված հանցանքների համար։ Ավելի ուշ նա ձերբակալվել էր Ֆրանսիայում և արտաքսվել։

Այս տարի Պալուդանը մտադիր է Շվեդիայում սեպտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել, սակայն նա դեռևս չունի իր թեկնածությունն ապահովող ստորագրությունների անհրաժեշտ քանակը։