Home / Բանակ / Ռուսաստանը հրթիռակոծել է հումանիտար շարասյունը․ կա առնվազն 25 զոհ

Ռուսաստանը հրթիռակոծել է հումանիտար շարասյունը․ կա առնվազն 25 զոհ

Սեպտեմբերի 30-ին ռուսական զորքերը հրթիռակոծել են Զապորոժիեից դուրս եկող քաղաքացիական հումանիտար ավտոշարասյունը։ Զոհվել է առնվազն 25, վիրավորվել՝ 50 մարդ, հաղորդում է մարզի ռազմական վարչությունը։

«Մարդիկ հերթ էին կանգնել՝ գնալու Զապորոժիեի ժամանակավորապես օկուպացված տարածքներ՝ իրենց հարազատներին վերցնելու և օգնություն տանելու համար», – ասել է Զապորոժիե մարզի ռազմական օկրուգի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։ 

Հրթիռները արձակվել են Վասիլևկա քաղաքի անցակետի մոտակայքում։ Այն միակ աշխատող անցակետն է, որով անցնում են քաղաքացիական ավտոմեքենաները՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք մուտք գործելու համար։

Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը պարզաբանում է, որ մարդիկ պարբերաբար մեկնում են ռուսական զորքերի կողմից գրավված քաղաքներ և գյուղեր, որպեսզի «աջակցեն իրենց հարազատներին, կենսական դեղամիջոցներ փոխանցեն խաղաղ բնակչությանը և հետ վերադառնան»:

Զապորոժիեն՝ Զապորոժիեի մարզի մայրաքաղաքը, գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Տարածաշրջանի մի մասը օկուպացված է ռուսական զորքերի կողմից։ Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անկախությունը ճանաչելու մասին։ Սպասվում է, որ մի քանի ժամից նա կստորագրի այդ մարզերը Ռուսաստանին միացնելու մասին փաստաթղթերը։