Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան, պաշտպանության նախարարը՝ Միացյալ Նահանգներ։ Մոսկվայում նախատեսված է ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը։ ԱՄՆ-ում տեղի ունենալիք հանդիպումների մասին Երևանը դեռևս ոչինչ չի հաղորդում։
Հայաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում կքննարկվեն «տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր»։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց էին ունեցել սեպտեմբերի 2-ին՝ Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան բանակցություններից երկու օր անց։ Քննարկել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները, անդրադարձել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ «Պայմանավորվել առաջիկայում շարունակել շփումները»։
Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունից էլ հաղորդեցին, որ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Սա նախարար Պապիկյանի առաջին այցն է Միացյալ Նահանգներ։ Թե ինչ հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ-ում՝ Հայաստանի ՊՆ-ն չի մանրամասնել։
Բրյուսելյան բանակցությունների «կամայական մեկնաբանությունները»
Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը՝ շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Բրյուսելում օգոստոսի 31-ին տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ «որոշ շահարկումներին»։
Սրանից մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի շուրջ ԱԳ նախարարների գործնական բանակցությունները հիմնված են լինելու Բաքվի ներկայացրած 5 սկզբունքների վրա, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանազատում և հաղորդակցությունների բացում։
«Այս սկզբունքներն Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին, և Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվել է նաև երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ», – ասել է Իլհամ Ալիևը՝ հույս հայտնելով, որ մի քանի ամսվա ընթացքում կողմերին կհաջողվի ավարտին հասցնել աշխատանքը և խաղաղության պայմանագիր կնքել։
Միրզոյանը հակադարձել է՝ հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի առաջարկած 5 կետերի վերաբերյալ անփոփոխ է, այդ առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք «չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը»:
Ավելի վաղ Երևանը նշել էր, որ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։ Վերոնշյալ խնդիրները որևէ կերպ արտացոլված չեն Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներում։
Արարատ Միրզոյանը օգոստոսի 3-ին վերահաստատել է՝ ամիսներ առաջ Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին է փոխանցել «լրացված օրակարգը»՝ հայտարարելով, որ հենց այդ հենքի, այսինքն՝ Ադրբեջանի հրապարակած սկզբունքների և Հայաստանի ներկայացրած լրացումների, վրա են պատրաստ շարունակել խաղաղության բանակցությունները։
Արտգործնախարարի հավաստիացմամբ՝ այս մոտեցումը ևս մեկ անգամ վերահաստատել է վարչապետ Փաշինյանի կողմից՝ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ։ «Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին՝ բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը», – ասված է արտգործանախարարի մեկնաբանությունում:
Օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև 4-ժամանոց հանդիպուման ընթացքում կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են ԱԳՆ-ների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։ Հայտարարվել էր, որ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում։
Բրյուսելյան բանակցությունները այսուհետ ֆորմալ բնույթ են կրելու
Բրյուսելում տեղի ունեցած վերջին բանակցույթունները, ըստ ամենայնի, առարկայական որևէ արդյունք չեն ունեցել։
Քաղաքագետ Բենյամին Պողոսյանի կարծիքով, ապրիլի 6-ի, մայիսի 22-ի և օգոստոսի 31-ի հանդիպումներին հաջորդած Շառլ Միշելի հայտարարություններից երևում է, որ վերջին բանակցույթւոններում «առաջընթաց կամ չի եղել, կամ եղել է բավականաչափ քիչ»։
«Նախ՝ խաղաղության պայմանագրի մասով․ առաջին անգամ դրա մասին խոսվեց ապրիլի 6-ի հայտարարության մեջ։ Նշվեց, որ ԱԳ նախարարներն իրենց թիմերով պետք է սկսեն մոտ ապագայում աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա։ Դրանից հետո մենք տեսանք մի քանի հեռախոսազանգեր արտգործնախարարների միջև, մայիսի 22-ին նորից շեշտվեց, որ աշխատանքները շարունակվելու են, դրանից հետո եղավ ԱԳ նախարարների ընդամենը մեկ հանդիպում ՝ հուլիսի 16-ին, Թբիլիսիում։ Հաշվի առնելով, որ այդ հանդիպումից ընդամենը 2 շաբաթ անց մենք ականատես եղանք ռազմական էսկալացիայի (օգոստոսի 1-ին, օգոստոսի 3-ն), հասկանալի է, որ դժվար թե կարելի է մեծ հաջողություն համարել հուլիսի 16-ի հանդիպումը։
Հիմա եթե նայում ենք օգոստոսի 31-ի հայտարարությունը, նշվում է, որ առաջիկա մեկ ամսում արտգործնախարարները պետք է հանդիպեն և քննարկեն տեքստեր։ Եթե դիտարկում ենք ընդհանուր պրոցեսի մեջ, ապա հասկանալի է, որ այդ մասին խոսվում է արդեն չորս-հինգ ամիս, սակայն լուրջ առաջընթաց չկա, էլ ավելի հստակ չէ վիճակը կոմունիկացիաների հետ կապված։ Եթե զուտ կոնտենտ վերլուծություն ենք անում Շառլ Միշելի հայտարարությունների, ապա, իմ գնահատմամբ, այս հանդիպման ընթացքում առավել քիչ առաջընթաց է ձեռքբերվել, եթե ընդհանրապես առաջընթաց ձեռք բերվել է», – «Ազատության» տաղավարում նշել էր Պողոսյանը։
«Բրյուսելյան հարթակում բանակցությունները այսուհետ սոսկ ֆորմալ, տեքստային բնույթ են կրելու։ Որևէ նոր բովանդակային օրակարգ դրանք չեն ունենալու, ինչը, բնականաբար, հիասթափեցնող է և Շառլ Միշելի, և ամբողջ Եվրամիության, և այս գործընթացում դրա հետեւում կանգնած ԱՄՆ-ի համար։ Թեպետ այլ իմաստով, բայց Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում առաջացնում է նաև ՌԴ-ի մտահոգությունը. եթե Վաշինգտոնի ու Բրյուսելի (հետևաբար նաև Փարիզի) դժգոհությունը պայմանավորված է արդյունքի առարկայական չլինելով, ապա Մոսկվան շահագրգռված էր լիակատար ձախողման մեջ, ինչը նույնպես տեղի չունեցավ», – գրել էր փորձագետ Բորիս Նավասարդյանը։
Նշենք, որ Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպման նախաշեմին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե «Երևանի և Բաքվի միջև առարկայական բանակցություններն ընթանում են Մոսկվայի, այլ ոչ թե Բրյուսելի միջնորդությամբ»։ Եվրամիությանը նա մեղադրրել էր «միջնորդության դափնիները յուրացնելու» փորձի մեջ։
«Փաստորեն, [բրյուսելյան] հարթակում գործընթացից բավարարված չեն Մինսկի խմբի երեք համանախագահներն էլ։ Այսինքն, դրանից շահում է Բաքուն, որը մերժում է ՄԽ-ի գոյությունը, միեւնույն ժամանակ եռակողմ (Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան) ձեւաչափով դանդաղ, սակայն հետեողականորեն, որոշակի փոխզիջումների գնալով ՌԴ-ի (ոչ թե ՀՀ-ի) հետ, առաջ է տանում իր նպատակները։ Հետեւաբար, որոշ չափով բավարարված է Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիան, իսկ Ռուսաստանը կարող է որպես սփոփանք դիտարկել այն, որ մոսկովյան հարթակում, ի տարբերություն բրյուսելյանի, կա պրակտիկ հարցերի լուծման (լավ թե վատ՝ առանձին հարց է) միտում։ Ենթադրում եմ, որ, եթե Եվրամիությունը ակնկալեր նման արդյունք, Շառլ Միշելի բարձր մակարդակով նախաձեռնությամբ հանդես չէր գա․․․», – հավելել էր Նավասարդյանը։