Եթե Հայաստանը «բարի կամք ցուցաբերի», խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ կարող է ստորագրվել, Ղարաբաղի հարցի մասին այնտեղ «խոսք լինել անգամ չի կարող»՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը։
Պրահայում տեղի ունեցած քառակողմ բանակցությունների ավարտին երեկ հայտարարություն է ընդունվել․ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայտարարությունում ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձ չկա։
Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները սկսվել են հոկտեմբերի 2-ին։ Արտգործնախարարների ժնևյան բանակցությունների նախաշեմին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ բացառված չէ, որ հաշտության համաձայնագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել։ «Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով», – նշել էր Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը համաձայնի ճանաչել Հայաստանինը՝ հիմք ընդունելով 1991 թվականի դեկտեմբերի 18-ի ԱՊՀ համաձայնագիրը։
Պարահայում տեղի ունեցած քառակողմ բանակցությունների առաջին փուլից հետո Ադրբեջանի նախագահը հարցազրույց է տվել և ասել, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև այս տարվա վերջ։
«Մեր կողմից ներկայացված 5 սկզբունքների հետ կապված հարցեր ոչ ոք չունի՝ ոչ հայկական կողմը, ոչ Եվրոպական Միությունը։ Դա բնական է։ Մենք որևէ նոր բան չենք հորինել։ Սա այն սկզբունքներն են, որոնց վրա հիմնվում են կարգավորման գնացող պետությունների միջև հարաբերությունները։
Ինչ վերաբերում է մեր ներքին հարցերին, բնականաբար՝ խաղաղության պայմանագրի մեջ այդ մասին խոսք անգամ լինել չի կարող։ Թե ինչպես է կազմակերպվելու Ղարաբաղի հայ բնակչության կյանքը՝ առանձին պատմություն է։ Մենք նախատեսում ենք ինտենսիֆիկացնել ներքաղաքական բլոկի միջև խորհրդատվությունները և շարունակել ոչ ֆորմալ շփումները Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ։
Պետք է նշեմ, որ այդ շփումներն արդեն որոշ ժամանակ ընթանում են։ Կարծում եմ, դրանք կբերեն ընբռնման հիմնական բնակչության կողմից, որը դեռևս ապրում է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որ այլ ճանապարհ, քան ինտեգրվել ադրբեջանական հասարակությունում, չկա։ Ով համարում է, որ պետք է ապրի որպես Ադրբեջանի քաղաքացի, կարծում եմ՝ չի զղջա։ Եթե որևէ մեկին դա որևէ պատճառով չի գոհացնում, նա կարող է ընտրել այլ բնակության վայր։
Խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները պետք է հնարավորինս շուտ պարաֆիկացվեն, այդ սկզբունքների հիման վրա պետք է սկսվի պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը։ Ես վստահ եմ, որ դրան հնարավոր է արագ հասնել։ Չեմ կարծում, որ դա ինչ-որ բազմահատոր է լինելու, խոսքը բավականին կոմպակտ մի փաստաթղթի մասին է՝ բաղկացած մի քանի կետերից, որոնք միջազգային իրավունքի, միջազգային փորձի շրջանակներում սահմանում են համագործակցության պարամետրերը», – հայտարարել է Ալիևը։
Հիշատակված 5 սկզբունքները Բաքուն հանրայնացրել էր ամիսներ առաջ։ Երևանը՝ ընդունելով դրանք, սեփական լրացումներն էր ներկայացրել։ Հայկական կողմի առաջարկները վերաբերում էին նախևառաջ Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը։ Վերջին հարձակումից հետո հայաստանցի պաշտոնյաների շեշտադրումները փոխվել են, նրանք այլևս չեն բացառում, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն առանձնացվի Ղարաբաղի հարցից»։
Ալիևը երեկ կրկին շեշտել է՝ Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներն են, և Ադրբեջանը մտադիր չէ նրանց ապագան քննարկել այս կամ այն երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ․ «Հայերը ունենալու են նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Նրանք կարող են վստահ լինել, որ իրենց կյանքը՝ ադրբեջանի հայասրակությանն ինտեգրված կյանքը, շեշտակի ավելի լավը կլինի, քան հիմիկվանը»։
Արձագանքելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Ալիևը հայտարարել է, թե «հայկական զինված խմբավորումները» մինչ այժմ դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղից․ «Ճիշտ է, մի մասը հանվել է, բայց նրանք դեռ շարունակում են մնալ մեր հողում։ Հուսով եմ, որ սրան ևս վերջ կդրվի»։
Հիշատակվել է նաև ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Ադրբեջանի ղեկավարը կարծիք է հայտնել, թե դա «մի բան չէ, որ պետք է լինի հնարավոր խաղաղության պայմանագրի մաս»։
Չնայած «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունն այս անգամ չի հիշատակվել, Ալիևը Հայաստանին մեղադրել է 2020-ի նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունը խախտելու և «դեպի Նախիջևան ինքնակամ ավտոճանապարհ տալուց հրաժարվելու» մեջ։
Սրան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատել եմ մեր առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները։ Ադրբեջանը դրական չի արձագանքել։ Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ մեր ինքնիշխանության և օրենսդրության լիարժեք հարգանքի հիման վրա», – թվիթերի իր էջում գրել է Հայաստանի ղեկավարը։
Առաջիկա բանակցությունների վերաբերյալ, ըստ Ալիևի, արդեն իսկ կան որոշակի պայմանավորվածություններ։ Դելիմիտացիայի հարցով կողմերը կհանդիպեն մինչև այս ամսվա վերջ՝ Բրյուսելում, առաջնորդների մակարդակով ևս մեկ հանդիպում կունենան հաջորդ ամիս՝ կրկին Եվրամիության մայրաքաղաքում։ Արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամկետները դեռևս չեն համաձայնեցվել։
Արտաքին լսարանին ուղղված Ադրբեջանի հայտարարությունները 2020 թվականից հետո ավանդապես տարբերվում են ներքին լսարանի համար նախատեսված ելույթներից․ միջազգային հարթակներում խոսվում է հիմնականում «իրավական» լեզվով, ներսում գերակայում են սպառնալիքները։