Երկու տարի առաջ առևանգված չեչեն ընդդիմադիր Սալման Թեփսուրկաևը (1ADAT տելեգրամյան ալիքի մոդերատոր) սպանված է՝ պատմել է «Խոշտանգումների դեմ կոմիտեի» իրավաբան Օլգա Սադովսկայան։ Ավելի ուշ այս մասին հրապարակել է հենց 1ADAT տելեգրամյան ալիքը, հավելելով, որ Թեփսուրկաևին սպանել էին դեռևս 2020-ի սեպտեմբերին:
«Մենք վաղուց էինք ստացել նրա մահվան մասին լուրը, սակայն մինչև վերջ հույս ունեինք որ դա կեղծիք է և Սալմանը ողջ է։ Մեր պարտականությունն ենք համարում չթաքցնել ու պատմել այդ ժամանակահատվածում մեր հավաքած տեղեկությունը:
Առևանգվելուց հետո կադիրովականները Սալմանին բռնությամբ ստիպել են տեսախցիկի առաջ նստել շշի վրա, որից հետո մի քանի բեմադրված տեսանյութ են նկարահանել, որտեղ նա ազատորեն քայլում է Գրոզնիում․ բոլոր տեսանյութերը նկարել են 2020 թվականի սեպտեմբերի 7-ին։ Դրանից հետո նրան տարել են Գրոզնիից»։
Նկարահանված տեսանյութերը չեչեն ուժայինները տարածել են համացանցում։
Տելեգրամյան ալիքը գրում է, որ մոտ մեկ շաբաթ անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, չեչեն ուժայինները սպանել են Թեփսուրկաևին։ Վերջինիս տեղեկությամբ ակտիվիստին կապել են, բերանի մեջ նռնակ դրել ու տարածության վրա պայթեցրել․ սա տեղի է ունեցել ՌԴ պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի ծննդավայր Ջալկա գյուղում։
«Սալմանին ամբողջ շաբաթվա ընթացքում խոշտանգել են, նվաստացրել և վերջում սարսափելի ձևով սպանել, սակայն զզվելի կադիրովական հանցագործների համար դա էլ էր քիչ։ Մարմինը հարազատներին փոխանցելուց ասել են, որ նրան «շան նման թաղեն»։ Սալմանի մարմինը թաղված է անանուն գերեզմանում»։
Չեչնիայի ակտիվիստները հաճախ են հայտարարում առևանգումների և խոշտանգումների մասին, երբ իրենց կասկածում են ADAT շարժման հետ կապեր ունենալու մեջ։
2021-ին «Խոշտանգումների դեմ կոմիտեի» աշխատակից Աբուբաքար Յանգուբաևը պատմել էր, որ նրա 40 հարազատների առևանգել են։ 2022-ի հունվարին Նիժնի Նովգորոդում չեչեն ուժայինները մտել էին նրա հոր՝ նախկին դատավոր Սայդի Յանգուբաևի տուն և առևանգել նրա մորը, ում մինչև հիմա չեն վերադարձրել։ Նախկին դատավորին չեն առևանգել անձեռնմխելիության կարգավիճակի շնորհիվ։ Ավելի ուշ Յանգուբաևի ընտանիքի նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, իսկ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը ինստագրամյան ուղիղ եթերով խոստացել է Յանգուբաևների «գլուխները կտրել»։