Բյուջեի եկամտային մասի գերակատարում, ԱԱՀ-ի վերադարձ տնտեսավարողներին, եկամուտների հայտարարագրում, բնակարանների ու մեքենաների անկանխիկ առուվաճառք և տնտեսության «լավատեսական վիճակ»։ Այս թեմաներով վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2021 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
Բյուջեի եկամուտներ, ԱԱՀ-ի ու պարտքերի վերադարձ
Ըստ վարչապետի՝ անցյալ տարի Հայաստանի անցյալ տարվա ընթացքում նախատեսվածից 147 միլիարդ դրամով ավելի շատ գումար է հավաքվել և փոխանցվել պետբյուջե։
«Տնտեսական աճի ցուցանիշը 2021 թվականին նախատեսվածից ավելի եղավ, 5.3 տոկոս տնտեսական աճ ունեցանք։ Ուզում եմ հիշեցնել, որ ի սկզբանե 3.1 տոկոս է նախատեսված եղել: Ուզում եմ հիշեցնել նաև 2021 թվականը, թե ինչ իրավիճակում ենք մենք եղել, և այս առումով կարևոր է ընդգծել, որ եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 միլիարդ դրամով։ Ի՞նչ նկատի ունենք գերակատարել ասելով, մենք նկատի ունենք, որ երբ 2020 թվականին ընդունվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված և տարվա ընթացքում մենք այդ եկամտային մասից նախատեսվածից ավելի եկամուտ ենք հավաքել»,- ասել է Փաշինյանը։
Պաշտոնյան հավելել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով 45 միլիարդ դրամով կգերակատարվի այն ցուցանիշը, որը ի սկզբանե նախատեսված է եղել պետական բյուջեով և հիշեցրել, որ եկամտային մասի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերել։
«Առաջին հերթին խոսքը պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որն այդ առումով մոտավորապես 24 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջեին»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի նշել է, որ կառավարությունը 2021-ի ընթացքում տնտեսավարողներին է վերադարձրել 146 միլիարդ դրամի ավելացված արժեքի հարկի գումար՝ 2017-ի 60 միլիարդի համեմատ և հավելել, որ ԱԱՀ-ն տնտեսավարողներին է վերադարձվում արտահանման պարագայում։
«ԱԱՀ-ի առանձնահատկություններից ելնելով՝ ներքին շրջանառության ընթացքում նաև գոյանում են դեբետային գումարներ։ Եվ 2021-ի ընթացքում 146 մլրդ դրամ մենք վերադարձրել ենք տնտեսավարողին: 2017-ին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ, 2017-ի նկատմամբ 140 տոկոսով ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ անցյալ տարվա ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից ստացված որևէ դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի։ Սա նշանակում է, որ ԱԱՀ-ի գծով պարտքի խնդիրն ընդհանրապես լուծել են։
«Երբ 2017-ին ընդունվել էր հարկային նոր օրենսգիրքը, կառավարությունն ասել էլ էր, որ նախկինում ունեցած պարտքերը դնում են մի կողմ և դրան չեն անդրադառնալու։ 2019-ին, երբ մենք արդեն բյուջեի եկամուտները գերակատարում էինք, որոշեցինք վերադարձնել ԱԱՀ-ի ժամկետանց դեբետները, որոնք կուտակվել էին անկախության առաջին օրերից սկսած: Այսինքն՝ դա, ըստ էության, հուսահատ պարտք էր, որ վերադարձրեցինք տնտեսավարողին»,-ասաց վարչապետը։
Վարչապետը նշել է նաև, որ հարկեր-ՀՆԱ առումով եղել է «աննախադեպ ցուցանիշ», երբ ՀՆԱ-ի 22.7 %-ը արձանագրվել է հարկային եկամուտների ձևով։
«Մենք միջնաժամկետում ունենք խնդիր՝ այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու նաև հարկային դրույքները նվազեցնելու ֆոնին, բայց մենք այդ խնդիրը դրել ենք և պետք է փորձենք լուծել»,-ասաց Փաշինյանը։
Բացի այդ, պետությունը նախորդ տարի վերադարձրել է 32 միլիարդ 640 միլիոն դրամ եկամտային հարկի գումար, որը 1250%-ով ավելին է, քան 2017 թվականին վերադարձվածը։
Վարչապետը հայտարարել է նաև, որ կառավարությունը նախատեսում է ֆիզիկական անձանց համար եկամուտների հայտարարագրման համակարգ ներդնել, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023-ի եկամուտների համար։ Հայաստանի քաղաքացիներն այսպիսով 2024-ից կսկսեն հայտարարագրել իրենց եկամուտները։
Քաղաքացիները եկամուտները կհայտարարագրեն, կանխկիկով տուն և մեքենա գնելը կարգելվի
Փաշինյանը Հայաստանի ընթացիկ տնտեսական վիճակը համարում է լավատեսական․
«Ընթացիկ տնտեսական վիճակը համարում եմ լավատեսական: Եվ ցուցանիշները նույնպես դա ցույց են տալիս, ինչն, ըստ էության, ոմանց համար կարող է զարմանալի թվալ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Բայց մեր տնտեսությունը նաև դիմակայունություն է ցույց տալիս։ Առաջին եռամսյակի տվյալներով մենք 8.6% տնտեսական իրական աճ ունենք, իսկ առաջին 4 ամիսների տվյալներով ունենք 9.4% տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը շատ լավատեսական ցուցանիշ է»,- ասել է նա։
Վարչապետը նկատել է նաև, որ դեպի Հայաստան ուղևորահոսքերն էականորեն աճում են․ «Եվ արդեն բավական լավատեսական ցուցանիշներ են ի հայտ գալիս. Հայաստան ժամանողների և մեկնողների սալդոն դրական է՝ հօգուտ ժամանողների»,-ասաց վարչապետը։
«Տնտեսական առումով, կարծում եմ, իսկապես լավատեսական իրավիճակ ունենք։ Շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ ի հեճուկս ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, ներքաղաքական որոշակի խնդիրների, մենք տնտեսական «կոլափս» չենք ունեցել՝ չնայած դա կանխատեսում էին, և կարող էր նույնիսկ տրամաբանական թվալ․․․Մենք կառավարություն ենք, որ, ըստ էության, տնտեսությունից չենք կորզում գումարներ, այլ ընդհակառակը հնարավորինս շատ գումար ենք վերադարձնում։ Ես ուզում եմ տնտեսական որոշակի դիմակայունության հարցում ընդգծել ստվերի կրճատումը, որն իր հերթին արդյունք է համակարգային կոռուպցիայի հաղթահարման։ Եվ մենք այսօր քաջալերում ենք, որ ավելի ու ավելի շատ գումարներ մտնեն տնտեսություն», – ասել է պաշտոնյան։
Հայաստանի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ շուտով բնակարան ու ավտոմեքենա հնարավոր կլինի գնել միայն անկանխիկ եղանակով։
«Օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում, որ, օրինակ՝ բնակարանի առքուվաճառք հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկով: Կամ՝ հնարավոր է լինելու իրականացնել, պարզապես հետագայում վիճարկվելու դեպքում այդ գործարքն իրավական ուժ չի ունենալու: Հետևաբար ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով: Բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով: Սա իր հերթին բերելու է լրացուցիչ ֆիսկալ էֆեկտների»,- ասել է վարչապետը: